907 ԱՆԳԱՄ ՉԱՓԻՐ, ՄԵԿ` ԿՏՐԻՐ



Ադրբեջանի նկատմամբ կիրառվող Միացյալ նահանգների տնտեսական պատժամիջոցները կմեղմացվեն: Այս առթիվ Բաքվում հաղթանակ են տոնում: Սակայն տեղի՞ն է արդյոք խոսել հաղթանակի մասին, եթե «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղմանն ընդդիմացող կողմը բոլորովին էլ Ադրբեջանը չէր:
Ակնհայտ է, որ հայկական լոբբինգի ներկայացուցիչները եւ նրանց հետ համագործակցող կոնգրեսականները ստիպված եղան զիջումների գնալ ո'չ թե Բաքվի, այլ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում ընթացող գլոբալ քաղաքական գործընթացների ազդեցության տակ: Ադրբեջանը 9 տարի պայքարեց պատժամիջոցի վերացման համար եւ, փաստորեն, արդյունքի չհասավ: Իրավիճակը բեկվեց միայն այն ժամանակ, երբ 907-րդ ուղղումը սկսեց խանգարել նրանց, ում հանձնարարված էր հստակեցնել Ամերիկայի շահերը:
PanARMENIAN.Net - Ընդհանրապես կոնգրեսականները ամերիկյան վարչակազմի շահը տարբերում են Ամերիկայի շահից: Սակայն ստեղծված իրավիճակում Սպիտակ տան հավանությանն արժանացած նախաձեռնության դեմ հանդես գալը կնշանակեր խոչընդոտել ծավալած հակաահաբեկչական գործողություններին: Չէ՞ որ հայտնի է, որ Պետդեպարտամենտը եւ Պենտագոնը պատժամիջոցի մեղմացման նպատակահարմարությունը հիմնավորում էին նրանով, որ այն «նախագահին թույլ կտա առավել ճկուն լինել ահաբեկության դեմ քաղաքականությունն իրականացնելիս» (PanARMENIAN.Net 10.10.2001):
Պատժամիջոցի վերացման նպատակահարմարությունը Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում քննարկվել է տասն անգամ, սակայն կոնգրեսականները մշտապես եկել են այն եզրակացության, որ բարոյական չէ օգնություն տրամադրել մի երկրի, որը զավթողական գործողություններ է իրականացնում հարեւան երկրների նկատմամբ: Ամերիկյան օրենսդիրների այս դիրքորոշումն այսօր էլ չի փոխվել: Դրա վկայությունն հենց այն է, որ կոնգրեսականները չէին համաձայնում քննարկել 907-րդ ուղղման վերացման հնարավորությունը, որը վարչակազմին արգելում էր անմիջական օգնություն ցույց տալ Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի վերացրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Իրականում խոսքը պատժամիջոցի վերացման մասին չէր: Բանավեճի առարկան ընդամենը այն էր, թե կարելի՞ է արդյոք նախագահին ժամանակավոր հնարավորություն տալ արտակարգ իրավիճակներում ուղղմամբ արգելված գործողություններ ձեռնարկել: Նույնիսկ 907-րդ ուղղման ամենաարմատական հակառակորդ ադրբեջանամետ սենատոր Սեմ Բրաունբեքը ի սկզբանե գիտակցում էր, որ պատժամիջոցի ամբողջական վերացման գաղափարը հեռանկար չունի: Ադրբեջանի դեմ 1992 թվականին մտցված պատժամիջոցները լիովին վերացնելու համար Կոնգրեսի վրա ճնշում գործադրելն իրատեսական չէ»,- Սենատում ելույյթ ունենալիս խոստովանել է նա (PanARMENIAN.Net 12.10.2001):

Հեռանկարները սթափ էին գնահատում նաեւ Բաքվի որոշ քաղաքական գործիչներ: Օրինակ, Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Էլդար Նամազովը դեռ երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ խոսք կարող է լինել միայն 907-րդ ուղղման գործողությունների վրա ժամանակավոր վետո դնելու մասին: «Հնարավոր է` պատժամիջոցները կասեցվեն մեկ տարով»,- պնդել է նա: («Զերկոլո», 18.10.2001):
Քարոզչական բնույթի տեղեկատվական հսկայական հոսքում, որով հեղեղված է ադրբեջանական մամուլը, այսօր էլ նկատելի են որոշ առողջ գնահատականներ: Օրինակ, «Էխո» թերթը գրում է, որ «ամերիկացիների մատուցած նվերն իրականում անակնկալ էր: Ինչպես տեսնում ենք, փաստաթուղթն Ադրբեջանին պարտավորեցնում է ղարաբաղյան հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով («Էխո», 26.10.2001): Այս փաստից մտահոգված հոդվածագիրն ավելի է տխրում` նկատելով, որ 907-րդ ուղղման վրա վետո դնելու հնարավորությունը նախագահին տրված է միայն մեկ տարով: «Սա նշանակում է, որ սկզբունքային որոշման, այսինքն` պատժամիջոցի ամբողջական կասեցմանը եւ այն փաստի ընդունմանը, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցի կիրառումը իրավացի չէր, մենք այդպես էլ չհասանք: Սենատն այս փաստաթուղթն ընդունեց միայն, որովհետեւ Ադրբեջանին նյութական եւ ռազմական օգնություն տրամադրելը տվյալ պահին ձեռնտու էր հենց Ամերիկային: Մի խոսքով, մենք ֆինանսական օգնության հասանք միայն մեկ տարով, այն էլ` որոշակի վերապահումներով,- նշվում է հոդվածում: «Ամերիկյան օրենսդիրների համար առավել կարեւոր եղավ հայերի համաձայնությունը ձեռք բերելը»: Սա հոդվածագրի հիմնական եզրահանգումն է: Հայրենակիցների մեծ մասի ոգեւորությունը չի կիսում նաեւ Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն: Նրա կարծիքով, Սենատի որոշումը «ոչ թե մեծ հաղթանակ, այլ` միայն որոշակի հաջողություն էր, քանի որ այդ քայլը հենց Ամերիկայի շահերից էր բխում» («Զերկալո» 26.10.2001): Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ սթափ դատող ադրբեջանական գործիչները համաձայնում են Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ, որն հայտարարեց, թե «տեղի չտալով 907-րդ ուղղման ամբողջական կասեցումը պնդող Ադրբեջանի պահանջներին` ԱՄՆ-ի վարչակազմը եւ Սենատը, ըստ էության, համաձայնեցին պահպանել ուղղումը` փոփոխելով միայն այնքանով, որքանով դա անհրաժեշտ էր ահաբեկության դեմ պայքարին» (PanARMENIAN.Net 26.10.2001):

Սենատորները պահպանեցին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումը դատապարտող ուղղումը: Պատժամիջոցի մեղմացման հարցը լուծվեց «2002 թվականին արտերկրյա գործողություններին ուղղված բյուջետային հատկացումների մասին» օրենքում հատուկ կետի ընդունմամբ: Հենց այս կետում շարադրվեցին այն բոլոր պայմանները, որոնց պահպանման դեպքում միայն նախագահը կկարողանա օգտվել 907-րդ ուղղման գործողությունների ժամանակավոր կասեցման իրավունքից: Պայմաններից մեկն այն է, որ Միացյալ նահանգների ցուցաբերած օգնությունը «չխոչընդոտի Ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին եւ, որ այդ օգնությունը Ադրբեջանը չօգտագործի Հայաստանի վրա հարձակվելու նպատակով» (PanARMENIAN.Net 25.10.2001): Սենատի որոշմամբ հաստատված սահմանափակումներն հայկական լոբբինգի ակտիվ գործունեության արդյունքը եղան: Կոնգրեսում Հայկական ասամբլեայի եւ Հայկական ազգային կոմիտեի համակիրների թիվն օրեցօր աճում է: Բոլորովին վերջերս կոնգրեսի «հայկական խմբի» կազմը համալրեց թվով 107-րդ պառլամետականը (PanARMENIAN.Net 08.10.2001): «Հայկական խմբի» ջանքերի շնորհիվ ադրբեջանամետ Սեմ Բրաունբեքի պատրաստած թիվ 1521 օրինագիծը չներկայացվեց Սենատի քննարկմանը: Օրենսդիրների դատին հանձնվեց սենատոր Միտչ Մակենելլի մշակած մեկ այլ, առավել մեղմ ձեւակերպված փաստաթուղթ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռիչարդ Արմիտաջեի հետ հեռախոսային զրույցում այս առիթով իր դժգոհությունն է հայտնել Հեյդար Ալիեւը: Մինչդեռ Մակենելլը շեշտում է, որ իր նախաձեռնությունը ոչ մի դեպքում չպետք է ընկալվի, թե Միացյալ նահանգները հաշտվել է Հայաստանի եւ Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի իրականացրած շրջափակման հետ: «Ցանկանում եմ Սենատին եւ իմ գործընկերներին հայտնել, որ կուզեի առաջընթաց տեսնել Հայասատանի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի իրականացրած շրջափակման վերացման հարցում: Այդ երկրներին կոչ եմ անում գիտակցել նման քայլերի անհրաժեշտությունը եւ դրանց ողջ կարեւորությունը»,- 907-րդ ուղղման հարցի լսումների ժամանակ հայտարարել է սենատորը (PanARMENIAN.Net 29.10.2001):

Փաստ է, որ աշխարհում ձեւավորված աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի շնորհիվ` Ալիեւը վերջիվերջո ստացավ առնվազն իր ցանկացածի մի մասը: Գրեթե ոչ ոք չի կասկածում, որ եթե սեպտեմբերի 11-ի հրեշավոր ահաբեկությունը չլիներ, Ադրբեջանը լուռ կհանդուրժեր 907-րդ ուղղման ողջ ծանրությունը: Այնուհանդերձ, հակաահաբեկչական գործողություններից շահեց ոչ միայն Ադրբեջանը:
Աֆղանստանում ծավալված պատերազմն Ամերիկային ստիպեց հրաժարվել Պակիստանի դեմ կիրառած պատժամիջոցներից, երկիր, որը նույնպես կոպտորեն խախտում է միջազգային նորմերը: Պակիստանի դեպքում ամեն ինչ հասկանալի է: Էմբարգոյի վերացումը անհրաժեշտ քայլ էր, քանի որ հսկայական է այդ երկրի դերը հակաահաբեկչական գործողություններում: Առանց Իսլամաբադի աջակցության անհնար կլիներ պատերազմ սկսել, առավել եւս` հաղթել: Այս իմաստով Բուշը չի կարող չգնահատել գեներալ Մուշարաֆին եւ նրա վարչակարգի հանդեպ որոշ զիջումներ չանել: Այլ է Ադրբեջանի պարագայում: Միամիտ կլիներ կարծել, որ այս երկրի մասնակցությունը հակաահաբեկչական դաշինքին այնքան մեծ նշանակություն ունի Ամերիկայի համար, որ հանուն Բաքվի աշխարհագրական դիրքի` ԱՄՆ-ը որոշել է հրաժարվել որդեգրած սկզբունքներից: Ռազմավարական տեսանկյունից Ադրբեջանն այնքան էլ կարեւոր տեղ չի զբաղեցնում: Վերջին հաշվով, Ադրբեջանն ամերիկյան զինվորականներին կարող է օգտակար լինել միայն իր օդային տարածքների տրամադրմամբ: Բայց տեղին է նշել, որ ամերիկացիներին օդային միջանցքներ տրամադրել են նաեւ Վրաստանը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը: Այսինքն, Թուրքիայից Աֆղանստան թռչող ինքնաթիռների համար հույժ կարեւոր չէ օգտագործել Ադրբեջանի օդային տարածքը: Սա նշանակում է, որ Ադրբեջանը սոսկ շղթայի ավելորդ օղակ է: Այսպիսով, ակնհայտ է, որ Բաքվի հավատարմությունը ամերիկացիներին ռազմական տեսանկյունից այնքան էլ անհրաժեշտ չէր: Դժվար է անգամ հավատալ այդ նվիրվածությանը, երբ կարդում ենք, որ տեղի մահմեդականները Աֆղանստանում Վաշինգտոնի գործողություններն անվանում են ահաբեկություն եւ սպառնում են «զանգվածային հակաամերիկյան գործողություններով» (PanARMENIAN.Net 18.10.2001): Այս դեպքում ինչու՞ պաշտոնական Վաշինգտոնն այնուամենայնիվ զիջումներ արեց Ադրբեջանին:

Կոնգրեսին հասցեագրված նամակում ԱՄՆ-ի պետքարտուղար Քոլին Փաուէլը 907-րդ ուղղման վերանայման օգտին որպես գլխավոր փաստարկ ներկայացրեց այն նկատառումը, որ Ադրբեջանի հանդեպ կիրառված պատժամիջոցից հրաժարվելը այդ երկրի ղեկավարությանը հնարավորություն կտա հենց իրենց երկրում պայքարել ահաբեկիչների դեմ (PanARMENIAN.Net 17.10.2001): Այսինքն, Վաշինգտոնը տնտեսական պատժամիջոցի մեղմացմանն է դիմում` ելնելով նախ եւ առաջ այն մտավախությունից, որ եթե անմիջապես չչեզոքացվեն Ադրբեջանում գործող ահաբեկչական կազմակերպությունները, ապա երկիրը կարող է վերածվել երկրորդ Աֆղանստանի: Դա կարելի է անել երկու ձեւով. կա'մ սաստկացնել պատժամիջոցների վարչակարգը` ղեկավարներից պահանջելով կարգ ու կանոն հաստատել երկրում եւ կասեցնել ահաբեկչական բազաների գործունեությունը, կա'մ էլ պարգեւատրել նրանց պետության ներսում ահաբեկության դեմ պայքարին ուղղված վճռական քայլեր ձեռնարկելու դեպքում:
Միացյալ նահանգներն ընտրեց երկրորդ տարբերակը: Չնայած կարելի է երկար վիճել, թե այս երկու տարբերակներից ո'րն է առավել արդյունավետ: Ամերիկացիների տրամաբանությունը հետեւյալն է. ավելի լավ է ծախսել լրացուցիչ մի քանի տասնյակ միլիոն, քան լարվածության ավելորդ օջախ ստեղծել: Չէ՞ որ ահաբեկության դեմ պայքարի համար «երկրորդ ճակատի» ստեղծումը շատ ավելի մեծ ռեսուրսներ կպահանջի: Վերջիվերջո իրադրությունն Ադրբեջանում դեռ ամբողջությամբ դուրս չի եկել հսկողությունից, եւ հույս կա, որ նյութական շահագրգռվածության դեպքում Բաքվի ղեկավարները քայլեր կձեռնարկեն երկրում բազմացող ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք սերտ կապեր ունեն Օսամա Բեն Լադենի հետ:

Այն, որ Բաքուն միջազգային ահաբեկչական ցանցի կարեւորագույն կենտրոններից մեկն է, այսօր արդեն ընդունում է հենց Ադրբեջանի ղեկավարությունը: Վերջերս Ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբրասովի տված մամլո ասուլիսի նպատակը երկրում տիրող իրադրության ողջ լրջությունը ներկայացնելն էր, որը «ահաբեկության սանձարձակության» արդյունք է: Խնդիրը մեկն է. աշխարհին համոզել, որ հնարավոր չէ այդ չարիքի դեմ պայքարել սեփական ուժերով: Սակայն մինչեւ վերջերս ոչ ոք չի էլ փորձել դա անել: Հենց այս փաստն է կասկած հարուցում, որ Բաքվի ղեկավարներն իրականում հովանավորել են ահաբեկիչներին: Չէ՞ որ Աֆղանստանի դեմ պատերազմը սկսելուց հետո միայն Բաքվի հատուկ ծառայությունները եգիպտացիներին հանձնեցին Օսամա Բեն Լադենի հետ կապված «Ջիհադ» կազմակերպության անդամ ահաբեկչին: Մինչդեռ այդ կազմակերպության մի օղակը Ադրբեջանում գործում է դեռեւս 1997-ի սեպտեմբերից: Միայն ահաբեկության դեմ ողջ քաղաքակիրթ աշխարհի լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո պարզվեց, որ Բաքվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ էր պատրաստվում: Մինչդեռ մահափորձն իրականացնող անձը մայրաքաղաքում մի ամբողջ ենթակառուցվածք էր ստեղծել: Միայն բոլորովին վերջերս ազգի հոգեւոր հայրերը ադրբեջանական հասարակայնությանը տեղեկացրին, որ «Իսլամական ժառանգության վերածնունդ», «Իհվանուլ մուսլիմին», «Հիզբութ Թահրիր», «Հութբիյե» կազմակերպություններն իրականում զբաղված են ոչ թե երկրում իսլամական արժեքների քարոզչությամբ, այլ` ահաբեկությամբ եւ «թմրաբիզնեսի միջազգային սինդիկատների գործունեության համար հիմք ստեղծելով» (PanARMENIAN.Net 19.10.2001): Չգիտես ինչու, ադրբեջանական իրավապահ մարմինները նախկինում չէին արձագանքում այն փաստին, որ քուվեյթյան վեհեբիթների կառուցած Աբու-Բեկիրի մզկիթում «իսլամի մարտիկների» իրականացվում էր հավաքագրումն , որոնց ուղարկում էին այլ երկրներ «ջիհադին» մասնակցելու համար» (PanARMENIAN.Net 17.10.2001):
Ամերիկացիներն աչք են փակում այս ամենի վրա: Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին որոշում ընդունելով` Ջորջ Բուշը մոռացել է Ռոնալդ Ռեյգանի փորձը: Ռեյգանը լավագույն փորձը չի փոխանցել իր հաջորդներին` ժամանակին ֆինանսավորելով աֆղանական մոջահեդների պատրաստումը, որոնք տարիներ անց ձեռնարկեցին Քենիայում եւ Տանզանիայում ամերիկյան դեսպանատների պայթեցումն ու Նյու Յորքի երկնաքերերի ոչնչացումը: Դժվար է կայուն համարել տրված երաշխիքները, որ ահաբեկության դեմ պայքարի համար Ադրբեջանին խոստացված օգնությունը չի ուղղվի հարեւան Հայաստանի դեմ: Հենց սա է այսօր անհանգստացնում պաշտոնական Երեւանին: Ի դեպ, ոչ միայն սա: Հայտնի է, որ պատժամիջոցները, որոնց հետեւանքով 9 տարիների ընթացքում Ադրբեջանը զրկվել է առնվազն յոթ հարյուր միլիոն դոլարից, Ղարաբաղյան հարցում ուժերի հավասարակշռության ապահովմանն ուղղված համալիր միջոցառումների կարեւորագույն տարրերից էին: Պատժամիջոցի մեղմացումը Բաքվի ղեկավարների մոտ կարող է այն մտապատրանքը ստեղծել, թե Միացյալ նահանգները պատրաստ է հովանավորել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված Ադրբեջանի յուրաքանչյուր նվաճողական նախաձեռնություն: Եթե կարելի է շրջափակման ենթարկել երկու հարեւան պետությունները եւ անպատիժ մնալ, ապա ինչու՞ չփորձել առավել վճռական քայլերի դիմել: Արդյո՞ք Բուշի խորհրդականները գիտակցում են, որ պատժամիջոցի մեղմացումը հնարավոր կդարձնի ռազմական գործողությունների վերսկսումը: Բաքվում Ամերիկայի դեսպան Ռոս Ուիլսոնի խոսքերից դատելով` Ղարաբաղյան նոր պատերազմը ամենեւին էլ ամերիկյան քաղաքագետների ծրագրերի մեջ չի մտնում...

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի` Սենատի լսումներին նախորդած աշխատանքային այցը Վաշինգտոն բավականին լուրջ ազդեցություն ունեցավ ընդունված որոշման ձեւակերպման վրա: Բացի այն որ, 907-րդ ուղղման գործողությունները կասեցնելու նախագահին տրված իրավունքը սահմանափակվեց մի շարք պայմաններով, Ադրբեջանին օգնություն տրամադրելիս փորձ արվեց նաեւ հավասարակշռություն պահպանել. Սենատը հավանություն տվեց Հայաստանին չորս միլիոն վեց հարյուր հազար դոլարի օգնություն տրամադրելու օրինագծին, որով ֆինանսավորվելու է ռազմական ոլորտը եւ զինվորականների ուսուցումն արտասահմանում (PanARMENIAN.Net 25.10.2001): Անշուշտ, միայն այսքանը չէ, որ Հայաստանը կստանա Ադրբեջանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների մեղմացնելու փաստը հանդուրժողաբար ընդունելու դիմաց: Կանոնակարգի համաձայն` Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ընդհանուր խորհրդում դեռեւս պետք է վավերացվի 907-րդ ուղղմանն առնչվող որոշումը: Հիմքեր կան հուսալու, որ սենատորների եւ ներկայացուցիչների փոխհամաձայնության արդյունքում Հայաստանը կստանա հավելյալ զիջումներ: Փաստաթղթի քննարկումներ են ընթանալու նաեւ խորհրդի ընդհանուր ժողովում: Այստեղ նույնպես կարող է փաստաթուղթը փոփոխվել Երեւանի օգտին: Փաստաթուղթը վերջնական հաստատումը ստանալու է կոնգրեսի երկու պալատներում, որից հետո ներկայացվելու է նախագահի ստորագրմանը: Սովորաբար այս ընթացակարգը տեւում է մեկ ամիս, եւ արդեն տարվա վերջում Ջորջ Բուշը կարող է օգտվել 907-րդ ուղղման գործողությունների ժամանակավոր դադարեցման իրավունքից: Կասկածից դուրս է, որ նա կօգտվի այդ իրավունքից: Ինչպես նաեւ, կասկած չի հարուցում այն, որ Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում դրանից ողբերգություն սարքել: Առանձնապես ոչ մի յուրահատուկ բան էլ տեղի չի ունեցել:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---