Քենիայում ԱՄՆ դեսպանատան պայթեցման հրամանը արձակվել է Բաքվից

Ադրբեջանի հատուկ ծառայությունները ընդունում են, որ Բաքուն հանդիսանում է միջազգային ահաբեկիչ ՈՒսամա բեն Լադենի առաջնակետը:

Անցյալ շաբաթ բոլոր ադրբեջանական լրատվամիջոցները ուշադրություն հատկացրին համար մեկ միջազգային ահաբեկիչ ՈՒսամա բեն Լադենի հետ Բաքվի կապերը հաստատող ի հայտ եկած փաստերին: ՈՒշագրավ է, որ այդ սենսացիոն տեղեկությունը հայտնի դարձավ հանրությանը հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանը անարդյունք փորձում է մեղադրել Հայաստանի ու Ղարաբաղի միջազգային ահաբեկչությանը մասնակից լինելուն:
PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի Եվրախորհրդին անդամակցելը մինչ այժմ լուրջ չի անդրադարձել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա: Հակամարտության կողմերից յուրաքանչյուրը շարունակում է փնտրել, թե այդ հեղինակավոր միջազգային կազմակերպությանը անդամակցելը ինչո՞վ կարող է օգնել նրան Ղարաբաղի համար դիմակայությունում առավել շահավետ դիրքեր ձեռք բերելու մեջ: Եթե Հայաստանն ու ԼՂՀ-ն իրենց համար դրական են համարում, որ Եվրախորհուրդը խոստանում է պատժամիջոցներ կիրառել զինադադարը խախտած երկրի նկատմամբ, ապա Ադրբեջանը Եվրախորհրդին իր անդամակցելը գնահատում է նախ եւ առաջ բարձր ամբիոնից քարոզչություն տանելու եւ կեղծիքներ զեղելու հնարավորության համար: Հենց դրանով են զբաղվում ադրբեջանական պատվիրակության անդամները Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում աշխատելու առաջին իսկ օրվանից: ՈՒ թեեւ նրանց ձեռնարկած ճիգերը շոշափելի արդյունքներ չեն տվել, ակնհայտ է, որ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի պատգամավորների ստորագրությունների քանակը նրանց կողմից կեղծագործված քարոզչական փաստաթղթերի տակ իրոք աճում է: Բաքվի գաղափարախոսները վատ չեն ուսումնասիրել եվրոպական հոգեբանության առանձնահատկությունները եւ գտել են ամենաբարակ լարերը, որոնց դիպչելը բավականին արդյունավետ է: Ադրբեջանցիները մեղադրում են հայերին հենց նրանում, ինչը հատկապես չեն սիրում արեւմուտքում` մշակույթի կոթողների ոչնչացում, էկոլոգիային վնասում, աջակցում թմրաբիզնեսին եւ վերջ ի վերջո ահաբեկչություն: Տրամաբանությունը հասկանալի է. նման մահացու մեղքերում մերկացված պետությանը Եվրոպան չի պաշտպանի: Մնում է փաստարկներ գտնել ի օգուտ նրա, որ ներկայացված մեղադրանքներն իրենց տակ որեւէ հիմքեր ունեն:
Այ դա արդեն ավելի բարդ է: Ինչպե՞ս բացատրել աշխարհին, որ Ղարաբաղի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը իրականում ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության դրսեւորում: Անգամ Ադրբեջանի ներքին գործերի նախարարը ստիպված էր հայտարարել, որ չի կիսում կարծիքն այն մասին, որ «Ղարաբաղը հանդիսանում է միջազգային ահաբեկչության որջը»: Հունիսին Երեվանում կայացած ԱՊՀ ՆԳ նախարարների սամմիտի ընթացքում նա հայտարարեց, որ պարտավոր չէ մեկնաբանել ինչ-որ մեկի մասնավոր կարծիքը: Բայց, ամենայն հավանականությամբ, դրանից հետո Ադրբեջանի մայրաքաղաքում շատ բան փոխվեց: Հենց օրերս Բաքվի մամուլում հայտնվեց հաղորդագրություն այն մասին, որ մշակվել է «Ադրբեջանի ՆԳՆ ստորաբաժանումների ու ներքին զորքերի ուժերով ղարաբաղյան անջատողականների դեմ հակաահաբեկչական գործողության անցկացման նախագիծ»: Այդ մասին հայտարարությամբ հանդես եկավ միլի մեջլիսի պատգամավոր, քաղաքացիական միասնության կուսակցության առաջնորդ Իգբալ Ագազադեն, որի խոսքերով «ահաբեկիչներից տարածքի ազատման նախագիծն արդեն պատրաստ է եւ փոխանցված է պետական մարմիններին»: Բաքվի «Զերկալո» թերթին տրված հարցազրույցում նա բացատրել է իր «նոու-հաու»-ի իմաստը: Ագազադեն առաջարկում է զինվել մի լոզունգով, ըստ որի «Ղարաբաղի տարածքում պատրաստվում են ահաբեկչական խմբեր»: Նրա տրամաբանության համաձայն` եթե աշխարհը հավատա դրան, ապա Ղարաբաղում զինված գործողությունների անցկացման դեպքում «ոչ ոք չի կարողանա մեղադրել Ադրբեջանը պատերազմին հակվածության մեջ» եւ «միջազգային իրավունքը ճանաչող բոլոր պետությունները պետք է ըմբռնումով մոտենան Ադրբեջանի պայքարին»: «Այդ գործողությունը չի դատապարտվի ոչ մի միջազգային կազմակերպության կողմից»,- պնդում է քաղաքական գործիչը:
Անհասկանալի է ամենակարեւորը. ինչպե՞ս է Ադրբեջանը աշխարհին ապացուցելու Ղարաբաղի մասնակցությունը միջազգային ահաբեկչությանը: Չգտնելով ավելի համոզիչ փաստարկ` Բաքվի քարոզիչները հանձնարարեցին իրենց մոտ ծառայող լրագրողներին համոզել հանրությանը, որ Երեւանը կապեր ունի Մերձավոր Արեւելքում գործող ծայրահեղ իսլամական խմբակցությունների հետ: Հետաքրքիր է, թե ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել քրիստոնյա հայերի եւ «խաչակիրների» դեմ պայքարող իսլամական ջիհադի կողմնակիցների միջեւ: Ահա թե ինչ: Բաքվի լրատվամիջոցները նկատել են, որ Հայաստանի պաշտպանության նախարարը վերջերս հաճախ է լինում Դամասկոսում ու Բեյրութում` այն պետությունների մայրաքաղաքներում, որոնք իբրեւ թե աջակցություն են ցուցաբերում ծայրահեղ իսլամական շարժումներին: Բացի այդ, Մերձավոր Արեւելքի իր վերջին շրջագայության ընթացքում Սերժ Սարգսյանը ռազմական համագործակցության մասին համաձայնագիր է կնքել Սիրիայի ու Լիբանանի հետ: Ի՞նչ պակաս պատճառ է մեղադրելու Հայաստանը միջազգային ահաբեկչությանը աջկցության մեջ:
Չէին մտածում ադրբեջանական քարոզչության գաղափարախոսները, որ իրենք, դրդելով Արեւմուտքը պատժել ահաբեկիչներին, կարող են փոս փորել իրենք իրենց համար: Չի բացառվում, որ հենց այդպես էլ կլինի, եթե «երկրագնդի գլխավոր ահաբեկիչ» բեն Լադենի հետ Ադրբեջանի կապերի մասին պատմությունը ստանա հետագա զարգացում: Սակայն, անգամ այն, ինչն արդեն ապացուցված է լիովին բավարար է, որպեսզի եզրակացություններ արվեն միջազգային ահաբեկչության հետ Ադրբեջանի անմիջական կապերի մասին:
Եգիպտոսում հրատարակվող «Իսթ Աֆրիկա» թերթը վերջերս հոդված է հրատարակել, որում, վկայակոչելով դատական նյութերը, ասվում է, որ վերջին տաս տարվա ընթացքում բեն Լադենի կողմից գլխավորած «Էլ-Գաէդա» կազմակերպությունը իր «գլխավոր օպերատիվ ներկայությունը» իրականացնում էր Չեչնյայում ու Ադրբեջանում: («Էլ-Գայեդան» 1998 թվականի փետրվարին հանդես է եկել բոլոր մահմեդականներին ուղղված հայտարարությամբ, որում կոչ էր արվում ոչնչացնել ամերիկացի բոլոր քաղաքացիներին ու նրանց դաշնակիցներին: Նրա առաջնորդների խղճին է Քենիայում ու Տանզանիայում ամերիկյան դեսպանատների շենքերում տեղի ունեցած պայթյունները, որոնց հետեւանքով զոհվել էր 300 մարդ եւ ավելի քան հինգ հազարը` վիրավորվել: Այդ կազմակերպությունը 1992 թվականի փետրվարին անց է կացրել նաեւ երեք ահաբեկչություն ամերիկացիների դեմ Յեմենում, պատրաստում էր Ֆիլիպիններում ամերիկյան ու իսրաելական դեսպանատների պայթեցման փորձեր, մահափորձեր Հռոմի Պապի, Բիլ Քլինթոնի, մի շարք այլ պետությունների ղեկավարների դեմ:) Հայտնի դարձավ, որ Լոնդոն ուղղարկված ֆաքսը, որով կազմակերպությունը իր վրա վերցրեց Քենիայում ԱՄՆ դեսպանատան պայթեցման պատասխանատվությունը, ուղղարկվել է Բաքվից: Բաքվի այդ նույն համարից հեռաձայնել էին նաեւ Նայրոբի` այն հյուրանոցի համարը, որում անմիջականորեն մինչեւ ահաբեկչության իրականացումը բնակվում էր կատարողներից մեկը` Մոհամմադ Ռաշեդ Դաուդ էլ-Օվհալին: Այդ հեռախոսահամարից կապնվել են նաեւ անձամբ Ուսամա բեն Լադենի հետ: Իսկ ինքը «համար մեկ ահաբեկիչը» միայն 1996-1998 թվականներին հեռաձայնել է Բաքու իր արբանյակային հեռախոսով 60 անգամ: Դրա մասին են վկայում մի շարք աֆրիկյան ու ասիական պետություններում ամերիկյան դեսպանատների նկատմամբ ահաբեկչությունների գործով հետաքննության նյութերը, որոնք վկայակոչում է լրագրողական հետաքննությամբ զբաղվող CNN-ի լրագրող Ֆիլ Հիրշքորնը: Նրա տեղեկությունների համաձայն` այդ գործով մեղադրվողներից մեկը` էլ Հագգը, դատավարությանը հայտնել է, որ DHL ընկերության գործակալի միջոցով «Էլ-Գաէդա» կազմակերպության տեղական բաժանմունքի ղեկավարներին հասցեագրված առաքույթ է ուղղարկել Բաքու: Ինչպես պարզվում է, «Էլ-Գաէդան» Բաքվում գործած (կամ, գուցե, եւ այժմ գործող) միակ ահաբեկչական կազմակերպությունը չէ: Նույն գործով մեղադրվող Իբրահիմ Էյդարուզը դատավարությանը խոստովանել է, որ ինքը 1997 թվականի սեպտեմբերից գլխավորել է «Եգիպտոսի իսլամական ջիհադի» Բաքվի տեղական կազմակերպությունը: Բաքվում հրատարակվող «Էխո» թերթը գրում է. «Այն մասին, որ Ադրբեջանի մայրաքաղաքը եղել է ահաբեկչական ցանցի կենտրոններից մեկը, վկայում է եւս մեկ հանգամանք...»: Այնուհետեւ շարադրվում են Բաքվում ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից «Ջիհադ» կազմակերպության ռազմական գործողությունների ղեկավար Ահմեդ Սալամ Մաբրուկի ձեռբակալման հանգամանքները: Հենց այստեղ էլ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գործակալները կալանավորեցին նաեւ «Ջիհադ»-ի երկու այլ գործիչներին` Իսամ Հաֆիզ Մաբրուկին ու Յասիր էլ-Սիրրիին:

ՈՒշագրավ է, որ Ադրբեջանում չեն էլ համարձակվում հերքել այն փաստը, որ Բաքուն եղել է եւ շարունակում է մնալ միջազգային ահաբեկչության առաջնակետերից մեկը: Մասնավորապես, Բաքվի լրատվամիջոցները չեն բացառում, որ վերջերս Պակիստանի հատուկ ծառայությունների տեսադաշտից անհետացած համար մեկ ահաբեկիչ բեն Լադենը կարող է հայտնվել Ադրբեջանի մայրաքաղաքում, «որը գտնվում է նրա հետաքրքրությունների շրջանակում»: Դա նշանակում է, որ իր մոտ Բաքվում մինչ այժմ կա ապահով հենակետ, որը հասցրել է թողնել խորը արմատներ: Ինչպես հայտնում է «Էխո»-ն, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աղբյուրը հաստատեց, որ «մինչեւ վերջին ամիսները բեն Լադենի մարդիկ օգտագործել են Ադրբեջանը որպես Չեչնյա անցնելու տարանցիկ կետ»: Նույն աղբյուրից ստացված տեղեկությունների համաձայն` ադրբեջանական հատուկ ծառայություններին հայտնի են դեպքեր, երբ մոջահեդները Ադրբեջանի հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմաններով անցել են Չեչնյա` դաշտային հրամանատար Խաթթաբի մոտ: Հետաքրքրաշարժ փաստ. Չեչնյա ներթափանցելու փորձի ժամանակ ձեռբակալված ահաբեկիչները, ինչպես գրում է թերթը, չեն փոխանցվել այն երկրների հատուկ ծառայություններին, որոնց նկամամբ նրանք հանցագործություններ են կատարել, այլ վերադարձվել են այն պետություններ, որտեղից եկել էին: Դա, ինչպես հայտնում է աղբյուրը, արվել էր այն նպատակով, որպեսզի «չտրամադրել իսլամական ֆունդամենտալիստներին Ադրբեջանի դեմ»: Եվ այդպիսի հայտարարությամբ հանդես է գալիս ահաբեկչության դեմ պայքարի բոլոր միջազգային պայմանագրերին միացած մի երկրի հատուկ ծառայությունների պաշտոնական ներկայացուցիչ: Մի՞թե դա չի նշանակում, որ Ադրբեջանը այդպիսով անուղղակիորեն աջակցել է ահաբեկիչներին, որոնք քայքայիչ գործունեությամբ են զբաղվում հարեւան երկրում, որի հետ նա, ի դեպ, կապված է ԱՊՀ շրջանակներում դաշնային պարտավորություններով: Ադրբեջանի համապատասխան մարմինները իրականում ոչ մի բան չձեռնարկեցին, որպեսզի կանխարգելեն բեն Լադենի պատվիրակների` Բաքուն իրենց հենակետը դարձնելու հաջողակ փորձերը: Դա էլ է հանգեցնում որոշակի մտահաղացումների: Իսկ արդյոք դրանում շահագրգռված չի՞ եղել Ադրբեջանի պաշտոնական ղեկավարությունը: Ակնհայտ է, որ հորդանանցիները եւ եգիպտացիները չէին կարող գործել Բաքվում առանց տեղի գործընկերների հետ համագործակցության: Մի՞թե կարելի է հավատալ, որ տեղում նրանք ոչ ոքի հետ չեն խորհրդակցել: Չէ որ ինչ-որ մեկը դիմավորել է նրանց, ճանապարհել, թարգմանել ադրբեջաներենից արաբերենի, ապահովել նրանց ապաստարան` համապատասխան մարմիններից թագնվելու համար (եթե, իհարկե, այդ մարմինները իրենք չեն հավանություն տվել նրանց գործողություններին): Բայց այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանում ահաբեկչական հենակետի առկայության մասին տեղեկությունները երկրի հատուկ ծառայությունները ստացել են ամերիկացիներից, այլ ոչ թե իրենց աղբյուրներից: (Դա մեր ենթադրությունը չէ: Դրա մասին «Էխո»-ի թղթակցին հայտնել է ազգային անվտանգության նախարարության գնդապետ Իլհամ Իսմայլովը:) Ինքնաբերաբար առաջանում է եզրակացություն, որ իշխանությանը մոտ որոշակի բավականին ազդեցիկ ուժեր համագործակցել են ահաբեկիչների հետ եւ աջակցություն են ցուցաբերել նրանց: Ավելին, չկա ոչ մի երաշխիք, որ նրանք չեն օգտվել ահաբեկիչների գործողությունները որոշակի` իրենց ձեռնտու հունով ուղղելու հնարավորությունից: Ցանկացած դեպքում ակնհայտ է, որ ՈՒսամա բեն Լադենի Բաքվի հետքը իրական փաստ է, որը պետք է հիմք հանդիսանա միջազգային ահաբեկչությունում Ադրբեջանի դերի ու տեղի լուրջ ուսումնասիրման համար:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---