ՄԵԾ ՄԵՂՍԱՎՈՐ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ

Մահից առաջ Ադրբեջանի հանգուցյալ առաջնորդն ապաշխարելու շատ բան ուներ Ամենազորի առաջ:

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի թաղման արարողությունը, ինչպես եւ սպասվում էր, զուգորդվում էր իշխող դինաստիայի հիմնադրի հասցեին հնչող ներբողներով: Երկիրն ավելի քան 30 տարի ղեղակավարած հանգուցյալին ձոնված խոսքերը հնչում էին ոչ միայն Ադրբեջանում, այլեւ` ռուսական գրեթե բոլոր հեռուստակայանների եթերներից: Հեռուստադիտողի մոտ այն տպավորությունն էր ստեղծվում, թե խոսքը մի սրբի մասին է: Այնինչ, Հեյդար Ալիեւի կենսագրության ամոթալի էջերը գիտակցորեն թաքցվում էին:
PanARMENIAN.Net - Ալիեւի կենսագրության մեջ բավականին շատ են կասկածելի դրվագները: Առաջին հերթին ծագումը, որը ջանադրաբար թաքցվում է: Պաշտոնական տարբերակը սկզբունքորեն հերքում է պատմագիրների տեղեկատվությունն այն մասին, որ Ալիեւի ընտանիքն ունի քրդական ծագում: Այնինչ, պահպանվել են հրապարակումներ, որտեղ նշվում է, որ Հեյդարի հարազատ հորեղբայր Հասան Ալիեւը, «քրդերից առաջինն էր, որ պաշտպանել էր թեկնածուական դիսերտացիա»: Եւ արդյո՞ք հնարավոր է, որ հորեղբայրը քուրդ լինի, իսկ հայրը` ադրբեջանցի: Հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ է էր Ալիեւը թաքցնում իր քրդական ծագումը: Միթե՞ քուրդ լինելն այդքան վատ է: Բանն այն է, որ Ադրբեջանում ոչբնիկ լինելն արդեն իսկ վկայում է անլիարժեքության մասին, որով Ալիեւը չէր ցանկանում տառապել: Զգուշանալով խեղաթյուրված մեկնաբանություններից` ապագա նախագահը թաքցնրել էր նաեւ այն փաստը, որ իր ընտանիքը երկար տարիներ ապրել էր Հայաստանի Սիսիանի շրջանում: Պաշտոնական կենսագիրները, նկարագրելով ՊԱԿ-ի երիտասարդ սպա Ալիեւի փայլուն կարիերան, չեն խոսում այն մասին, թե ինչի շնորհիվ է նրան հաջողվել բարձրանալ ծառայողական աստիճաններով: Իսկ հայտնի է, որ Հեյդարի հորեղբայրն Ադրբեջանի ղեկավարն էր` Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը: Որդի չունենալով` Հասան Ալիեւն ամեն ինչ անում էր սիրելի զարմիկին առաջ մղելու համար, որին ոչ միայն հովանավորում էր, այլեւ թաքցնում էր աշխատանքի վայրում նրա թույլ տված բոլոր հանցագործ արարքները: Այսպիսով, իշխող դինաստայի հիմնադրի մասին խոսելիս, առավել ճիշտ կլինի նկատի ունենալ Հասան Ալիեւին, ով էլ հենց դրել էր մենատիրական կառավարման ձեւին անցնելու հիմքերը:

Ով գիտե` Հեյդար Ալիեւը քանի տարի ստիպված կլիներ փակված մնալ բանտում, եթե չլիներ հորեղբայրը: Հենց առաջին քարտուղարի շնորհիվ էր, որ ոչ ոք չնկատեց ապագա նախագահի պատճառաբանությունը, որով նա խուսափեց զինվորական ծառայությունից: Արդյունաբերության ինստիտուտի ուսանող Հեյդար Ալիեւը, ինչպես եւ 1923թ.-ի բոլոր ծնվածները, 1941թ.-ի հունիսին պետք է մեկներ ռազմաճակատ: Սակայն նա նախընտրեց Նախիջեւանի ավտոնոմ խորհրդային հանրապետության Ժողկոմխորհի գյուղատնտեսության բաժնի պետի պաշտոնը: Սա հնարավոր դարձավ տուբերկուլյոզի մասին վկայող կեղծ տեղեկանքի շնորհիվ: Սակայն Խորհրդային միության կոմունիստական կուսակցության Կենտկոմի ղեկավարներին հայտնի դարձավ խարդախությունը: Այդ ժամանակ Ալիեւն արդեն պաշտոնյա էր: Կուսակցության վերահսկողության կոմիտեի նախագահը հանձնաժողով ուղարկեց Ադրբեջան` փաստը հետաքննելու համար: Սակայն պարզվեց, որ, չգիտես ինչու, ոչ մի արխիվում Ալիեւի կյանքի այդ հատվածի մասին որեւէ փաստաթուղթ չէր պահպանվել: Նախիջեւանի մզկիթի գրանցման գրքում նորածին Հեյդարի լույս աշխարհ գալու մասին ոչ մի գրառում չկար: Նրա ծննդյան վկայականը չգտան նաեւ ԶԱԳՍ-ում: Արդյունաբերական ինստիտուտի արխիվից կորել էր նույնիսկ ուսանող Հեյդար Ալիեւի անձնական գործը: Զինկոմիսարիատի գործերի թղթապանակում էլ ամեն ինչ կարգին չէր: Ակնհայտ էր, որ հորեղբայրը ժամանակին լրջորեն ջանացել էր կորցնել բոլոր հետքերը...

Երիտասարդ Հեյդարը մեկ այլ ազդեցիկ հովանավոր էլ ուներ` աները: 1948թ.-ին 24-ամյա երիտասարդին ամուսնացրին Զուլֆիեի` Դաղստանի առաջին քարտուղար Աբբաս Ալիեւի աղջկա հետ: Սակայն ամուսնությունից ընդամենը կես տարի հետո Հեյդարը սկսեց դավաճանել կնոջը երիտասարդ ուկրաինուհու հետ: (Պատերազմի տարիներին ապագա նախագահի սիրուհին «սպասարկում էր» գերմանական սպաներին): Ռուսական «Պրոֆիլ» ամսագրի տվյալներով, սիրային հանդիպումների համար Հեյդարը վարձակալում էր մի քանի բնակարան: Սակայն, չնայած խիստ գաղտնիությանը, ղեկավարությանը հայտնի է դառնում Ալիեւի ամոթալի վարքագիծը, որն այդ ժամանակ արդեն զբաղեցնում էր Ադրբեջանի ազգային անվտանգության վերահսկողական հետաքննության ծառայության ղեկավարի պաշտոնը: Ասում են, երիտասարդ գնդապետի արկածները հայտնի են դարձել նույնիսկ Բերիային: Հեյդարին ազատեցին պաշտոնից եւ զինվորական կոչումն իջեցրին կրտսեր լեյտենանտի: Սակայն հորեղբայր Հասանի շնորհիվ` կուսակցական շարքերից չհեռացրին: Ինչ վերաբերում է կնոջը, ապա ծնողներին հազիվ հաջողվեց ետ պահել նրան ամուսնալուծությունից: Սա նախկին նախագահի կենսագիրներին չի խանգարում Ալիեւի անսովոր հավատարմության մասին առասպելներ հյուսել եւ պնդել, որ 1985թ.-ին կնոջ մահը լուրջ հոգեկան ցնցումներ առաջացրեց Հեյդարի մոտ: Քիչ կեղտ չկա նաեւ Ալիեւի կյանքի մոսկովյան շրջանն արտացոլող դրվագներում: Հիշեցնենք, որ իշխանության գալով` Միխայիլ Գոբոչովն Ալիեւին ստիպեց դիմում գրել ԽՍՀՄ-ի նախարարների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնից եւ ԽՄԿԿ-ի Կենտկոմի քաղբյուրոյի անդամությունից հրաժարվելու մասին: Փաստացիորեն տնային կալանքի տակ գտնվելով` Ալիեւը մշակում էր Ադրբեջան վերադառնալու պլանը, որտեղ ղեկավարում էր նրա հին հակառակորդ, Գորբաչովի նշանակած Աբդուլրահման Վեզիրովը: Պլանի իրականացման համար ընտրվեց ամենակեղտոտ սցենարը: Բաքվում հրապարակվող «Մոնիտոր» ամսագիրը վերջերս վարկած է հայտնել, որ հանգուցյալ նախագահն Ադրբեջանի ՊԱԿ-ում աշխատող իր մարդկանց աջակցությամբ, հրահրել էր ժողովրդական շարժումներ, որպեսզի անկայուն իրավիճակ ստեղծվեր եւ տեղի ունենար իշխանափոխություն: Ամսագրի մեկնաբանի տվյալներով, Ալիեւը կարողանում է կապ հաստատել Ժողովրդական ճակատի առաջնորդների հետ, որոնք էլ եւ դառնում են նրա շահերի իրականացնողները: Նշենք, որ Ալիեւի հետ կապը պահպանում էին Ադրբեջանի Ժողովրդական ճակատի արմատական թեւի ներկայացուցիչները, որոնք ցույցերում կոչ էին անում վրեժխնդիր լինել Բաքվում բնակվող հայերից: Այն, որ ամատականների առաջնորդ Նեյմաթ Պանախովն իսկապես Ալիեւի հետ կապ ուներ եւ կատարում էր նրա հանձնարարականները, ոչ ոքի համար այլեւս գաղտնիք չէ: Լրագրողների հետ զրույցում հենց ինքը` Պանախովը, մեկ անգամ չէ, որ հաստատել է նախկին նախագահի հետ իր համագործակցության փաստը: Հայտնի է, որ Ալիեւի կլանի տնտեսական հանցագործությունների բացահայտմամբ շահագրգռված Գորբաչովը հրաման էր տվել հետաքննել «հավելավճարների մասին գործը»: (Վիճակագրական հաշվետվություններում ներկայացված ուռճացված թվերի շնորհիվ ադրբեջանցի չինովնիկները տարեկան գրպանում էին միլիարդավոր ռուբլիներ): Այդ անգամ կուսակցական նախկին ղեկավարին հաջողվեց խուսափել պատասխանատվությունից` շնորհիվ Պանախովի փողոցային ցույցերի: Բաքվի «Զերկալո» թերթը հաստատում է, որ Գորբաչովի կողմից լիազորված ԽՍՀՄ-ի ՊԱԿ-ի գեներալ Ասլախանովը Մոսկավայից Բաքու էր եկել նախկին առաջին քարտուղարի գործունեությունը հետաքննելու համար: «Զերկալոյի» հավաստմամբ, այդժամ Ալիեւն օգտվեց Նեյմաթ Պանախովի ծառայություններից, որպեսզի չեզոքացներ Ասլախանովի խումբը: Ցույցի ժամանակ Ժողովրդական ճակատի գործիչն իր ելույթում բարձրագոչեց, որ քննիչները Բաքու են ժամանել, իբրեւ թե, ժողովրդական շարժման առաջնորդներին ձերբակալելու համար: Նա նշեց այն հյուրանոցի անունը, որտեղ կարելի էր գտնել «Գորբաչովի լրտեսներին» եւ ազատվել նրանցից: Դրանից հետո Ասլախանովի խումբը ստիպված էր անմիջապես լքել Ադրբեջանը, իսկ «հավելագրումների գործն» այդպես էլ չբացահայտվեց: Հերթական անգամ Ալիեւը չոր դուրս եկավ ջրից:

Հազիվ թե երբեւէ լիովին կբացահայտվի Ալիեւի կատարած դերը 1990թ.-ին հայերի կոտորածներում: Ապացուցված է, որ հանգուցյալ նախագահը, ժողովրդական ճակատի իր մարդկանց օգտագործելով, արդյունավետորեն ղեկավարում էր Լենինի հրապարակում ցույցի դուրս եկած ագրեսիվ ամբոխի տրամադրվածությունները: Նմանատիպ ցույցերից մեկի ժամանակ էլ եւ հնչեց «Մահ հայերին» կոչը, որը սկիզբ դրեց հայկական կոտորածներին: Հայտնի է, որ 1990թ.-ի հունվարի կեսերին նույն Նեյմաթ Պանախովը հանդես եկավ ազգային պաշտպանության խորհրդի ստեղծման նախաձեռնությամբ, որն էլ պլանավորեց եւ իրականացրեց հայերի ջարդերը: Սա լուրջ եզրակացությունների առիթ կարող է դառնալ:

Վերընշված բոլոր փաստերը թույլ են տալիս նշել, որ Հեյդար Ալիեւը, որին Ադրբեջանում ընդհուպ մինչեւ սրբերի շարքն են դասում, իրականում հեռու էր այդպիսին լինելուց:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---