ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԴԱՎԱՃԱՆԵՑԻՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ

Պաշտոնական Բաքուն հրաժարվեց աջակցել Անկարային ԵԽԽՎ-ում քննարկվելիք Հյուսիսային Կիպրոսի պատգամավորների կարգավիճակի հարցում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Աբդուլ Գյուլն օրերս հայտարարել է, որ չնայած նախկինում արված հայտարարություններին` պաշտոնական Բաքուն ինկնակոչ Հյուսիսասյին Կիպրոսի Թուրքական հանրապետության ճանաչմանն ուղղված դեռեւս ոչ մի քայլ չի արել: «Անադօլու» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում նա ասել է, որ «Ադրբեջանում այդ հարցի առնչությամբ ոչ մի առաջընթաց չկա»: Միեւնույն ժամանակ ադրբեջանական եւ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Ստրասբուրգում արված Իլհամ Ալիեւի հայտարարությունը: Ըստ էության, Ադրբեջանի ղեկավարը հրաժարվեց Հյուսիսային Կիպրոսի ինքնիշխանությունը ճանաչելու մասին տրված խոստումից:
PanARMENIAN.Net - Իլհամ Ալիեւն ասաց, որ իրեն ճիշտ չեն մեկնաբանել լրագրողները: Իբրեւ թե իրականում Անկարայում արված հայտնի արտահայտությամբ նա նկատի չի ունեցել, թե պատրաստ է ճանաչել ՀԿԹՀ-ը, այլ` պարզապես ցանկացել է ասել, որ հանրաքվեին տրված հունական կողմի բացասական պատասխանը «կստեղծի որակական նոր իրադրություն, եւ Ադրբեջանն ամենաառաջինը կարձագանքի այդ նոր իրադրությանը»: Մեղմ ասած, Ալիեւը ճիշտ չի ասում, եւ սա ապացուցելն ամենեւին դժվար չէ: Բավական է նորից լսել նրա մամլո ասուլիսի ձայնագրությունը: Մեջբերումն այսպիսին էր. «Եթե Կիպրոսի թուրքերը համաձայնեն, իսկ հունական համայնքը հրաժարվի միավորման հանրաքվեից, ապա Ադրբեջանը կարող է գնալ ՀԿԹՀ-ի ճանաչման քաղաքականության ճանապարհով»: Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահը գիտակցել է Անկարայում արված իր անզգույժ հայտարարության սխալականությունը: Սակայն հիմար իրավիճակից դուրս գալու նրա փորձերն առավել սրեցին դրա հիմարությունը, քանի որ Ալիեւը ոչ միայն անհեռատես, այլեւ ստախոս ճանաչվեց:

Անկարայում բարկացած են գործընկերոջ անհետեւողականության վրա եւ մեղադրում են նրան դավաճանության մեջ: Թուրքական մամուլն ադրբեջանական իշխանությունների դեմ ուղղված զանգավածային քարոզարշավ է սկսել: Առիթները բավական են: Ինչպես հայտնի է, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում ադրբեջանական պատգամավորները հավանություն չտվեցին Անկարայի առաջարկած բանաձեւ-նախագծին, որով նախատեսվում էր կիպրոսցի թուրքերի անմիջական ներկայացուցչությունը ԵԽԽՎ-ում: Հույների, հայերի, ռուսների եւ սերբերի համաձայնեցված աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ձախողել այդ նախագիծը: Ընդ որում, ձայների տարբերությունն այնքան էլ մեծ չէր, որն էլ ադրբեջանցիների դիրքորոշումը թուրքերի աչքին առավել դավաճան է դարձնում: Շատ տարիների ընթացքում Անկարան առաջին անգամ իսկապես կարիք ուներ Բաքվի աջակցությանը, սակայն ադրբեջանցիները երես թեքեցին: Սա չէր կարող չզայրացնել թուրք իշխանավորներին, որոնց վաղուցվանից է նյարդայնացնում ադրբեջանցիների երկվությունը:

Բաքվի առաջնորդները փորձում են ցույց տալ, թե ոչինչ արտառոց չի եղել: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի խոսքերով, ինքը եւ իր գործընկերները չեն կարողացել ներկա գտնվել նիստին, քանի որ պատրաստվում էին դիմավորել Իլհամ Ալիեւին: Ավելին, նա նաեւ փոխադարձ մեղադրանքներ արեց` զարմանալով, թե թուրք օրենսդիրները «դուրս հանեցին կեղտը տնից»: Սեիդովի խոսքերով, Անկարայում որոշակի ուժեր «օգտվելով այդ հարցից` ձգտում են վնասել թուրք-ադրբեջանական հարաբերություններին»:

Դժվար չէ գլխի ընկնել` ինչ ուժերի մասին է խոսքը, եթե հետեւենք, թե թուրքական կոնկրետ որ թերթերն են առավել ակտիվորեն ուռճացնում սկսված սկանդալը: Բաքվում նկատել են, որ ադրբեջանական իշխանության վարկաբեկման գիծը տանում են իշխանամետ թուրքական մամուլը եւ իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունից ընտրված պատգամավորները: Բաքվում հրապարակվող «Զերկալո» թերթի տվյալներով` սա «վկայում է պաշտոնական Բաքվի եւ Անկարայի միջեւ առկա լուրջ հակասությունների մասին»: «Լեռնային Ղարաբաղի եւ Կիպրոսի շուրջ հակամարտություններն օգտագործվում են փոխադարձ մեղադրանքների համար»,- գրում է թերթը` գալով այն եզրակացության, որ «Թուրքիայի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը իրար հանդեպ եղբայրական չեն»: «Զերկալոյի» մեկնաբանը պնդում է, որ «ոչ մեկը, ոչ մյուսը բաց չեն թողնում հարմար առիթը իրար «ծակելու»` երբեմն բավականին ցավոտ»: Բաքվի մամուլը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ թուրք առաջնորդի ցուցադրական դեմարշը: Անկարա Իլհամ Ալիեւի այցելության օրը Ռեջեբ Էրդոգանը ոչ միայն անհրաժեշտ չհամարեց դիմավորել նախագահին, այլ նաեւ հատուկ այնպես էր պլանավորել իր գործերը, որ հյուրի այցելության օրերին գտնվեր արտասահմանում: (Թուրքիայի վարչապետը Ալիեւի հետ հանդիպեց ընդամենը մի քանի ժամով):

Թուրքական մամուլում սկսված Ադրբեջանի դեմ քարոզարշավը պատասխանն է Բաքվի ԶԼՄ-երի նման արշավին, որը սկսվել էր Անկարա Ալիեւի պաշտոնական այցի նախօրեին: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիան Բաքվի լրագրողների խմբին թույլ տվեց «արշավել» Հայաստանի հետ հատվող Թուրքիայի սահման: Սրա նպատակն էր ոտքի հանել թուրք ընդդիմադիրներին, որոնք, Բաքվի իշխանավորների կարծիքով, պետք է ճնշում գործադրեին Էրդագոնի վրա` խոչընդոտելու Հայաստանի հետ սահմանի բացումը: Միամիտ կլիներ կարծել, թե թուրք վարչապետը ներել է Ալիեւին ուժի դիրքերից խոսելու փորձի համար: Այժմ Էրդագոնն իր «կրտսեր եղբորը» վճարում է միեւնույն մանրադրամով:

Ստեղծված իրադրությունում Հայաստանն ակնհայտորեն շահավետ վիճակում է հայտնվել: Անկարայի եւ Բաքվի հարաբերությունների միջեւ ստեղծված հերթական լարվածությունը բավականին նպաստավոր մթնոլորտ է ստեղծում շրջափակման վերացմանն առնչվող հայ-թուրքական երկխոսության վերսկսման համար:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---