ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱՎԹ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԷԼ ԼԻՆԻ

- հավաստում է Ուկրաինային նախագահ Լեոնիդ Կուչման:


Բրիտանական «Թայմս» ազդեցիկ թերթը հրապարակել է սենսացիոն հայտարարություն պարունակող մի հոդված, որով հաստատվում է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթատարի շինարարությունն իրականացվում է բոլոր հնարավոր նորմերի կոպիտ խախտումներով: Այս փաստը հղի է բնապահպանական աղետով: «Թայմսի» տվյալներով, նախագծի օպերատոր «Բրիթիշ Փեթրոլեում» ընկերությունը տեղյակ էր խախտումների մասին, սակայն Մեծ Բրիտանիայի կառավարությունից թաքցրել էր: Այսպիսով, ընկերությունը ոչ միայն վտանգի տակ է դրել նախագծի հետագա իրականացումը, այլեւ` վնասել է Բրիտանիայի կառավարությանը, որը ժամանակին իր վրա էր վերցրել նախագծի պատասխանատվությունը, քանի որ լոբբի էր արել այն խորհրդարանում եւ երաշխավորել էր դոնորների մոտ: Սա բավականին տհաճ անակնկալ է Լոնդոնի համար: Առավել եւս, որ ընկերությունը հայտնի է վարչապետ Թոնի Բլերի հետ ունեցած իր սերտ կապերով:
PanARMENIAN.Net - «Թայմսը» տվյալներ ունի այն մասին, որ դեռեւս նոյեմբերին «Բրիթիշ Փեթրոլեում» ընկերության վարձած հեղինակավոր փորձագետ-խորհրդատու Դերեք Մորթիմորն ընկերության ղեկավարությանն էր ներկայացրել զեկույց, որում խոսվում էր լուրջ խախտումների մասին: Նա պարզել է, որ խողովակների միացման տեղերը պատվում են մի նյութով, որը համապատասխան փարձագիտություն չի անցել եւ չի համապատասխանում ընդունված չափանիշներին: Մորթիմորի խոսքերով, սա առավել մեծացնում է նավթի արտահոսքի հնարավորությունը: Փորձագետը պնդում է, որ իր 41-ամյա պրակտիկայի ընթացքում առաջին անգամ է հանդիպում այսպիսի դեպքի: 1600 կիլոմետրանոց խողովակատարի վրա պետք է լինի ընդամենը 50 հազար միացման կետ: Դրանցից 15 հազարն արդեն պատրաստ է եւ պատված է անորակ եւ էժան նյութով, որն ի վիճակի չէ դիմանալ կոռոզիային: Այսպիսով, արտահոսքի դեպքում բնապահպանական անխուսափելի աղետի պատասխանատվությունը ստիպված կլինի կիսել նաեւ Բրիտանիայի կառավարությունը, որը հովանավորել է նախագծի հեղինակներին:

Հիշեցնենք, որ բրիտանական կառավարությունում երկար ժամանակ կասկածում էին նախագծին աջակցութուն ցուցաբերելու նպատակահարմարության մեջ` գիտակցելով դրա բնապահպանական վտանգը: Մեծ Բրիտանիայի պետնախարար Մայք Օ Բրայնի խոսքերով` Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղի շինարարությունը ֆինանսավորելու մասին որոշում կայացնելով` Դաունինգ Սթրիթում առաջնորդվել են այն հանգամանքով, թե «այսպես թե այնպես նավթատարը կառուցվելու է»: «Հաշվի առնելով շրջակա միջավայրի վերահսկողության անհրաժեշտությունը եւ սոցիալական խնդիրների լուծումը` մենք որոշեցինք, որ ավելի լավ է ներսից աշխատել, քան մի կողմ քաշվել»,- այն ժամանակ հայտարարել էր նախարարը` փորձելով արդարացնել Լոնդոնի մասնակցությունը կասկածելի գործարքում: Օ Բրայնը պնդում էր, որ մասնակցելով նախագծին` Մեծ Բրիտանիան առաջին հերթին նպատակ ունի հասնել նավթամուղի ունեցած հնարավոր վտանգի նվազեցմանը:

Միեւնույն ժամանակ, հասարակական կառույցների առաջնորդները սկզբնապես էլ այլ տեսակետ էին հայտնում: Նավթատարի շինարարությանը դեմ արտահայտված 29 երկրի 72 կազմակերպություններ մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ Լոնդոնի մասնակցությունն օպերատորներին չի ստիպի պահպանել բոլոր անհրաժեշտ չափանիշները: Կանխատեսումներն իրականացան: Շրջակա միջավայրի համար վտանգ պարունակելու մասին նոր ծանրակշիռ փաստարկները կհանգեցնեն բողոքի նոր ալիքի եւ նախագծի իրականացման համար նոր դժվարություններ կստեղծեն, իսկ հնարավոր է նաեւ, որ կասկածի տակ դնեն դրա հեռանկարը:

«Բրիթիշ Փեթրոլեումի» ղեկավարությունը փորձում է ցույց տալ, թե ոչինչ էլ չի եղել: Միեւնույն ժամանակ, ընկերությունը դժվար ընտրության առջեւ է կանգնած. կամ ընդունել, որ իր ներկայացուցիչները գիտակցաբար էժանացրել են նախագիծը անվտանգության հաշվին, կամ շարունակել հերքել տեխնոլոգիական լուրջ խախտումների փաստը` հույս ունենալով, որ նավթամուղը չի պայթի: Խողովակների միացման տեղերը շարունակվում են պատվել միեւնույն կասկածելի նյութով: Եթե բնապահպաններին հաջողվի շինարարներին ստիպել նորից ծածկել այդ 50 հազար միացման տեղերը, ապա դա կարողէ հանգեցնել նախագծի սնանկացմանը, քանի որ անհրաժեշտ աշխատանքների անցկացման համար կպահանջվի լրացուցիչ 500 միլիոն ֆունտ կամ գրեթե մեկ միլիարդ դոլար: Այդպիսով, նավթամուղի ինքնարժեքը կբարձրանա մեկ երրորդով, որն էլ կդարձնի այն անեկամտաբեր:

Հատկանշական է, որ սկանդալը բարձրացել է այն պայմաններում, երբ դեռ լիովին հստակ չէ` կհամաձայնի արդյոք Ղազախստանն իր նավթը տեղափոխել Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավաթամուղով: Ինչպես հայտնի է, առանց ղազախների մասնակցության, նախագիծը կորցնում է իր իմաստը, քանի որ ադրբեջանական նավթը կբավականացնի միայն օգտագործել նավթամուղի հնարավորությունների կեսը: Հատկանշական է նաեւ այն, որ վերջին շրջանում առավել հստակ են հնչում Ադրբեջանում նավթի հսկայական պաշարների մասին ստեղծված առասպելի անհիմն լինելու մասին արտահայտությունները: Օրերս այդ մասին է խոսել նաեւ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման: «Մեկնեք Բաքու, շփվեք վերլուծաբանների հետ եւ համոզվեք, որ այնտեղ նավթ չկա եւ չի լինի»,- հայտարարել է նա: Ադրբեջանին ավելի լուրջ հարված հասցնել դժվար կլիներ պատկերացնել:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ

Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---