ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԵԽԽՎ-ի ՆԻՍՏՈՒՄ

Դեվիդ Ատկինսոնի զեկույցի լսումները ներառվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում:

Երկուշաբթի Փարիզում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստում որոշվել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ներառել Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Դեվիդ Ատկինսոնի հաշվետվությունը: Հիշեցնենք, որ նոյմեբերի 17-ին ԵԽԽՎ Քաղաքական հանձնախումբը լսեց զեկույցը եւ տեքստում որոշ փոփոխություններ անելուց հետո երաշխավորեց այն ներառել հաջորդ նստաշրջանի քննարկման մեջ: Ձմեռային նստաշրջանը կանցկացվի 2005թ.-ի հունվարի 23-ից 28-ը:
PanARMENIAN.Net - Բյուրոյում չի քննարկվել զեկույցի բովանդակությանը վերաբերող որեւէ հարց: Այստեղ այդ փաստաթղթի դրույթների վերանայումը ճիշտ չէր լինի հենց միայն այն պատճառով, որ այդ մարմնում Հայաստանը ներկայացված չէ, այն դեպքում, երբ ԵԽԽՎ փոխնախագահ, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը բյուրոյի կազմում է: Նստաշրջանի օրակարգում զեկույցն ընդգրկելու մասին որոշոմն ընդունվել է միաձայն: Այսպիսով, Եվրոպայի Խորհրդի պատմության մեջ առաջին անգամ Խորհրդարանական վեհաժողովի պլենար նիստում կքննարկվի ղարաբաղյան հարցը:

Այն բանից հետո, երբ Դավիդ Ատկինսոնը կներկայացնի զեկույցը, իրենց վերաբերմունքը կարտահայտեն ելույթի համար նախապես գրանցված պատգամավորները: Այնուհետեւ, կքննարկվեն փոփոխություններին վերաբերող հարցերը, որոնք կդրվեն առանձին քվեարկության: Հայաստանը մտադիր է որոշ փոփոխություններ մտցնելու առաջարկ անել: Ըստ ամենայնի, Ադրբեջանը զերծ կմնա փոփոխություններ անելու նախաձեռնությունից, քանի որ զեկույցի այժմյան տեքստը լիովին բավարարարում է նրան:

Զելույցն իսկապես պարունակում է մեզ համար վտանգավոր մի քանի դրույթներ: «Անջատողական ուժերի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի տարածքները», «Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ», «Ղարաբաղում իրագործված զանգվածային ազգային մաքրումները», «միատարր ազգային տարածքի ստեղծում» եւ նմանատիպ այլ ձեւակերպումները բոլորովին էլ միանշանակ չեն ներկայացնում իրականությունը: Այդ իսկ պատճառով Հայաստանի պատվիրակությունը կձգտնի որոշ փոփոխություններ մտցնել զեկույցում: Սա հեշտ խնդիր չէ: Սովորաբար առաջարկվող փոփոխությունները համաձայնեցվում են ԵԽԽՎ-ի Քաղաքական հանձնախմբի հետ, որն էլ պատգամավորներին տեղեկացնում է նախաձեռնության հանդեպ իր վերաբերմունքի մասին: Ինչպես հայտնի է, Քաղհանձնախումբը մերժել է հայկական կողմի ներկայացրած հինգ առաջարկներից երեքը: Ենթադրվում է, որ հայկական պատվիրակության նախաձեռնության լսումներից հետո քաղհանձնախմբի ղեկավար Ռոման Յակիչը բացասական գնահատական կտա դրան: Այդ հայտարարությունն ի գիտություն կընդունվի, սակայն առաջարկներն, այնուհանդերձ, կդրվեն քվեարկության: Փորձը ցույց է տալիս, որ առանց քաղհանձնախմբի աջակցության, փոփոխությունների ընդունումը լուրջ դժվարությունների առաջ է կանգնում:

Այնուհանդերձ, շանսեր կան: Բանն այն է, որ քաղհանձնախմբի անդամները հիմնականում ներկայացնում են իրենց երկրների օրենսդիր մարմինների խորհրդարանական մեծամասնությունը: Այսինքն, նրանք կառավարությունը ձեւավորած քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են: Ակնհայտ է, որ քվեարկելիս նրանք կառաջնորդվեն իրենց մայրաքաղաքաներից ստացված հրահանգներով: Սա թույլ է տալիս Ադրբեջանին լոբբինգի յուրահատուկ մեխանիզմներ գործադրել, որոնք հիմնված են նավթային հետաքրքրությունների վրա: Պլենար նիստին ներկա են լինում նաեւ պատգամավորներ, որոնք առավել քիչ են կախված կառավարության քաղաքական հետաքրքրություններից: Այդ իսկ պատճառով Վեհաժողովում ադրբեջանական լոբբինգի ռեսուրսները սահմանափակ են: Այնպես որ հայկական պատվիրակությունը հույս ունի, որ զեկույցի որոշ ձեւակերպումներ հնարավոր կլինի մեղմել:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---