Բաքուն ակտիվանում է պատերազմում...Դեռեւս տեղեկատվական

Աշխարհում, եւ նույնիսկ բուն Ադրբեջանում, էլ չասած Հայաստանի մասին, այնքան են ընտելացել Բաքվի ստերին, որ եւս մեկ նոր պորտալը ոչինչ չի կարող փոխել

Ադրբեջանական քարոզչական մեքենան ամեն կերպ գովազդում է նոր IREVAN կոչված վեբ-կայքը: Արդեն անվանումն իսկ ասում է այն մասին, որ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը հարեւան պետությունում անվանում են «Իրեւան», եւ, հետեւաբար, այն չի կարող հայկական լինել: Ինչպես Հայաստանը չկա ադրբեջանական պատմության դասագրքերում, այլ կա Արեւմտյան Ադրբեջան, որը «վաղ թե ուշ միավորվելու է հայրենիքի հետ»: Ամենահետաքրքիրն այն է, որ անվանումը տրվում է պարսկական մեկնաբանությամբ, սակայն նման մանրունքները Բաքվում վաղուց արդեն ոչ ոքի չեն հուզում: Այստեղ այլ բան է կարեւորվում` տարածել «ճշմարտությունը» Հայաստանի մասին Ինտերնետի միջոցով եւ, ինչն ամենակարեւորն է, երկու լեզուներով` հայերեն եւ ռուսերեն:
PanARMENIAN.Net - Կայքը ստեղծել է «Իրեւան» լրատվավերլուծական կենտրոնը, որը գործում է Բաքվում 2006 թվականից ի վեր: Կենտրոնի ղեկավար Սաբիր Էրիվանլիի խոսքերով, Կենտրոնի առաջատար գործունեությունը լինելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ այդ ոլորտում առկա խնդիրների ուսումնասիրումը: «Ինտերնետ կայքի ստեղծման գաղափարը ծագեց այն պատճառով, որ գլոբալ Ինտերնետի հայալեզու հաճախորդները մինչ այժմ հնարավորություն ունեին ծանոթանալ տարածաշրջանի խնդիրներին միայն Հայաստանի տեսանկյունից: Այսօրվանից նրանց հնարավորություն է տրվում ծանոթանալ հակառակ կողմի տեսակետներին: Կայքի հայալեզու էջերը հետաքրքիր կլինեն ոչ միայն հարեւան հանրապետության հայալեզու քաղաքացիներին, այլ նաեւ աշխարհում հայոց լեզվի բոլոր կրողների, այդ թվում Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բնակվողների համար»: Կարճ ասած, այդ կայքը Հայաստանի եւ ողջ սփյուռքի համար է: Կարող է մի կորած-մոլորված վայր գտնվել աշխարհում, որտեղ գիտեն ռուսերեն եւ հայերեն, կընթերցեն նյութերը, հրապարակված բոլորովին անծանոթ անձանց անունից, եւ կհասկանան, որ «Ադրբեջանը ճիշտ ճանապարհով է գնում»:

Այս ամենը չի կարող չմտահոգել, քանի որ տեղեկատվական պատերազմը, որն ընթանում է փոփոխական հաջողությամբ, Հայաստանը կարող է տանուլ տալ: Կայքի հեղինակները շատ լավ են ծանոթ Հայաստանի իրավիճակին: Ավելին, կան նախանշաններ, որ նրանք ամեն կերպ կգովազդեն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը մարտին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններում: Եվ դա հասկանալի է` նախկին նախագահը միշտ ասել է եւ արել է այն, ինչ հաճո էր հակառակ կողմին, մինչեւ որ պաշտոնանկ եղավ: Չկա ոչ մի երաշխիք, որ նա փոխվել է եւ դրա ապացույցն է նրա ելույթը սեպտեմբերի 21-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանը բացելու անհրաժեշտության մասին: Հազիվ թե Տեր-Պետրոսյանը չգիտի, որ սահմանը հենց Թուրքիան է բացել...Ահա ինչ է գրում է նախկին նախագահի մասին կայքը «Ով ով է Հայաստանում» խորագրի տակ` «Լ.Տեր-Պետրոսյանը բավականաչափ սկզբունքային է: Միեւնույն ժամանակ, հաճախ է հայտնվում իր շրջապատի ազդեցության տակ: Մի փոքր անվճռական է, հաճախ է զերծ մնում կոշտ միջոցներ կիրառելուց իր հակառակորդների հանդեպ, ինչը նրա կողմնակիցները կապում են «ճշմարիտ մտավորականի» նրա կերպարի հետ: Որոշ չափով մեկուսացած է իրական հայկական իրողությունից: Մինչ այժմ չի հասկացվել հասարակ բնակչության կողմից: Չնայած իր ժողովրդականությանը քաղաքի մտավորականության շրջանում, Լ.Տեր-Պետրոսյանը չկարողացավ հարաբերություններ հաստատել բնակչության ստորին շերտերի հետ, կարծիք է ստեղծվել, որ նա ցանկանում է զերծ մնալ գավառների ներկայացուցիչների հետ շփումներից»:

Արդեն հրապարակվել է 16 կենսագրություն, որոնք կարող էին գրվել միայն Հայաստանում: Չի նշանակում դա արդյո՞ք որ կայքն իր աշխատակիցներն ունի Երեւանում: Եւս երկու օրինակ, պատկերացումն ամբողջացնելու համար: «Վանո Սիրադեղյանը (Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, Հայոց համազգային շարժման վարչության նախկին նախագահ) ուժեղ կամքի տեր է, բավականին սկզբունքային, պատրաստ է պաշտպանել իր տեսակետը: Անհանդուրժող է, չի զլանում բացահայտ դիմակայության գնալ իր ընդդիմադիրների հետ: Ունի առատաձեռն մարդու համբավ, Հայաստանում օգնել է բնակչության աղքատ խավերին եւ մասնակցել է բարեգործությանը: Միեւնույն ժամանակ, որոշ չափով հակասական է, տաքարյուն, հաճախ չափազանց զգացմունքային: Շատերը բնութագրում են նրան որպես արկածախնդրի»: Եվս մեկ օրինակ. «Հրանտ Մարգարյանը (ՀՅԴ բյուրոյի անդամ) սկզբունքային է, միեւնույն ժամանակ, չափազանց տաքարյուն եւ զգացմունքային, ի վիճակի չէ թաքցնել իր բացասական վերաբերմունքը այս կամ այն անձի հանդեպ: Լավ շարժուձեւ չունի, շփման մեջ հաճախ բավականին կոպիտ է: Բոլորին, ով չի կիսում դաշնակների գաղափարները, դավաճան է համարում»: Այս ամենն ծիծաղելու աստիճանի հիշեցնում է Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական կուսակցության անդամների բնութագիրները անմահ «Գարնան տասնյոթ ակնթարթից»...

Ճիշտ է, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Աշխարհում, եւ նույնիսկ բուն Ադրբեջանում, էլ չասած Հայաստանի մասին, այնքան են ընտելացել Բաքվի ստերին, որ եւս մեկ նոր պորտալը ոչինչ չի կարող փոխել:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---