ԱՄՆ-ն միշտ ունի այլընտրանք, Թուրքիան գործնականում զրկված է դրանիցՀամաշխարհային հանրության համար Թուրքիան 200 մլրդ դոլար արտաքին պարտք ունեցող պետություն է, որը խնդիրներ ունի մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հետ, անհանդուրժող է սեփականից բացի պատմության ցանկացած այլ մեկնաբանության հանդեպ Թուրքիայի արձագանքը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունմանը հասկանալի է եւ օրինաչափ: Փաստորեն քամուն են տրվել միլիոնավոր դոլարներ, հայկական եւ հրեական լոբբիի մի մասը արեցին իրենց գործը` կոչ անելով քվեարկել կոնգրեսականներին իրենց խղճի մտոք, այլ ոչ թե րոպեական շահի համար: Ինչն էլ, ի վերջո, տեղի ունեցավ: Ինչպես հետո պարզվեց, վարչակազմի եւ պետդեպարտամենտի հղումները «ազգային անվտանգության» վրա եւ «ամերիկյան զորքերի վիճակին Իրաքում» նույնպես պատշաճ արդյունավետություն չունեցան: ![]() PanARMENIAN.Net - Ավելին, Պենտագոնն արդեն իսկ սկսել է այլընտրանք որոնել Ինջիրլիկի ՌՕՈՒ-ի ռազմակայանին եւ, կարծես թե, գրեթե գտել է: «Անապատում փոթորիկից» հետո ԱՄՆ-ն իր ռազմակայանները կոնսերվացված թողեց Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում եւ Հորդանանում նոր պատերազմի համար: Այժմ այդ ռազմակայանները կարող են օգտագործվել բեռներն Իրաք տեղափոխելու համար: Ճիշտ է, Թուրքիան շարունակում է շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին քրդական հարցով: «Սխալը շտկելու միակ միջոցը կոնկրետ համագործակցությունն է Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարում: Ես չգիտեմ այլընտրանք, որը կկարողանա մեղմել 72 միլիոն թուրքերի սրտերը»,-հայտարարել է թուրքական խորհրդարանի պատգամավոր եւ վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Էգեմեն Բաղիսը: Այստեղ հարկ է նշել, որ քվեարկությունից առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի վերաբերյալ լսումների ժամանակ, հանրապետական Դանա Ռորաբախերը (Կալիֆորնիա), դատապարտել է «այն լկտիությունը, որով որոշ թուրքեր սպառնում են փակել ամերիկյան բանակի նյութատեխնիկական մատակարարման ուղիները...Հնարավոր է, նրանք բոլորովին էլ այնքան լավ բարեկամներ չեն, ինչպես ուզում են երեւալ»,-ընդգծել է նա: Պետդեպարտամենտն իր հերթին հիշեցրել է Թուրքիային սեպտեմբերի վերջին Իրաքի հետ ձեռք բերված պայմանավորավածության մասին, ըստ որի Անկարան պարտավորվել է ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից Իրաքի տարածքում: Վաշինգտնում արդարացիորեն վախենում են, որ թուրքական ռազմական ներխուժումը կհանգեցնի Քրդստանի ապակայունացմանը, որը միակ քիչ թե շատ հանդարտ տարածաշրջանն է Իրաքի շիա եւ սունի մասերի համեմատությամբ: Պետք չէ մոռանալ, որ 2007 թվականի սեպտեմբերի 26-ին ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց այն բանաձեւին, ըստ որի Իրաքն առաջարկվում է պայմանականորեն կիսել երեք մասի` սունիների, շիաների եւ քրդերի: Իսկ հոկտեմբերի 8-ին այդ գաղափարին աջակցեց Իրաքի նախագահ, ազգությամբ քուրդ Ջալալ Թալաբանին: Այնպես որ թող Թուրքիան զգուշանա շատ ճնշում գործադրելուց ԱՄՆ-ի վրա, որի հետ դաշնակցային հարաբերություններում նա շատ ավելի է շահագրգռված, քան ԱՄՆ-ն` Թուրքիայի: ԱՄՆ-ն միշտ ունի այլընտրանք, Թուրքիան գործնականում զրկված է դրանից: Սակայն ահա թե ինչ է որոշ տարակուսանք առաջացնում` Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում: Հասկանալի է, որ Թուրքիան դաշնակից է, «մեծ եղբայր» եւ այլն: Սակայն այստեղ Բաքուն ակնհայտորեն չափն անցել է: Ադրբեջանի ԱԳՆ-ն դեմ է հանդես եկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունմանը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտում է այդ որոշումը որպես սխալ եւ սուբյեկտիվ եւ գտնում է, որ այդ բանաձեւը բացասաբար կանդրադառնա աշխարհում ընթացող տարածաշրջանային եւ գլոբոլ գործընթացների վրա»: Հեռվում չի մնացել նաեւ Ադրբեջանի ՈԿԿ ազգային համաժողովը, որը հայտարարություն է ընդունել կապված 106-րդ բանաձեւի հետ: Ինչպես հաղորդում է Day.az-ը, հղում անելով համաժողովի մամլո ծառայությանն, այդ փաստը վրդովմունք եւ ափսոսանք է առաջացրել մի կազմակերպությունում, որը միավորում է շուրջ 460 ՈԿԿ-ներ: Սակայն բոլորից հեռուն գնաց Աքպեր Հասանովը, որը քարոզչամեքենայի լավագույն ավանդույթներով վրդովվում է Ադրբեջանի հանրության պասիվությամբ եւ քիչ է մնում կոչ անի կոտրել Բաքվում ԱՄՆ դեսպանատան ապակիները: «ԱՄՆ դեսպանատան առջեւ նախկինի պես հանգիստ էր: Մարդիկ շտապում էին իրենց գործերով, հանգիստ ապրում էին, ինչ-որ բան էին գնում եւ վաճառում, հանդիպում եւ հեռանում»,-գրում է նա: Հեղինակի խղճին թողնենք բազմաթիվ հերուրանքները հայերի հասցեին, որոնք «տարածքային նկրտումներ ունեն Թուրքիայի եւ Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի հանդեպ»: Թե ինչ են ուզում հայերն Ուկրաինայից կամ Ռուսաստանից, եւ մյուս բոլոր հիշատակված երկրներից, հեղինակը չի մանրամասնել: Եվս մեկ հետաքրքիր մեջբերում Հասանովից: «Այս պահի ճակատագրական բնույթն Ադրբեջանի համար կասկած չի հարուցում: Բավական է հիշել, որ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահներից է ԱՄՆ-ն, որի կոնգրեսականները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան, որի Սենատի ստորին պալատը նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եւ Ռուսաստանը, որը բացահայտորեն Հայաստանն անվանում է իր առաջատար հենակետը Կովկասում: Միթե՞ հիմա էլ ինչ-որ մեկը հույս ունի, որ այդ ԵԱՀԿ ՄԽ-ն կձգտի ղարաբաղյան հակամարտության արդար լուծմանը: Միթե՞ դժվար է հասկանալ, որ հայությունը, որը կարողացավ բացահայտ մարտահրավեր նետել այնպիսի մեծ եւ հզոր երկրին, ինչպիսին Թուրքիան է, հեշտ ու հանգիստ կպահպանի մեր երկրի օկուպացված տարածքները: Ժամանակն է գիտակցել, որ Թուրքիան մեր միակ եւ հավատարիմ դաշնակիցն է Ադրբեջանի օկուպացված տարածքները վերադարձնելու հարցում: Քանի որ Թուրքիան, ինչպես եւ Ադրբեջանը մեկ պատմական թշնամի ունի` հայերը: Թուրքիային նետած մարտահրավերը հարկ է ընկալել որպես Ադրբեջանին ուղղված մարտահրավեր»: Այս մեջբերման մեջ ամեն ինչ պարզ է, իրերն կոչված են իրենց անուններով, այսինքն` հայերը թիվ մեկ թշնամին են: Սակայն զարմացնում է նաեւ մեկ այլ արտահայտություն` «մեծ եւ հզոր Թուրքիան»: Գուցե Բաքվի համար դա այդպես է, սակայն համաշխարհային հանրության համար Թուրքիան 200 մլրդ դոլար արտաքին պարտք ունեցող պետություն է, որը խնդիրներ ունի մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հետ, անհանդուրժող է սեփականից բացի պատմության ցանկացած այլ մեկնաբանության հանդեպ: Եվրոպական մայրաքաղաքներում Թուրքիան, ինչպես եւ հարյուրամյակներ առաջ, համարվում է «Եվրոպայի հիվանդ մարդ», որը, ցավոք, բուժման ենթակա չէ: Ի դեպ, «Եվրոպայի հիվանդ մարդ» են անվանել սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդին, որը առաջինը սկսեց ոչնչացնել հայերին դեռեւս 1896 թվականին: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |