Որքանո՞վ է հավանական նոր պատերազմը Կովկասւոմ

Վրաստանն ու Ռուսաստանը կոշտ հայտարարություններ են փոխանակում, եւ պատերազմի սպառնալիքն աճում է

Հուլիսի 10-ին Վրաստանն ետ կանչեց Ռուսաստանում իր դեսպան Էրոսի Կիցմարիշվիլուն Աբխազիայում եւ Հարավային Օսիայում վերջին իրադարձությունների կապակցությամբ: Վրաստանի ԱԳՆ ղեկավար Եկատերինա Տկեշելաշվիլու խոսքերով, այդպիսով Ռուսաստանը մեկ անգամ եւս դրսեւորեց իր ցուցադրական մոտեցումն ու քաղաքական վերաբերմունքը ոչ միայն միջազգային իրավունքի, այլ նաեւ ընդհանուր առմամբ միջազգային անվտանգության ու կայունության հարցերին: Դեսպանն ետ կանչվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանի ՌՕՈՒ-ի ինքնաթիռները կարճատեւ թռիչք կատարեցին Հարավային Օսիայի վրայով, ռուսական ԱԳՆ-ի վարկածով, «լիցքաթափելու համար իրավիճակը վրաց-օսական հակամարտության գոտում»:
PanARMENIAN.Net - Համաշխարհային ԶԼՄ-ները միանգամայն լրջորեն գրում են Կովկասում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ նոր պատերազմի հնարավորության մասին: Սակայն դեռեւս ոչ ԱՄՆ պետքարտուղարը, ոչ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարեկամները» ի զորու չեն որեւէ բան անել` Վրաստանն ու Ռուսաստանը կոշտ հայտարարություններ են փոխանակում, եւ պատերազմի սպառնալիքն աճում է: Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը մեղադրել է Ռուսաստանին իրավիճակը տարածաշրջանում ապակայունացնելու մեջ եւ ժամանել է Թբիլիսի չգիտես Միխաիլ Սահակաշվիլուն սատարելու, թե Ռուսաստանին հետագա քայլերից զերծ պահելու նպատակով: Եթե հավատանք չճանաչված Աբխազիայի նախագահ Սերեգեյ Բաղապշին, ապա Վրաստանն, իր հերթին, դիվանագիտական ջանքերի հետ մեկտեղ ծրագրում է Աբխազիայի հնարավոր զավթումը: «Մի քանի ահաբեկչական գործողությունները կրկին հաստատեցին, որ ինքնավարությունը վրացական ենթակայությամբ անընդունելի է»,-հայտարարել է նա:

Մինչդեռ Ռուսաստանը խոստովանել է, որ իր ինքնաթիռները թռել են Վրաստանի վրայով, նշում է Financial Times-ը: Հուլիսի 10-ին Մոսկվան խոստովանեց, որ իր կործանիչները թռել են Հարավային Օսիայի վրայով Քոնդոլիզա Ռայսի Թբիլիսի կատարած այցից ընդամենը մի քանի ժամ առաջ: Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ թշնամանքի տարիների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը նման խոստովանություն արեց, թեեւ Վրաստանը նախկինում եւս բազմիցս մեղադրանքներ էր առաջ քաշել, ասելով, որ ռուսական ինքնաթիռները թռչում են Վրաստանի տարածքով: «ՌԴ արտգործնախարարի այդ հայտարարությունը հակամարտության հերթական սրումն է, որում Ռուսաստանը սատարում է Հարավային Օսիային եւ Աբխազիային, մասնակիորեն արեւմտամետ Մ.Սահակաշվիլու վրա ճնշում գործադրելու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի փորձերը կասեցնելու համար»,-նշում են վերլուծաբանները:

Ամերիկացի պաշտոնյաները, որ ուղեկցում են Ռայսին, ասել են, որ Վաշինգտոնը պնդում է, որ բանակցություններ սկսվեն վրաց-աբխազական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Վրաստանի, ինչպես նաեւ աբխազ անջատողականների մասնակցությամբ: Իր հերթին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Վրաստանի միացումը ՆԱՏՕ-ին անդամակցելուն ուղղված Գործողությունների ծրագրին կարող է խաչ քաշել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում հակամարտությունների կարգավորման վրա:

Քոնդոլիզա Ռայսի ու Միխաիլ Սահակաշվիլու համատեղ մամլո ասուլիսում, ԱՄՆ-ի պետքարտուղարը կոչ արեց Ռուսաստանին նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ռուսաստանը պետք է դառնա որոշման մի մասը, խնդրի մի մաս հանդիսանալու փոխարեն, հանդիմանանքով հայտարարել է Ռայսը: «Հարկավոր է վերջ տալ բռնությանը, կարեւոր չէ, թե ումից է այն գալիս»: Սա նա հասցեագրեց նաեւ Սահակաշվիլուն:

Վրաստանը Ռուսաստանի համար չափազանց կարեւոր է, հենց այնպես այն ՆԱՏՕ-ին զիջելու համար: Մոսկվան կպայքարի մինչեւ վերջ, եւ եթե պահանջվի, նույնիսկ կարող է ուժ կիրառել: Ռուսաստանը հզոր լծակ ունի, որը գնալով առավել հաճախ է սկսել օգտագործել Եվրոպայի հետ հարաբերություններում` էներգետիկ շանտաժը: Ներկա պայմաններում սա ամենագուրծուն զենքն է: Իսկ Վրաստանը հայտնվել է աներանելի վիճակում` նա չի կարող լիովին հույսը դնել Ադրբեջանի վրա գազի առաքման հարցում, Իրանի վրա եւս, քանի որ վերջինս չի առճակատվի Ռուսաստանի հետ Վրաստանի պատճառով: Վրաստանը կարեւոր է Ռուսաստանի համար նաեւ այն պատճառով, որ գտնվում է երեք հումքային երկրների` Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Ղազախստանի հատման վայրում: Ռուսաստանն ուղղակի չի կարող նրան ՆԱՏՕ թողնել:

Հավանաբար, Թբիլիսին մինչեւ վերջ կպայքարի հուսալով, որ ԱՄՆ-ն նրան միայնակ չի թողնի Ռուսաստանի հետ: Նրանից, թե ինչով կավարտվի ռուս-վրացական հակամարտությունը, կարող է կախված լինել ողջ տարածաշրջանի ճակատագիրը:

Մինչդեռ, Վրաստանը հրաժարվեց մասնակցել վրաց-հարավօսական հակամարտության կարգավորման խառը հսկիչ հանձնաժողովի նիստին: «Ռուսական կողմը հակամարտության գոտում իրավիճակի սրման պատճառով առաջարկեց հուլիսի վերջին Մոսկվայում այդ հանձնաժողովի համանախագահների նիստ անցկացնել, որի ժամանակ նախատեսվում էր քննարկել վստահության միջոցները, ինչպես նաեւ հակամարտության գոտում ՌԼԿ-ի տեղակայման հարցը, որը եռակողմ կիրառման կլիներ: Բոլոր կողմերը հավանություն տվեցին այդ նախաձեռնությանը: Վրաստանը հրաժարվեց»,-հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Յուրի Պոպովը:

Պաշտոնական Թբիլիսին ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ անարդյունավետ է համարում աշխատանքը հանձնաժողովի շրջանակներում եւ պնդում է, որ բանակցությունների ձեւաչափը փոխվի:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---