Հայաստանը հաղորդակից կդառնա համաշխարհային մշակույթին եւ կներկայացնի աշխարհին իր մշակույթը

Շաբաթվա մշակութային տեսությունը` 01.02-07.02

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցան The No Smoking Orchestra խմբի հետ միասին մարտի 5-ին հանդես կգա Ալեքսանդր Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Եվ եթե այդ նորությունը անակնկալ դարձավ Հայաստանի հասարակության համար, ապա «Deep Purple» լեգենդար ռոք խմբի համերգի մասին, որը տեղի կունենա մայիսի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հայտնի էր դեռ անցած տարվա վերջում: Սակայն համերգի կազմակերպիչները` Vibrographus ընկերությունը եւ «ՀայՌուսգազարդը» հիշեցնում են, որ համերգի տոմսերը կթանկանան փետրվարի 9-ից, ինչը սակայն չի խանգարի հայ հանդիսատեսին հաղորդակից դառնալ համաշխարհային մշակույթին:

PanARMENIAN.Net - Սակայն, հայկական մշակույթը կներկայացվի նաեւ երկրից դուրս` փետրվարի 22-ից մայիսի 9-ը Լոնդոնում եւ Բրիստոլում տեղի կունենա փառատոն, որը նվիրված է Սերգեյ Փարաջանովի հիշատակին: Այդ խոշոր մշակութային միջոցառումը հնարավորություն կտա բրիտանացիներին ծանոթանալ Փարաջանովի գործունեության հետ, որի տաղանդը վեր է կրոնական եւ քաղաքական սահմանափակումներից: Իսկ մարտի 12-13-ը Մոսկվայի պետական կինոդերասանի թատրոնում տեղի կունենա Էդգար Հակոբյանի ջութակի շոուն:

Անցած շաբաթ հոլանդական Մաասլուս քաղաքի բնակիչները հնարավորություն ստացան կարդալ հայ բանաստեղծ Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն: Դա առաջին գիրքն է, որը վերջին տասնամյակների ընթացքում հայերենից թարգմանվել է հոլանդերեն: Երկրորդ գիրքը կլինի «Սասունցի Դավիթ» էպոսը, որը լույս կտեսնի ապրիլ ամսին: Երկու գրքերի թարգմանիչն է Աննա Մարիա Մարտիրոսյան-Մաթթհարան:

Հատուկ ուշադրության արժանացավ հայերեն լեզվով տպագրվող մանկական ամսագրերի համալրման փաստը: «Կաքավիկ» հայալեզու ամսագիրը լույս է տեսնում փետրվարի 1-ից, Ջուլիեթ Դավթյանի խմբագրությամբ: Ամսագիրը նախատեսված է 7 տարեկանից բարձր երեխաների համար: ԱՄՆ-ի հայ համայնքում զգացվում է հայալեզու մանկական գրականության պակասը, եւ այդ ամսագիրը կոչված է լրացնելու այդ բացը:

Ազգային ինքնության պահպանման գործում կարեւորվում է ժողովրդի տաղանդավոր որդիների եւ նրանց ստեղծագործական ժառանգության հիշատակը: Այսպես, անցած շաբաթ անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 80-ամյակը նշվել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով: Դիրիժոր Վարդան Հակոբյանի ղեկավարությամբ համերգում հնչեցին Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» բալետից Սյուիտը եւ «Անտունի» բալետից Պասկալիան, Ալեքսանդր Սպենդիարյանի «Երեք արմավենին» եւ Սերգեյ Փարաջանովի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետից հատվածներ:

Վահան Տերյանի 125-ամյակը նշելու համար ՀՀ-ի վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով: Հոբելյանական միջոցառումների շրջանակներում ամենակարեւոր իրադարձությունը կլինի Վահան Տերյանի թանգարանի ստեղծումը: Այդ հարցը քննարկվել է դեռ պոետի 100-ակին նվիրված ժամանակաշրջանում: Սակայն, այդ հարցով ոչ ոք լուրջ չզբաղվեց: ՀՀ-ի վարչապետը հանձնարարել է մշակույթի նախարարությանը, որպեսզի ուսումնասիրվեն թանգարանի ստեղծման հնարավոր վայրերը: Ներկայումս, պոետի 900 անտիպ բանաստեղծությունները, նրա արխիվները, ձեռագրերը եւ անձնական իրերը գտնվում են իր հայրենի Գանձա գյուղում, Չարենցի տուն-թանգարանում եւ աշխարհի տարբեր անկյուններում: Տերյանի դուստր Անահիտը համաձայն է փոխանցել Հայաստանին այդ արխիվները միայն այն դեպքում, եթե ստեղծվի պոետի թանգարանը:

Ինչ վերաբերվում է մեր ժամանակակիցներին, ապա հասարակության դատին իրենց ստեղծագործություններն են ներկայացրել լուսանկարիչ Հայկ Շալունցը եւ դաշնակահարուհի Մարիաննա Ուզանկիչյանը: Իսկ հայկական շոու բիզնեսի նվաճումներն աշխարհին ցուցադրելու համար «Եվրատեսիլ 2010» երաժշտական մրցույթին մասնակցելու համար կպայքարեն 10 երիտասարդ կատարողներ: Լավագույնը կընտրվի sms-քվեարկության միջոցով եւ ժյուրիի որոշմամբ: Մեզ մնում է սպասել, թե ինչպես հանդես կգա մեր երգիչներից մեկը, որը հուսով ենք պատվով կներկայացնի Հայաստանը, եւ Եվրոպայի հեռարձակողների միության անդամ երկրների ակտիվ քվեարկություն ակնկալել:

Անուշ Պետրոսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---