Թուրքիայի վարչապետի հակահայկական հայտարարությունն բուռն արձագանք է ստացել Հայաստանում

Մարտի 15-20-ը տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների ամփոփում

Հայաստանում ներքաղաքական շաբաթը սկսվեց խորհրդարանի քառօրյա նիստով: Թուրքիայի ղեկավարությանը, որը ստորագրում է մի փաստաթղթի տակ, հետո անում է այդ փաստաթղթղին հակասող հայտարարություններ, պետք չէ լուրջ վերաբերվել: Այդ մասին լրագորղներին հայտնել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքերով, նման գործողությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի ղեկավարությունը չի հարգում ոչ պայմանավորվածությունները, ոչ իրեն: «Ինչ վերաբերվում է Արձանագրությունների վավերացմանը, ապա կրկնում եմ, մենք քննարկել ենք այս հարցը կոալիցիայի գործընկերների հետ եւ մնում ենք նախկին դիրքերում. քանի դեռ Թուրքիան չի վավերացրել Արձանագրությունները, հայկական խորհրդարանը ոչինչ չի անելու»,- ասել է Աբրահամյանը:

PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը որոշել է պաշտոններից հետ կանչել կուսակցության անդամներին` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանին: «Նման քաղաքական գործիչներն ինքնին կուսակցությանն են անհրաժեշտ»,- նախարարների հրաժարականը մեկնաբանել է ՀՀ ԱԺ «Օրինաց Երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը:

Այդ կապակցությամբ նա ավելացրեց նաեւ, որ նախարարների հրաժարականը չի նշանակում, որ կուսակցությունը դժգոհ է նրանց աշխատանքից: Հեղինե Բիշարյանը հաղորդեց, որ Գուրգեն Սարգսյանը զբաղվելու է կուսակցության տնտեսական բլոկով, իսկ Մհեր Շահգելդյանը` քաղաքական:

«Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության նախագահն ավելացրեց, որ քաղխորհուրդը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հաստատմանը կներկայացնի 2009 թվականի ապրիլից պետության ղեկավարի խորհրդական հանդիսացող Մանուկ Վարդանյանի թեկնածությունը` տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնի եւ Հայաստանի Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանի թեկնածությունն արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնի համար:

Նույն օրը քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, այս հարցի շուրջ իրարանցումը դուրս է գալիս ղարաբաղյան գործընթացի շրջանակներից: «Քաղաքական հեռանկարում ղարաբաղյան հիմնահարցի իրավաբանական կարգավորման ոչ մի հնարավորություն չեմ տեսնում: Չկան հույսեր, որ հակամարտությունը արագ լուծում կստանա»,-ասել է քաղաքագետը:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն րնդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պետության դեսպան Շեմի Ցուրին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: վարչապետը ողջունել է հյուրին եւ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Կառավարության ղեկավարը կարեւորել է հայ-իսրայելյան հարաբերությունների զարգացման մեծ ներուժը:

ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը մարտի 15-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Ես որոշ առումով համաձայն եմ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում նշված գնահատականի հետ, որը վերաբերում է Հայաստանում մարդու իրավունքներին, սակայն ամբողջությամբ զեկույցը լիարժեք չէ», - ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը:

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանում, ինչպես բոլոր երկրներում, գոյություն ունեն մարդու իրավունքներին, կոռուպցիային եւ ժողովրդավարության զարգացման մակարդակին վերաբերող հիմնախնդիրներ, սակայն դրանք նորություն չեն, եւ այդ հիմնախնդիրների արմատները մարդկության պատմության խորքում են: «Զեկույցը լիարժեք չէ, քանի որ դրանցում նշված չեն այն բոլոր փաստերը, որոնք Հայաստանում առաջընթաց են գրանցել մարդու իրավունքների եւ ժողովրդավարության զարգացման բնագավառում, որի ակնառու օրինակներն են` ՀՀ նախագահի որոշումը համաներման մասին, Հասարակական խորհրդի ստեղծումը եւ ոստիկանության համակարգում իրականացրած բարեփոխումները», - նշել է նա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն, իր հերթին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է հետեւի իր երկրի գործողություններին ամբողջ աշխարհում, հետո միայն այլ երկրների մասին զեկույցներ գրի:

«Ադրբեջանը չի հրաժարվում հիմնախնդրի էությունը, հակամարտության բուն պատճառները եւ բանակցային գործընթացն աղավաղելու փորձերից: Նախ` անհրաժեշտ է արձանագրել, որ այսօր գոյություն ունի միայն մեկ փաստաթուղթ, որը կողմերը ընդունել են որպես հիմք բանակցությունների համար: Դա 2007 թվականի մադրիդյան փաստաթուղթն է: Միջնորդների կողմից պարբերաբար ներկայացվում են աշխատանքային առաջարկներ, որոնք քանի դեռ համաձայնեցված չեն կողմերի հետ, չեն կարող փոխարինել մադրիդյան փաստաթուղթը: Եթե Ադրբեջանը հերթական անգամ փորձ է կատարում հրաժարվելու մադրիդյան փաստաթղթից, ինչը նա անում էր մեկ տարուց ավելի փաստաթուղթը ընդունելուց հետո, ապա թող հայտարարի դրա մասին», - ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսպես է մեկնաբանել ԼՂ հակամարտության կարգավորման մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը:

Բացառված չէ, որ այդ տարի ապրիլի 24-ին ԱՄՆ հայկական համայնքին ուղղված ելույթում նախագահ Բարաք Օբաման կարտասանի «ցեղասպանություն» տերմինը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախկին ԱԳՆ ղեկավար Արման Մելիքյանը: «Օբաման ավելի շուտ կարտասանի «ցեղասպանություն» բառը, քան ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Մելիքյանը, ավելացնելով, որ ի տարբերություն Կոնգրեսի որոշման, ԱՄՆ նախագահի հայտարարությունն իրավաբանական ուժ չունի: Միաժամանակ նա նշեց, որ ԱՄՆ-ն իր գործողություններով կարող է ավելի սրել իրավիճակը, որը Հայաստանին ոչ մի օգուտ չի տա: «ԱՄՆ գործողությունների ուղղակի հետեւանքը կլինի ռուս-թուրքական հարաբերությունների խորացումը, ինչը կարող է ռազմավարական բնույթ ստանալ: Դա բացասական ազդեցություն է ունենալու մեր շահերի վրա ղարաբաղյան հակամարտությունում»,- ասել է Մելիքյանը

«Ես կարծում եմ, որ այս տարի ոչ միայն ԱՄՆ նախագահն ապրիլի 24-ին Ամերիկայի հայ համայնքին հղված իր ուղերձում կօգտագործի «ցեղասպանություն» տերմինը, այլեւ ԱՄՆ Կոնգրեսը նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Գլոբալիզացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Եթե Թուրքիան շարունակի Միացյալ Նահանգների հանդեպ իր ներկայիս քաղաքականությունը, ապա հետեւանքները բավական անցանկալի կլինեն հենց Թուրքիայի համար: «Եթե ԱՄՆ նախագահն ու Կոնգրեսը ցանկանում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա թող չկապեն դա հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացի հետ եւ չքաղաքականացնեն այդ հարցը»,- նշեց Գրիգորյանը` ավելացնելով, որ այդ գործողությունների հետեւանքները կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա:

Մարտի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պետք է պլանային դիտարկում իրականացներ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ: Սակայն ադրբեջանական կողմը ձախողել է դիտարկումը` ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներին դուրս չբերելով նախօրոք փոխհամաձայնեցված դիտակետ:

Ավելի վաղ ղարաբաղյան կողմը երեք անգամ պնդել է, որ դիտարկումն իրականացվի շփման գծի հենց այս հատվածում, որտեղ Ադրբեջանի զինված ուժերի կողմից տեղի են ունեցել զինադադարի ռեժիմի բազմակի կոպիտ խախտումներ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Մարտի 16-ին Հայ ազգային կոնգրեսը երթ էր կազմակերպել, եւ Եվրախորհրդի երեւանյան գրասենյակ է հանձնել երկրի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագիր: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Մարտի 16-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բերնար Ֆասյեի (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) հետ: Հանդիմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցելության հնարավորությունը: Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեցին մարտի 5-ին Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ իրենց ունեցած քննարկումների արդյունքների մասին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 17-ին հյուրընկալել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինին եւ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին:

Երեւանում Ռուսական Առաքելական եկեղեցու պատվիրակությունը պատրիարք Կիրիլի գլխավորությամբ եւ Գարիեգին 2-րդի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ:

Պատրիարքը ծաղկեպսակ է դրել հավերժական կրակի մոտ եւ այցելել Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան: Հավերժական կրակի մոտ ՌՈՒԵ եւ ՀԱԵ առաջնորդները հոգեհանգստի պատարագ են մատուցել:

Մարտի 25-26-ը Հայաստանում ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ տեղի է ունենալու Սոցիալիստական ինտերնացիոնալի միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրների սոցիալիստական կուսակցությունները: Այդ մասին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը:

Թուրքիայի վարչապետը պետք է ամաչի նման հայտարարություններից: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով Էրդողանի սպառնալիքը «Թուրքիայից 100 հազար ապօրինի ներգաղթաց հայերին արտաքսելուե մասին: Սաֆրաստյանի խոսքով, Թուրքիան, հանդիսանալով Հայոց ցեղասպանության մեջ մեղավոր Օսմանյան կայսրության իրավահաջորդը, նման հայտարարություններով հաստատում է, որ վերջին 100 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել: «Հայոց ցեղասպանության` աշխարհի բոլոր հեղինակավոր գիտապատմական կենտրոնների կողմից ճանաչված փաստի ժխտման քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ այսօր հարեւան պետության` ստի վրա հիմնված քաղաքականությունը շարունակում է գործել»,- ընդգծեց պրոֆեսորը:

Թուրքիայի վարչապետը չափազանցրել է Թուրքիայում հայ գաղթականների թիվը: Այդ մասին Հայաստանի Ազգային Ժողովում կառավարական ժամի ընթացքում հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` մեկնաբանելով իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Թուրքիայից հայ գաղթականների արտաքսման վերաբերյալ:

«Մենք Թուրքիայում հայ գաղթականների քանակի մասին կոնկրետ տվյալներ չունենք: Այդ թիվը ճշտելու համար անհրաժեշտ է աշխատել դիվանագիտական ուղիներով»,- ասաց Հայաստանի վարչապետը` ընդգծելով, որ հայերը Թուրքիա են գաղթում ոչ միայն Հայաստանից, այլեւ ուրիշ երկրներից:

Ինչ վերաբերում է Էրդողանի հայտարարության քաղաքական գնահատականին, ապա Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ իր թուրք պաշտոնակցի հայտարարությունները չեն նպաստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Ես չեմ համարում, որ նման մեթոդներով հարաբերությունները կարգավորելը ճիշտ է: Հայ-թուրքական գործընթացի հարցում մեր դիրքորոշումը պարզ է, եւ մենք չպետք է հետ կանգնենք մեր սկզբունքից թուրքական կողմի յուրաքանչյուր հայտարարության պատճառով»,- ասաց ՀՀ վարչապետը` ավելացնելով, որ չարժե թուրքական կողմի, այդ թվում Ռեջեփ Թայիփ Էրդողանի յուրաքանչյուր հայտարարությունը կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների հետ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի17-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում քննարկվել են Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթի» շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Եվրոպական միության եւ նրա արեւելյան գործընկերների միջեւ քաղաքական ասոցիացման ու հետագա տնտեսական ինտեգրման անհրաժեշտությունը` նշելով, որ խորհրդարանական համագործակցությունը էապես կարող է խթանել այդ գործընթացները: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Եվրանեսթի դերը Արեւելյան գործընկերության ծրագրի նպատակների իրականացման մեջ:

Թուրքիայի վարչապետն անթույլատրելի հայտարարություն է արել: Այդ մասին Երեւանում Սլովակիայի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ցավոք սրտի նման հայտարարություններ Թուրքիայում արվում են ոչ առաջին անգամ: Հենց այդ հայտարարություններն են նախորդել 1915-ին Հայոց ցեղասպանությանը, նման հայտարարություններ են արվել Սումգայիթում եւ այլ ադրբեջանական քաղաքներում հայերի կոտորածներից առաջ»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 17-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում` Նոյեմբերյանի շրջանում խախտել են հրադադարի ռեժիմը եւ գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը:

Նույն օրը սակայն ադրբեջանական հենակետերից կրակ է արձակվել Կոթի գյուղի շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ: Տուժածներ եւ վիրավորներ չկան:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ՌԴ ԱԴԾ սպա, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել: Արարողությունից հետո կայացած ճեպազրույցում կողմերը բարձր են գնահատել ՀՀ ԱԱԽ քարտուղարի Ռուսաստան կատարած այցի արդյունքները: Նիկոլայ Պատրուշեւը նշել է, որ իր պաշտոնակցի հերթական այցի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ ու բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, մշակվել է միասնական դիրքորոշում, քանի որ աշխարհը դինամիկ փոխվում է, առաջանում են նոր մարտահրավերներ, եւ անհրաժեշտ է արձագանքել դրանց:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կառույցներում համագործակցությանը:

Դավիթ Բաքրաձեն վերահաստատել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով Վրաստան այցելելու իր հրավերը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետեւում է, որ այդ երկիրը 1915-ից ի վեր չի փոխվել, եւ այնտեղ ապրող հայերին լուրջ վտանգ է սպառնում: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, Թուրքիայում բնակվող հայերը պետք է անհապաղ թողնեն երկիրը, քանի որ այդ հայտարարությունները նրանց համար սպառնալիք են: Ազգայնական տարրը կարող է յուրօրինակ ազդանշան հանդիսանալ հակահայկական գործողությունների համար:

Հայաստանի հարաբերություններն աշխարհի երկրների հետ դրական են, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է աշխատենք մեզ վրա: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքերով, առաջին հերթին հայ ժողովրդի միջից պետք է վերացնել վախի սինդրոմը: «Թուրքիայի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ հնարավոր է երկրից վտարվեն 100 հազար հայաստանցի անօրինական ներգաղթյալներ, հրաբխի ազդեցություն է ունեցել ժողովրդի մեջ»,- ասել է Սահակյանը:

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Թուրքիայից 100 հազար անօրինական հայ ներգաղթյալների հնարավոր արտաքսման մասին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, եւ համապատասխան փաստաթուղթ է պատրաստում, որպեսզի ուղարկի Եվրոպայի Խորհրդի բոլոր երկրներին, քանի որ այդ հայտարարությամբ Թուրքիան խախտել է Եվրոպայի Խորհրդի նորմերը: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են

Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---