Հայաստանում անշարժ գույքի գների անկում առաջիկա ամիսներին չի սպասվում

Երևանում բնակարանների միջին գինը 2010-ի առաջին եռամսյակի դրությամբ կազմել է 1 քմ համար 271 400 դրամ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն այս շաբաթ ներակայացրեց հանրապետության անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև մինչև տարեվերջ կանխատեսումները: Չնայած նրան, որ կոմիտեի մասնագետները կանխատեսում են անշարժ գույքի շուկայի ոչ մեծ աշխուժություն, մասնավորապես, պահպանվում է անշարժ գույքի գործարքների աճի միտումն այս տարվա ընթացքում, այնուամենայնիվ, Հայաստանում գների անկում մոտակա ամիսներին չի սպասվում:

PanARMENIAN.Net - Վերջին տարիների ընթացքում շինարարությունը մեծ տեղ է զբաղեցնում ՀՆԱ կառուցվածքում, և հենց շինարարության ոլորտի ծավալների աճի հաշվին ապահովվում է երկրի տնտեսության աճը: Ուստի, զարմանալի չէ, որ համաշխարհային ճգնաժամը բացասական ազդեցություն է ունեցել անշարժ գույքի շուկայի վրա: Այդ շրջանում գործարքների քանակը 2007-ի օգոստոսի համեմատ կրճատվել է 10.6 տոկոսով, իսկ հուլիսի համեմատ` 12.4 տոկոսով: 2008-ի օգոստոսից գրանցվել է գործարքների և գների կտրուկ նվազում, սակայն, սկսած 2009-ի սեպտեմբերից, շուկան սկսել է վերականգնվել: Անշարժ գույքի գները սկսել են անկում ապրել , և Երևանում 2008-ի օգոստոսին գները նույն տարվա հուլիսի համեմատ նվազել են 1.8 տոկոսով:

Հայաստանում անշարժ գույքի շուկայի կայունացումը սկսվեց 2009-ի սեպտեմբերից. ամեն ամիս սկսեցին աճել անշարժ գույքի գների և գործարքների գները: Այսպես, 2009-ի սեպտեմբերին կնքված գործարքների թիվը 2009-ի օգոստոսի հետ համեմատած աճել է 6.1 տոկոսով, իսկ Երևանում բնակարանների գներն աճել են 0.8 տոկոսով, մարզերում` 0.6 տոկոսով:

Ինչ վերաբերվում է 2010թ. առաջին եռամսյակին, ապա այդ ժամանակահատվածում Երևանում բնակարաններն անցյալ եռամսյակի համեմատ աճել են 2.6 տոկոսով, մարզերում` 1.5 տոկոսով: 2010-ի առաջին եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 36499 գործարք, որոնց քանակը 2009թ. չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 24.3 տոկոսով, իսկ 2009թ. առաջին եռամսյակի համեմատ աճել` 27.9 տոկոսով: Շուկայում առավել մեծ ակտիվություն գրանցվել է Կոտայքի և Արարատի մարզերում, որտեղ կնքվել է գործարքների ընդհանուր թվի 13.6 և 8.4 տոկոսը, ընդ որում գործարքների ընդհանուր թվի 32.2 տոկոսը կնքվել է Երևանում: Հանրապետության մարզերում կան անշարժ գույքի աշխուժացման միտումներ: Այսպես, եթե 2001-ին մարզերում կնքվել է գործարքների ընդհանուր թվի 49.8 տոկոսը, ապա 2004-ին այդ ցուցանիշը կազմել է 58.2 տոկոս, իսկ 2010-ի առաջին եռամսյակում` 67.8 տոկոս:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 2009-ի չորրորդ եռամսյակի հետ համեմատած Երևանի բազմաբնակարանային շենքերում 1 քմ-ի գինն ավելացել է 2.6 տոկոսով, իսկ այլ քաղաքներում այդ ցուցանիշը կազմել է 1.5 տոկոս: Սակայն, պետք է նշել, որ Երևանի կենտրոնում բնակարանների գները մոտ երկու անգամ գերազանցում են ողջ մայրաքաղաքի միջին շուկայական գները: Երևանում բնակարանների ամենաբարձր գները շարունակում են մնալ Կենտրոն համայնքում` 470 600 1քմ համար: Ընդ որում Երևանում բնակարանների միջին շուկայական գները 2010-ի առաջին եռամսյակում կազմել են 271 400 դրամ 1 քմ համար, Արաբկիր համայնքում 1 քմ համար գները կազմել են 373 900 դրամ, Քանաքեռ-Զեյթուն համայնքում` 248 000 դրամ, Դավիթաշենում` 270 300 դրամ, Աջափնյակում` 239 300, Մալաթիա-Սեբաստիայում` 236 700 դրամ:

Անշարժ գույքի ամենաբարձր գները գրանցվել են Կոտայքի և Արմավիրի մարզերում: Այսպես, Աբովյանում 1 քմ բնակմակերեսի գինը միջինում արժի 160 000 դրամ, իսկ Էջմիածնում` 156 900 դրամ: Համեմատաբար ցածր գներ են Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում: Երևանում և Հայաստանի մարզերում առանձնատների գներն աճել են 2.9 տոկոսով: Երևանում 1 քմ բնակմակերեսի գինը կազմել է 281 000 դրամ: Ամենաբարձր գները կրկին գրանցվել են Կենտրոն համայնքում` 484 200 դրամ, ամենացածր գինը գրանցվել է Նուբարաշենում` 147 200 դրամ:

Այսօր Հայաստանի ֆինանսական շուկայի առաջ ծառացած է «երկար փողերի» խնդիրը, և դրան կարող է նպաստել հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազումը: Ընթացիկ տարվա սկզբին հիփոթեքային վարկավորման ոլորտն աճ է ապրում գնաճի դադարեցման հետ կապված, որը պայմանավորված է նոր կառավարական հիփոթեքային ծրագրերի ստեղծմամբ` «Ազգային հիփոթեքային ընկերություն ՈՒՎԿ», «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին»: Այսպիսով, հիփոթեքային վարկավորման ոլորտն ընթացիկ տարվա սկզբին աճ է ապրում: Պետք է նշել, որ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները բավականաչափ նվազել են 2009-ին, և հիմա կազմում են 8,5-13 տոկոս այն դեպքում, երբ երկու տարի առաջ կազմում էին 16-20 տոկոս: Բարձրացել է բնակչության հետաքրքրության մակարդակը, և հույս կա, որ մինչև տարեվերջ շուկան կակտիվանա: Բացի դրանից, Հայաստանում շինարարության ծավալները մոտ ժամանակները կարող են աճել Ռուսաստանում և Ուկրաինայում գրանցված տնտեսական աճի շնորհիվ: Տնտեսական աճն այդ երկրներում հանգեցնելու է դրամական փոխանցումների աճին, ինչն իր հերթին հանգեցնելու է մասնավոր հատվածում շինարարության աճին:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---