Հայաստանը նախորդ շաբաթվա ընթացքում հյուրեր էր ընդունում արտասահմանից

Մայիսի 3-9 տեղի ունեցած մշակութային իրադարձությունների ամփոփում

Անցած շաբաթը համարձակ կարելի է անվանել Հայաստանի միջազգային մշակութային շաբաթ, քանի որ վերջին 7 օրերի ընթացքում Երևանի երաժշտական բեմերն ընդունում էին միջազգային փառատոների մասնակիցների, թատերական բեմերը` արտասահմանից ժամանած հյուրերի, իսկ կինոթատրոնները ցուցադրում էին արտասահմանցիների նկարահանած ֆիլմերը Հայաստանի և հայերի մասին:

PanARMENIAN.Net - Շաբաթը սկսվեց մի քանի միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված ցուցահանդեսով, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և «Տեղեկատվության ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Մամուլի ազատության օրվա կապակցությամբ մայիսի 3-ին Երևանում բացվեց «Մամուլի ազատություն. տեղեկատվության ազատության իրավունք» թեմայով ցուցահանդեսը:

Մայիսի 4-ին հայտնի դարձավ, որ հայ երաժիշտ, քանոնահար Հասմիկ Լեյլոյանը պարգևատրվել է ԱՄԷ բարձրագույն պարգևով: Ինչպես հայտնել է Հասմիկ Լեյլոյանը մամլո ասուլիսի ժամանակ, նա Abu Dhabi Festival-ում տեղի ունեցած միջազգային երաժշտական փառատոնի առաջին հայաստանցի մասնակիցն էր: Փառատոնը անցկացվել է մարտի 20-ից մինչև ապրիլի 7-ը: Հայկական ժողովրդական երգերի և դասական երաժշտության նրա կատարումը քանոնով նվաճել է հանդիսատեսի սրտերն ԱՄԷ ղեկավարի գլխավորությամբ:

Նույն օրը մեկնարկել են Վրաստանում հայկական մշակույթի օրերը: Դրանք բացվել են Շոթա Ռուսթավելու անվան Պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցած գալա-համերգով: Դրանից մեկ օր առաջ Թբիլիսիի Վ. Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան քառյակի համերգը, իսկ Ա. Քութաթելաձեի անվան գեղարվեստի ակադեմիայում բացվեց Զավեն Սարգսյանի` «Հայաստանի պատմամշակութային հուշարձանները» խորագիրը կրող ցուցահանդեսը: Երեկոյան Թբիլիսիի` Պետրոս Ադամյանի անվան թատրոնում մեկնարկեց «դարավոր բարեկամության ճամփաներով» թատերական փառատոնը: Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հանդիսավորությամբ բացվեց հանրահայտ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի հուշատախտակը: Ռուսթավելու անվան պողոտայում Վրաստանում Հայաստանի դեսպանության, Թբիլիսիի քաղաքապետարանի և Վրաստանի շախմատի ֆեդերացիայի ջանքերով բացվեց ևս մի հուշատախտակ` նվիրված շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Անցյալ շաբաթ Երևանում շարունակվում էր «Ազգային պատկերասրահ» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակներում տեղի ունեցավ երիտասարդ, բայց արդեն հայտնի երաժիշտների համերգը` շվեդ ջութակահար Հյուգո Տիչիատիի և հայ դաշնակահար Հայկ Մելիքյանի մասնակցությամբ, որոնք ներկայացրեցին Բո Լինդեի, Արվո Պյարտայի, Տիգրան Մանսուրյանի, Բելա Բարտոկի և այլ կոմպոզիտոների ստեղծագործությունները: Իզուր չէ, որ փառատոնը կոչվում է «Ազգային պատկերասրահ», չէ որ բացի դասական երաժշտություն ներկայացնելուց այն հետապնդում է մարդկանց Հայաստանի Ազգային պատկերասրահի գործունեության հետ ծանոթացնելու նպատակ:

Մայիսի 7-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի դահլիճում տեղի ունեցավ ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգը` նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 65-ամյակին: Հայաստանից մասնակցում էին Արամ Բեքնազարյանը` հարվածայիններ, Լուսինե Հարությունյանը` ջութակ, Աշոտ Դումանյանը` ջութակ, Շաղիկ Մարտիրոսյանը` ջութակ, Տաթևիկ Շահինյանը` ջութակ, Վերոնիկա Վարդպատրիկյանը` ալտ, Արտեմ Նաղդյանը` թավջութակ: Այս եզակի կոլեկտիվի առանձնահատկությունն այն է, որ նվագախմբի հետ աշխատում են Համագործակցության լավագույն դիրիժորները: Այս տարի դա կլինի հայտնի երաժիշտ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովը: Համերգին կմասնակցի նաև ականավոր դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դենիս Մացուևը:

Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում մայիսի 8-ին ՀՀ ԱԺ այգում կայացել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված համերգ: Երևանի և Հայաստանի բնակիչների ու պատերազմի վետերանների համար նվագել է ՊՆ ԳՇ Ռազմական նվագախումբը և ելույթ են ունեցել հայկական էստրադային աստղերը:

«Օքսֆորդ Փլեյհաուս» խմբի այցը Հայաստան կարևոր միջոցառում է Հայաստանում բրիտանական խորհրդի համար, քանի որ մենք ամեն տարի մեկնում ենք մասնակցելու Էդինբուրգի փառատոնին և ընտրում ենք լավագույն դերասաններին` Երևանում հանդես գալու համար», - մայիսի 8-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը: «Օքսֆորդ Փլեյհաուս» խումբը Հայաստանում կներկայացնի «Մեկ փոքրիկ քայլ» բեմադրությունը, որը պատմում է լուսնի վրա առաջին վայրէջք կատարելու շուրջ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև ծավալված պայքարի մասին: Իր տպավորությունների մասին խոսելով, թատերախմբի մասնակիցներ Ռոբին Հեմինգսը և Օլիվեր Միլինգհեմն ընդգծել են, որ «մշակութային առումով Երևանը շատ հզոր քաղաք է»:

Երևանում առողջ հումոր խոստանում են ներկայացնել «Հայկական ռադիո» ծիծաղի համաշխարհային փառատոնի ներկայացուցիչները: Այդ մասին հայտնի դարձավ Երևանում «Comedy Club» նախագծի հեղինակներից մեկից` հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանից: Սեպտեմբերի 24-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Հայկական ռադիո» գալա-համերգը: Այդ իրադարձությամբ Հայաստանում կմեկնարկի «Հայկական ռադիո» ծիծաղի համաշխարհային փառատոնը: Փառատոնի կարգախոսներից մեկը կլինի « Դե սպասիր, Օդեսսա. Հումորի նոր մայրաքաղաքն այսուհետ Երևանն է լինելու»: Փառատոնին կմասնակցեն դերասաններ Ռուսաստանից և արտերկրից: Փառատոնի պաշտոնական լեզուն ռուսերենն է, ուստի, ինչպես նշում են կազմակերպիչները, դեռ ժամանակ կա այն սերտելու: Շոուն վարելու է հանրահայտ դերասան Էդի Մերֆին:

Աշխարհում բացի հայկական հումորից բարձր է գնահատվում մեր հնագույն քրիստոնեական մշակույթը: Մայիսի 6-ին Լեյդենի համալսարանի գրադարանում բացվեց «Հայերը. Հնագույն քրիստոնեությունը երիտասարդ երկրում» ցուցահանդեսը` նվիրված 1660թ.-ին Ամստերդամում հայ գրքի տպագրության 350 ամյակին: Բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ համալսարանականներ, ուսանողներ, Նիդերլանդների հայկական համայնքի ներկայացուցիչներ: Ցուցահանդեսում ներկայացված են Լեյդենի համալսարանում պահվող հայկական ձեռագիր մատյաններ և տպագիր գրքեր, որոնցից է 11-րդ դարի մագաղաթյա գիրքը` ժամանակակից թարգմանությամբ: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 31-ը:

Մայիսի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված «Վէմ մեդիա արուեստներ» ստուդիայի նկարահանած «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերային, որը ցուցադրվելու է երեկոյան, «Մոսկվա» կինոթատրոնում: «Արարատից Սիոն»-ը ներկայացնում է հայ ժողովրդի դերը և ներդրումը մարդկության պատմության մեջ: Ֆիլմի բնօրինակը անգլերեն լեզվով է, և ֆիլմի տեքստը պատմում է մեծանուն հոլիվուդյան դերասան Էյդան Քուինը: Ֆիլմում հնչում է այսօր համաշխարհային կինոյի ամենահայտնի երաժշտական հանճար Լիզա Ջերարդի ձայնը: Ֆիլմը մտել է ութ միջազգային կինոփառատոների եզրափակիչ մրցանակային փուլ: Մայիսի 12-ից Միացյալ Թագավորությունում կայանալիք համաշխարհային պրեմիերայով սկսվում է ֆիլմի շրջագայությունը աշխարհում: Ֆիլմը ծրագրվում է ցույց տալ խոշորագույն ամերիկյան, եվրոպական և ռուսական հեռուստաալիքներով:

Երևանում նկարահանվում է Խաչատուր Աբովյանի մասին էստոնական վավերագրական ֆիլմ: Այն իրականացնում է Vesilind պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Ռիո Վեստրիկն իր խմբով:Նկարահանման աշխատանքները կատարվում են երեք երկրներում` Հայաստանում, Թուրքիայում և Էստոնիայում: Թուրքիայում աշխատանքներն արդեն ավարտվել են, ավարտին են մոտենում նաև Հայաստանում կատարվող նկարահանումները: Ֆիլմի համար նյութեր հավաքելու նպատակով նկարահանող խումբը եղել է Խոր Վիրապում, Էջմիածնում, մի քանի անգամ այցելել է գրողի տուն-թանգարան և բոլոր այն վայրեր, որոնք կապված են Խաչատուր Աբովյանի հետ: «Խաչատուր Աբովյանը Էստոնիայում հայտնի է շնորհիվ Ֆրիդրիխ Պարրոտի հետ ունեցած ծանոթության, Տարտուի համալսարանում սովորելու և իր հասարակական գործունեության», - ընդգծել է Ռիո Վեստրիկը: Ֆիլմը պատմում է ոչ միայն գրողի մասին, այլև Պարրոտի հետ նրա հարաբերությունների, Արարատ կատարած նրանց վերելքի մասին:

«Ցեղասպանության որբեր» փաստագրական ֆիլմը, որը նկարահանվում է ԱՄՆ-ում, պատմում է Բեյրութի մոտ գտնվող Անթուրայի հայկական որբանոցի մասին, որտեղ հայ երեխաներին մահմեդականացնում էին: «Ցեղասպանության զոհերը» 18 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ է, որը նվիրված է Հայոց ցեղասպանությունից հետո որբացած 150.000 հայ որբերին: Ֆիլմը նկարահանվել է լրագրող Ռոբերտ Ֆիսկի The Independent-ում տպագրած հոդվածից հետո: Սիլիկոնե հարթավայրից ինժեներ Մաուրիչե Միսաք Քելեչյանը հետաքննություն է անցկացրել և հայտնաբերել է Բեյրութից ոչ հեռու գտնվող Անթուրայի մանկատունը, որը ղեկավարում էր Ահմեդե Ջեմալ փաշան: Այդ որբանոցը հայ երեխաների մահմեդականացման կենտրոն էր: Ներկայում «Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրոդյուսերներն աշխատում են վավերագրական ֆիլմի մեկ ժամանոց տարբերակի վրա, որտեղ ներառվելու է նաև Ռոբերտ Ֆիսկի բացառիկ հարցազրույցը:

Շաբաթվա վերջում մեկնարկել են Շուշի քաղաքի Ազատագրման օրվան նվիրված միջոցառումները: Մայիսի 7-ին «Նարեկացի» արվեստների միությունում բացվել է Գայանե Շուշեցու ցուցահանդեսը` նվիրված Շուշիի ազատագրման 18-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են արցախցի նկարչուհու մոտ 20 աշխատանքներ:

Անցյալ շաբաթ տեղի ունեցավ տխուր իրադարձություն. Կյանքի 81-րդ տարում իր մահկանացուն կնքեց արդի հայ կերպարվեստի խոշորագույն վարպետներից մեկը` Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանը: Նկարչի տաղանդի երկրպագուները կարողացան վերջին հրաժեշտը տալ նրան մայիսի 7-ին Հայաստանի Նկարիչների միությունում: Սա իհարկե մեծ կորուստ է հայկական արվեստի համար, սակայն նրա աշխատանքները և նրա մասին հիշողությունը հավերժ կմնա երկրպագուների սրտերում:

Մանե Ամիրջանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---