Հայաստանում աղքատության մակարդակը կարելի է կրճատել գյուղատնտեսական արտադրության ավելացման հաշվին

Համաշխարհային բանկի գնահատմամբ, 2010 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կարող է կազմել 27,9 տոկոս

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համաժողովի 27-րդ նստաշրջանն այս անգամ բացվեց Հայաստանում` մի երկրում, որը հանդիսանում է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տեխնիկական օժանդակության գլխավոր շահառուներից մեկը: Սա վառ վկայությունն է այն հսկայական առաջընթացի, որ արձանագրվել է այս տարածաշրջանը ներկայացնող նոր անդամ պետություններին FAO-ի գործունեության եւ ղեկավարման մեջ ինտեգրելու գործում:

PanARMENIAN.Net - Վերջին երկու տարիներին FAO-ն Հայաստանին $1,8 մլրդ է տրամադրել զանազան գյուղատնտեսական ծրագրերի իրականացման համար, ընդ որում` կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցել երկրին այն ուղղություններով, որոնք երկրի կառավարությունն առաջնային է համարում: Այս տարի կազմակերպությունն արդեն $40 մլն է հատկացրել Հայաստանին Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում լաբորատոր աշխատանքների անցկացման համար: Բացի դրանից, Հայաստանում FAO-ի կարեւորագույն ծրագրերից են` սերմնաբուծության զարգացում (ցորեն, եգիպտացորեն, կարտոֆիլ), ծրագրի արժեքը` $600 հազ., լաբորատոր հնարավորությունների հզորացում ($2 մլն), սպանդանոցների կառուցում ($1,6 հազ.), դեռեւս 2008 թվականին մեկնարկած բրուցելյոզի դեմ պայքարի ծրագրեր: Մոտ ժամանակներս նախատեսվում են նաեւ ձկնաբուծության զարգացման, գյուղատնտեսության մեջ ապահովագրության համակարգի ներդրման, անասունների գլխաքանակի հաշվառման ու համարակալման, ծիրանի գենետիկ կենտրոնի ստեղծման ու արոտավայրերի բարելավման ծրագրեր:

FAO-ն բարձր է գնահատել գյուղատնտեսության զարգացման գործում եւ սովի հաղթահարման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը: 1996-ին Համաշխարհային պարենային գագաթնաժողովի ժամանակ պետությունների և կառավարությունների ղեկավարները խոստացել են 2015-ին կիսով չափ կրճատել սովից տառապող մարդկանց թիվը: Ցավոք, այժմյան իրավիճակն ավելի շատ է մտահոգում, քան իրավիճակը 1996-ին. սովի ծավալները միայն մեծանում են` կապված գյուղատնտեսության ոլորտում ներդրումների կրճատման և պարենային մթերքների գնաճի հետ: Միայն 2009-ին սովի մատնված մարդկանց թիվն աճել է 105 մլն-ով և հասել 1 մլրդի: FAO ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հանգեցրել է գյուղատնտեսության թուլացմանը, հատկապես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում: Տարածաշրջանի երկրները բախվում են հսկայական տնտեսական դժվարությունների հետ, մասնավորապես, արտահանման շուկաների, դրամական փոխանցումների հոսքերի և մասնավոր ֆինանսավորման կրճատման հետ: FAO-ն գտնում է, որ տնտեսության աճի ապահովման և աղքատության նվազման համար ավելի հզոր շարժիչ ուժ չկա, քան ներդրումները գյուղատնտեսության մեջ:

Վերջին տասնհինգ տարիների ընթացքում Աֆրիկայի, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի մի քանի երկրներ հաջողության են հասել իրենց երկրների գյուղատնտեսական արտադրությունն ընդլայնելու եւ իրենց թերսնվող բնակչության քանակը զգալիորեն նվազեցնելու գործում: Այսինքն` մենք գիտենք, թե սովը հաղթահարելու համար ինչ է պահանջվում:

Եթե մենք պետք է կերակրենք աշխարհը, ուրեմն գյուղատնտեսության ճյուղի քաղաքականությունն ամենուր պետք է ձեւավորվի այդ հեռանկարի համաձայն: Առաջին հերթին մենք պետք է ավելի շատ արտադրենք զարգացող և անցումային երկրներում, բայց նաեւ այն երկրներում, որոնք դեռեւս ունեն արտադրության չօգտագործվող ներուժ: Եվ որպեսզի այս ջանքերից շահեն ամենաաղքատները եւ սովյալները, գյուղատնտեսական ապրանքների միջազգային առեւտրի կանոնները պետք է օժանդակեն աշխարհում առկա սովը վերացնելու նպատակին, ինչպես միաձայն վերահաստատեցին 193 անդամ պետությունները:

Ֆերմերային տնտեսությունների խոշորացումը շատ արդի խնդիր է Հայաստանի համար, քանի որ հանրապետությունում գործում են 339 հազար գյուղական տնտեսություններ, իսկ մասնավորեցումից հետո յուրաքանչյուր ընտանիքին հատկացվել է 1-1.5 հա վարելահող: Փոքր հողակտորների օգտագործումն անադյունավետ է, ուստի կառավարությունը մշակում է հողերի խոշորացման և միավորման ծրագիր: «Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում ստեղծվել են կոոպերատիվներ, որոնք հանգեցրել են ֆերմերային տնտեսությունների ծախսերի իրական կրճատման: Միավորման դեպքում սեփականության իրավունքը չի կորչում, իսկ սերմերի և պարարտանյութերի գնումն ավելի էժան է լինում»,- ասել է Ալավերդյանը: Միաժամանակ նա ավելացրեց, որ ֆերմերային տնտեսությունները պետք է խոշորանան բացառապես կամավոր հիմունքների վրա:

Հայաստանում բոլոր դրական միտումների հետ հանդերձ, որ նշել է FAO-ն, ըստ Համաշխարհային բանկի գնահատման, 2010 թվականին կանխատեսվում է 27,9 տոկոս աղքատություն բնակչության ընդհանուր թվից, որի պատճառը ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն էր երկրի վրա: FAO-ի հաջորդ խորհրդաժողովը կանցնի Բաքվում 2012 թվականին: Մինչ այդ, եթե Հայաստանի կառավարությունը սկսի վարել գյուղատնտեսության արտադրության ընդլայնմանն ուղղված քաղաքականություն` ներդնի նոր տեխնոլոգիաներ, ավելացնի ներդրումների ծավալները, խթանի արտահանումը, ապա մարզերում զբաղվածության ավելացման շնորհիվ հնարավոր կլինի հասնել երկրում աղքատության ընդհանուր մակարդակի կրճատման:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---