Անցյալ շաբաթը նվեր էր արվեստասեր հասարակության համար` ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս

Մայիսի 10-16-ը տեղի ունեցած մշակութային իրադարձությունների ամփոփում

Հայաստանը արդեն մի քանի տարի ողջ աշխարհի հետ նշում է «Թանգարանների գիշերը» և մարդկանց համարյա բոլոր թանգարանները մինչև ուշ գիշեր անվճար այցելելու տոն է նվիրում, ընդ որում թանգարաններն իրենց այցելուներին հնարավորություն են տալիս դիտել անսովոր ցուցադրություններ, ներկայացումներ և նույնիսկ ֆիլմեր Հայաստանի տարբեր մշակութային անկյուններում:

PanARMENIAN.Net -

Այս տարի թանգարանների տոնը երևանցիների և Հայաստանի բնակիչների համար մայիսի 15-ին էր` շաբաթ երեկոյան: Մշտական և ժամանակավոր ցուցադրությունները, տարբեր հեղինակների ստեղծագործությունների ընթերցումները մեկնարկեցին ժամը 18:00-ին: Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցահանդեսներից բացի կայացան նաև ֆիլմերի ցուցադրություններ, ջազ և ռոք համերգներ, տիկնիկային ներկայացումներ: Բայց «Թանգարանների գիշերի» շրջանակներից դուրս Հայաստանի Ազգային պատկերասրահն աչքի ընկավ ոչ միայն որպես ցուցահանդեսներ անցկացնելու վայր, այլ նաև երաժշտական փառատոներ: Արդեն 6-րդ անգամ այնտեղ տեղի է ունենում «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը: Մայիսի 11-ին ելույթ ունեցավ Հայաստանի ժողովրդական արտիստուհի, միջազգային մրցանակների դափնեկիր, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը:

Մայիսի 12-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Յուրի Միլոսլավսկու բնապատկեր - լուսանկարների ցուցահանդեսը: «Այս ցուցահանդեսը առանձնակի է այն բանով, որ Միլոսլավսկին մասնագիտությամբ ֆիզիկոս է: Իր աշխատանքներն անվանում է լուսանկարներ, որոնք սկզբունքորեն տարբերվում են լուսանկարներից: Նրա բնապատկերները ռուսական բնությունն են ներկայացնում, և դրանցում կարելի է տեսնել իսկական ռուսական ոգին: Նկարներում զգացվում է կյանքի փիլիսոփայությունը: 21-րդ դարում մարդուն անհրաժեշտ է բնության հետ կապը», - ընդգծեց Ազգային պատկերասրահի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանը: Մայրաքաղաքի հյուրերին զարմացրեցին Բնության պետական թանգարանում, «Մայր Հայաստան» ռազմական թանգարանում, Հայաստանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, որտեղ տեղի ունեցավ «Արևմտյան Հայաստան. Անի, Կարս և Արարատը հակառակ կողմից» ֆոտոցուցահանդեսը «Հայկական ժայռերի գովաբանումը» շարքից և հայ-թուրքական համատեղ «Արաքսի ափին» ֆիլմի ցուցադրությունը: Մայիսի 15-ին միջազգային «Թանգարանների գիշեր» ակցիայի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց վերջերս բացված Կալենցի թանգարան: Թանգարանի հիմնադիր, «Կալենց» մշակութային հիմնադրամի նախագահ, մեծանուն նկարիչ Հարություն Կալենցի որդի Սարո Կալենցի ուղեկցությամբ նախագահը և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ծանոթացան թանգարանի ցուցադրության հետ, որի մեջ մտնում են Հարություն Կալենցի և նրա կնոջ` Արմինե Կալենցի նկարները: Սակայն մշակութային ակտիվություն դրսևորեցին ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում. մայիսի 5-14-ին ԵՄ պատվիրակության և ԴՎՎ Ինթերնեյշնլ հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Վանաձորում, Գյումրիում և Երևանում կազմակերպվեց երաժշտական փառատոն թանգարաններում` նվիրված Եվրոպայի օրվան, որն ամբողջ աշխարհում նշվում է մայիսի 9-ին: Մայիսի 14-ին Երևանում տեղի ունեցավ Պատկերապատման միջազգային երկրորդ փառատոնը, որը կազմակերպվել էր Հայաստանում Պատկերապատումների զարգացման ֆրանսիական ApbdA ընկերության կողմից ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո: Այդ օրերին մայրաքաղաքի հյուրերն էին` Բարբարա Կանեպան (համաշխարհային պատկերապատման դեսպան), Դոմենիկ Բեղտղայը (պատկերապատող, Անգուլեմի պատկերապատման բարձրագույն դպրոցի ժյուրիի անդամ) և ուրիշներ: Պատկերապատումների ցուցահանդեսում մեծ հետաքրքրություն առաջացրեցին իտալացի նկարիչ Պաոլո Կոսիի` Հայոց ցեղասպանության թեմայով արված աշխատանքները: «Պատկերապատումները ստեղծված են բոլորի համար` երախենրի և մեծերի: Ես ընտրել եմ պատմելու հանրամատչելի մեթոդ, որպեսզի այդ սարսափելի ողբերգության մասին պատմեմ ողջ աշխարհին»,- ասել է նկարիչը: Նշենք, որ այդ աշխատանքները կարելի է գտնել նրա «Մեծ եղեռն» գրքում:

Մայիսի 5-15-ը Թեհրանում անցկացվեց գրքի միջազգային ցուցահանդես, որին մասնակցում էին ավելի քան 2000 իրանցի և շուրջ 1700 արտասահմանյան հրատարակիչներ: Այցելուների թիվն այս տարի գերազանցեց 4 միլիոնը: ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված հայկական տաղավար այցելողների թիվը և ցուցաբերվող հետաքրքրությունն աննախադեպ մեծ է: Մեծ է հետաքրքրությունը հատկապես Հայաստանի զբոսաշրջության և բարձրագույն կրթության ոլորտների նկատմամբ: Բացի այդ այս տարի օտարազգի այցելուները հետաքրքրվում են հատկապես Հայոց ցեղասպանության թեմայով: Մայիսի 10-ին Բուլղարիայի մշակույթի նախարարության «Սրեդեց» սրահում տեղի ունեցավ Հայաստանին նվիրված «Եվրոպա 2001» ամսագրի ապրիլյան համարի շնորհանդեսը, որը հրատարակվել է Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ` «Հայկական մշակույթի տարի Բուլղարիայում» խորագրով փառատոնի շրջանակներում:

Այդ ժամանակ հայկական ազգային երաժշտությունը ցնցեց Եվրոպան: Ապրիլի 22-ից մայիսի 6-ը համույթը «Երկիր Եվրոպա» կազմակերպության հրավերով համերգներով հանդես եկավ Շվեյցարիայի և Ֆրանսիայի 10 քաղաքներում, այդ թվում` Ցյուրիխում, Լուգանում, Լիոնում, Թուլուզում և այլն: Համույթում ներգրավված են 6-22 տ պատանի երաժիշտներ: Ապրիլի 22-24-ը տեղի ունեցող համերգները նվիրվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համերգներին ներկա են եղել ոչ միան հայկական համայնքների ներկայացուցիչներ, այլ նաև տեղի բնակիչներ, որոնք հոտնկայս ծափահարել են պատանի երաժիշտներին: Համերգը Փարիզում բարեգործական բնույթ է կրել: Համերգի ողջ հասույթն ուղորդվել է 10-ամյա Ալեքս Չուֆլակյանի բուժմանը, որն ավտովթարից հետո գտնվում էր շատ ծանր վիճակում: Մայիսի 10-ին ԱՊՀ երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված համերգում: ԱՊՀ երիտասարդական նվագախումբն աշնանը համերգներ կտա Երևանում, Բաքվում, Աստանայում, Մոսկվայում, Աշխաբադում և Կիևում: Այդ մասին Փարիզում լրագրողներին է հայտնել նվագախմբի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը: Մայիսի 11-ին Երևանում կայացավ միջազգային մրցույթների դափնեկիր «Սպեղանի» երգչախմբի «Սուրբ պատարագի երգեցողությունը Կոմիտասի մշակմամբ» ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակը ձայնագրվել է Ռ. Աթայանի խմբագրությամբ Կոմիտասի ստեղծագործությունների ժողովածուի VII հատորի հիման վրա: Այն կատարվել է Սպեղանի»երգչախմբի և հայ եկեղեցու հոգևոր հայրերի մասնակցությամբ: Ձայնասկավառակը նվիրված է Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին: Մայիսի 15-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ համերգ, որտեղ առաջին անգամ հնչեցին կոմպոզիտոր Գարի Քյոսայանի ստեղծագործությունները: Համերգին ներկայացվեցին կոմպոզիտորի ջազ-ստեղծագործությունները, դասական կոմպոզիցիաները, ինչպես նաև Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի թատերական բեմականացման համար գրված սիմֆոնիան: Կոմպոզիտորի հետ ելույթ ունեցավ Պետական երիտասարդական նվագախումբը գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Որպես հատուկ հյուր համերգին հրավիրված էր ամերիկացի երգչուհի Ինդեան, որը բազմիցս հիացրել է հայ հանդիսատեսին ջազի կատարման իր արվեստով: Այպիսով, անցյալ շաբաթը կարելի է նվերների փունջ անվանել գեղանկարչության, լուսանկարչության, երաժշտության և արվեստի սիրահարների համար, քանի որ այդ ոլորտներից ոչ մեկը չմնաց առանց միջոցառման:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---