Անցյալ շաբաթը Հայաստանի համար միջմշակութային համագործակցության շաբաթ դարձավ

Հունիսի 7-ից 13-ի հիմնական մշակութային իրադարձությունների ամփոփում

Հայ-ռուսական մշակութային կապերը խորացման ներուժ ունեն: Այդ մասին հունիսի 12-ին հայտնել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Եվրասիա» ակադեմիայի նախագահ Օլեգ Պոպցովի, Մոսկվայի հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ինստիտուտի ռեկտոր Վասիլի Կորելսկիի, «ՏՎՑ» հեռուստաընկերության քաղաքական տեսաբան Լեոնիդ Իոֆեի և Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի ռեկտոր Համլետ Ղուշչյանի հետ հանդիպմանը: «Մեզ համար շատ կարևոր են Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային կապերի առավել խորացմանն ուղղված հայ և ռուս մտավորականների ջանքերը»,- ընդգծել է Արթուր Բաղդասարյանը: Վերջին շաբաթվա իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ հարաբերությունների զարգացումը շատ բարձր մակարդակում է:

PanARMENIAN.Net - Հայաստանում «ողջ հանրապետությունը» նշեց Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 211-ամյակը: Պուշկինի պոեզիային նվիրված հինգերորդ հանրապետական «Բարև, Ալեքսանդր Սերգեևիչ» խորագրով տոնը հունիսի 6-ին կայացավ Պուշկինի լեռնանցքում կանգնեցված հուշարձանի մոտ, որը մարմնավորում է Պուշկինի հանդիպումը Գրիբոյեդովի դին տեղափոխող սայլի հետ: Պուշկինի ավանդական հինգերորդ տոնակատարությանը մասնակցեցին Հայաստանի ` Ալավերդուց, Գավառից, Արմավիրից, Էջմիածնից, Վանաձորից, Գյումրիից, Աբովյանից և այլ մարզերից ժամանած հյուրեր, ինչը, ըստ «Ռոսիա» հասարակական կազմակերպության նախագահ, Ռուս հայրենակիցների համաշխարհային համակարգող խորհրդի անդամ Յուրի Յակովենկոյի, «վկայում է այն մասին, որ տոնն իրոք հանրապետական է»:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, որը խորհրդանշում է հայ-ռուսական մշակութային կապերը, դարձել է Ռուսաստանի թատերական բարձրագույն մրցանակի՝ «Բյուրեղապակյա Տուրանդոտի» դափնեկիր։ Այս հեղինակավոր մրցանակը ճանաչված արտիստը ստացել է թատրոնին «անձնվիրաբար ծառայելու, պատվի և արժանիքների» համար։ Տարբեր տարիներին բյուրեղապակյա արձանիկին արժանացել են Մարկ Զախարովը և Կոնստանտին Ռայկինը, Վլադիմիր Էտուշն ու Իննա Չուրիկովան, Օլեգ Տաբակովն ու Եվգենի Միրոնովը, Իգոր Կվաշան ու Մարինա Նեելովան և շատ ուրիշներ: Մրցանակի հանձնման արարողությունը կկայանա հունիսի 20-ին Մոսկվայի Ե.Վ. Կոլոբովի անվ. «Նովայա Օպերա» թատրոնում: Այս տարին Ջիգարխանյանի համար հոբելյանական է։ Հոկտեմբերի 3-ին լրանում է նրա 75-ամյակը:

Ռուս-հայկական մշակութային հարաբերությունների զարգացման գործում ոչ պակաս դեր են խաղում թանգարանները: Մոսկվայում ու Երևանում երկու երկրների թանգարաններն ակտիվորեն համագործակցում են: Սեպտեմբեր ամսին Ա. Պուշկինի անվ. կերպարվեստի թանգարանում Մոսկվայում կցուցադրվեն պատկերասրահի հավաքածուի 120 աշխատանքներ: « Այսօր թանգարանն ունի բազմաթիվ խնդիրներ, և դրանցից ամենակարևորն ընդհանուր օդափոխության համակարգն է: Չէ որ կտավներն ու քանդակները նույնպես շնչում են»,- ընդգծել է ՀԱՊ տնօրեն Փարավոն Միրզոյանը` նշելով, որ թանգարանի ղեկավարությունը Հայաստանի մշակույթի նախարարության հետ միասին ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի թանգարանում գտնվող արժեքները: Հունիսի 13-ին Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր Ա.Յա. Աբրահամյանի հավաքածու) և Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնը հանդիպում անցկացրեցին Երևանի ստեղծագործող մտավորականության հետ, որը նվիրված է լինելու Ռուսաստանի օրվան: Հանդիսատեսներին ներկայացվեցին հետաքրքիր փաստեր, որոնք կպատմեն Ա.Պ. Չեխովի, Ի. Այվազովսկու, Վ. Սուրենյանցի և Ա. Սպենդիարյանի մտերմության մասին, և հայկական թեմատիկան ռուս մեծ գրողի պատմվածքներում:

Սակայն Հայաստանի միջմշակութային համագործակցությունը չի սահմանափակվում միայն Ռուսաստանով: Հունիսի 7-ին «Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդ ճապոնացի լուսանկարիչ Հայատո Իմանիշիի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին նրա` Չինաստան, Տիբեթ, Նեպալ, Հնդկաստան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան կատարած ճանապարհորդությունների ժամանակ արված լուսանկարները: Լուսանկարիչը նշել է, որ Ճապոնիայում իր հայրենի քաղաքը շատ նման է Հայաստանին, և ինքը յուրահատուկ հոգևոր կապ է գտնում Հայաստանի հետ. «Այդ իսկ պատճառով ինձ այդքան հաճելի է ցուցադրել իմ աշխատանքներն այստեղ»: Հայաստան կատարած ճամփորդության ընթացքում Հայատո Իմանիշին հասցրել է լինել նաև Արցախի Հանրապետությունում, ինչպես նաև այցելել Հայաստանի որոշ տեսարժան վայրեր:

Արտասահմանում Հայաստանն արդեն 9-րդ եվրոպական երկրում կներկայանա Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմով: Հունիսի 10-15-ը ֆիլմը կցուցադրվի Վիեննայում` ԱՊՀ երկրների լավագույն ֆիլմերի փառատոնի շրջանակներում: Ֆիլմի հեղինակը կազմակերպիչների կողմից հրավիրվել և ներկայացնելու է ֆիլմը ավստրիացի հանդիսատեսին:

Այս շաբաթ Հայաստանը զարմացրեց նաև նորաձևության սիրահարներին: Արևելյան Լոնդոնի Համալսարանի (University of East London (UEL)) հագուստի դիզայնի ֆակուլտետի ուսանողուհի Դայան Գևորգյանի ստեղծագործ, ավանգարդ և եզակի հավաքածուն ընտրվել է ողջ Մեծ Բրիտանիայի հազարավոր հավակնորդներից: Նա 20-25 այլ հաղթողների հետ միասին կմասնակցի Gala Graduate Fashion Week show նորաձևության շաբաթի եզրափակիչ օրվան, հաղորդում է UEL մամլո ծառայությունը:

Շաբաթվա վերջն ազդարարեց հունիսի 11-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացած «20-րդ դարի երաժշտության երեկո» խորագրով համերգը: Համերգի շրջանակներում սոլո և դուետ կատարումներով հանդես կգան ջութակահարուհի Անի Աղաբեկյանը (Գերմանիա) և թավջութակահար Լևոն Առաքելյանը (Հայաստան), որոնք ժամանակակից երգահանների ստեղծագործություններ կատարեցին:

Դիտարկելով անցյալ շաբաթվա իրադարձությունները` կարելի է հանգել այն եզրակացությանը, որ այն կարելի է միջմշակութային համագործակցության շաբաթ անվանել, որն ընդգրկեց ինչպես ԱՊՀ, այնպես էլ Եվրոպայի երկրները և նույնիսկ Ճապոնիան:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---