Շաբաթվա թեման. Ադրբեջանի և ԼՂՀ զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպը

Շաբաթվա ներքաղաքական իրադարձություների ամփոփում

Հայաստանի ներքաղաքական օրակարգն այս շաբաթ ձևավորվել էր հունիսի 18-ին Ադրբեջանի և ԼՂՀ զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի շուրջ, որի արդյունքում զոհվել է 4 հայ զինծառայող: Բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ, Բաքուն փորձում էր սադրիչ հայտարարությունների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները: Այդ մասին հունիսի 19-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունն Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական կողմից դիվերսիոն հարձակման փորձի վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանի խոսքերով, տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում` ադրբեջանցիներն այս անգամ, հունիսի 17-ի եռակողմ բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո գնացին ավելի հեռու`ակնհայտ սադրանքի:

PanARMENIAN.Net - Դիվերսիոն խմբի հարձակումը Արցախի Հանրապետության դիրքերի վրա Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների պետերբուրգյան եռակողմ հանդիպումից անմիջապես հետո հազիվ թե պատահականություն լինի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ադրբեջանցիների նման լայնածավալ հարձակումը վկայում է Ղարաբաղի խնդրում Բաքվի նյարդայնության բարձր մակարդակի մասին, ասել է քաղաքագետը` կասկած հայտնելով, որ այդ հարձակումը կարող էր կատարվել առանց պաշտոնական Բաքվի հավանության: Ըստ նրա, ադրբեջանական կողմի նման պահվածքը ոչ այնքան Հայաստանին ուղղված ուղերձ է, որքան միջազգային հանրությանը:

Գետավան (Չայլու) գյուղի մոտ տեղի ունեցած արյունոտ միջադեպն ունի մի քանի յուրահատկություններ, որոնց վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել և որոնցից պետք է հետևություններ անել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Լևոն Մելիք-Շահնազարյանը: «Կարելի է հաստատ արձանագրել, որ ադրբեջանական զինվորականների գիշերային հարձակումը յուրօրինակ արյունոտ շանտաժ էր` հասցեագրված Ռուսաստանին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրներին»,- ասել է նա: Հայ փորձագետը նաև համոզված է, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ միջազգային իրավունքի վրա հիմնված երկխոսության և մտադիր է հասնել ԼՂՀ բռնազավթմանը միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու միջոցով, որը շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունություն և խաղաղություն պահպանելու մեջ: «Այսինքն, ադրբեջանական զինծառայողների խմբի գրոհը նաև յուրօրինակ հարղորդագրություն է աշխարհի աշխարհաքաղաքական կենտրոններին. եթե չլուծեք ղարաբաղյան հակամարտությունը մեր օգտին, պատերազմ կսկսենք, որի հետևանքով կտուժեք նաև դուք և որի արդյունքները կազդեն ձեր քաղաքական-տնտեսական պլանների և հնարավորությունների վրա: Այսպիսով, այս միջադեպը մեզ երկու ելք է հուշում:

Առաջին, Հայաստանը պետք է ավելի ակտիվ աշխատանք ծավալի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը քաղաքական հարթությունից իրավական տեղափոխելու համար: Դա Ադրբեջանի արտաքին քաղաքականության խոցելի կողմն է և հենց այդ կետին պետք է անընդհատ հարվածել: Միաժամանակ հայկական դիվանագիտական կորպուսը պետք է ակտիվացնի իր գործունեությունը կարևորագույն միջազգային ատյաններում: Քիչ է իմանալ, որ մենք ճիշտ ենք, ճշմարտությունը միշտ քարոզչության կարիք ունի: Երկրորդ, անհրաժեշտ է ճիշտ գնահատել Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը: Դա ազատ է արձակում հայ զինվորականների ձեռքերը, և դրանից պետք է օգտվել: Այսուհետև ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտիկները կստանան բարոյական, և որ ավելի կարևոր է, իրավաբանական իրավունք կրակ արձակել այն ամենի վրա, ինչն անմիջականորեն շարժվում է ԼՂՀ պետական սահմանի մոտ:

Հունիսի 21-ին Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է, որ ադրբեջանական կողմի հարձակումը ԼՂՀ վրա չի ստիպի Հայաստանին դուրս գալ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացից: Նրա խոսքերով, բանակցությունների շարունակումը բխում է Հայաստանի և ԼՂՀ շահերից: «Ադրբեջանը հասկանում է, որ ժամանակը աշխատում է նրա դեմ: Բանակցությունները ձախողելու Բաքվի փորձերը ոչ մի բանի չեն հանգեցնի»,- ասել է քաղաքագետը:

Նախագահ Իլհամ Ալիևը շուտափույթ լքեց Սանկտ Պետերբուրգը նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո, որը նախաձեռնել էր ՌԴ նախագահը, որպեսզի Ռուսաստանի տարածքում գտնվելու ժամանակ չպատասխանի ռազմական սադրանքի վերաբերյալ հարցերին, որը նրա հրահանգով տեղի էր ունեցել հրադադարի գծում երեք պետությունների ղեկավարների եռակողմ հանդիպումից մի քանի ժամ անց: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, պաշտպանության նախարարի ռազմական քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանում գործող սուլթանական ռեժիմը բացառում է նման ռազմական սադրանքի չարտոնված լինելը` հատկապես հաշվի առնելով ժամանակի առումով նրա համընկնումը ՌԴ նախագահի նպատակային խաղաղ նախաձեռնության հետ: «Ադրբեջանի վերջին ստոր սադրանքը ծրագրված էր Ալիևի կողմից դեռ մինչ Սանկտ Պետերբուրգ մեկնելը»,-հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Այդ մասին է վկայում այն փաստը, որ նա չցանկացավ մնալ Ռուսաստանում սադրանքի կատարման պահին, քանի որ այնտեղ միջազգային ԶԼՄ-ների ազդեցությամբ պարտավոր կլիներ ներկայացնել իր դիրքորոշումը`այն է, ղարաբաղյան խնդրի լուծումը ռազմական ճանապարհով»,-ասել է նա: Պատգամավորը գտնում է, որ Ադրբեջանի վերջին ռազմական սադրանքի պատճառն այն է, որ բանակցային գործընթացը ձեռնատու չէ ադրբեջանական կողմի համար:

Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անգամ կյանքի կոչեց իր ռազմատենչ նկրտումները: Այդ մասին ասվում է հունիսի 18-ին ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ձախողված հարձակման առնչությամբ «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Արցախի հանդեպ Ադրբեջանի հերթական ագրեսիան «Ժառանգությունը» ոչ միայն դիտարկում է որպես ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության` 1994 թվականին հաստատված հրադադարի հերթական միակողմանի կոպիտ խախտում, այլ նաև Արցախի դեմ նոր ագրեսիայի անթաքույց նախապատրաստում, ինչի հիմքերից մեկն էլ նույն օրը` հունիսի 18-ին, Ադրբեջանի Միլի մեջլիսի կողմից Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություն նախատեսող` պատերազմի դեպքում նախագահի և խորհրդարանի լիազորությունների երկարաձգման մասին օրինագծի ընդունումն է:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 22-ին հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ ըստ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների տեղեկատվության ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հյուսիսային հատվածում հունիսի լույս 19-ի գիշերը զինված միջադեպ է տեղի ունեցել: Հայտարարության մեջ ասվում է. «Համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) լուրջ մտահոգություն են հայտնում հակամարտության գոտում ուժի կիրառման և անիմաստ զոհերի կապակցությամբ: Նման միջադեպերը խախտում են 1994թ. հրադադարի մասին համաձայնագիրը, դրանք անընդունելի են և հակասում են կողմերի ուժի կիրառումից և ուժի կրրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու հավաստիացումներին»:

«Ես կարծում եմ, որ այժմ ճիշտ ժամանակն է, որ Հայաստանը հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունից և հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա, Հայաստանը չի կարող մասնակցել իր տարածքին առնչվող որևէ սկզբունքների քննարկման: Ադրբեջանական կողմի վերջին սադրանքը նպատակ էր հետապնդում ազդելու բանակցությունների վրա և ճնշում գործադրելու հայկական կողմի վրա, որպեսզի վերջինս փոխի իր կեցվածքը բանակցություններում: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ակնհայտ է, որ բանակցությունները լիովին չեն բավարարում Ադրբեջանին, վերջին միջադեպը սխալ կլինի անվանել պատերազմի սկիզբ, սակայն դա չի նշանակում, որ նման գործողությունները չեն կարող վերածվել ավելի լայնածավալ բախման կամ հանգեցնել պատերազմի»,-ասաց նա:

ԼՂՀ և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպը կազմակերպվել էր բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով և նպատակ ուներ հավելել իրենց փաստարկներին նաև շանտաժը, որը դարձել է Ադրբեջանի քաղաքականության հիմքը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Եթե մինչև Ռոբերտ Քոչարյանի` իշխանությունից հեռանալը ԼՂՀ-ն ընդգրկված չէր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ապա այսօր մենք գտնվում ենք ավելի վատ վիճակում` Հայաստանն ինքն է ցանկացած գործընթացից դուրս գտնվում»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Նրա խոսքերով, այսօր չկա այն Հայաստանը, որի հետ հաշվի է նստում ինչ-որ միջազգային կառույց կամ պետություն: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հետագա զարգացումներին`Արզումանյանն ասաց, որ գործընթացը փակուղի է մտել և այլևս հայանպաստ չէ: «Այս դրությունից դուրս գալու միակ ելքը նախագահի հրաժարականն է, արտահերթ ընտրությունների անցկացումը և լեգիտիմ իշխանության ձևավորումը»,- հայտարարել է ԱԳՆ նախկին ղեկավարը:

Նույն օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Սարգսյանն այցելել է զինվորական հոսպիտալ, որտեղ բուժվում են հունիսի 18-ին ադրբեջանական զինված խմբավորման սադրանքի հետեւանքով վիրավորված զինվորները:Նախագահը հանդիպումներ է ունեցել ԼՂՀ ղեկավարության հետ, մասնակցել` նոր զորամասի բացման արարողությանը:

«Կարծում եմ, հիմա` Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո, սկսվել է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի նոր փուլ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, լրիվ հավանական է, որ Սանկտ Պետերբուրգում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: «Իլհամ Ալիևը սկզբից համաձայնվել է դրանց հետ, բայց հետո «անսպասելի» մեկնել: Կարծում եմ, որ այդ նոր առաջարկները Հայաստանի համար ավելի լավ են, քան Մադրիդյան սկզբունքները: Եվ այն, որ Հայաստանի նախագահը մեկնել է Ստեփանակերտ, վկայում է այն մասին, որ մենք պատրաստ ենք դրանք հիմք ընդունել հետագա բանակցությունների համար:

Չխրախուսելու համար ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև հրադադարի կոպիտ խախտումների ու սադրանքների հեղինակների գործողությունները, անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն իրերն իրենց անունով կոչի և կոնկրետ հայտարարի, թե ով է պատասխանատու ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում վերջին միջադեպի համար: Այդ մասին Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերի հետ Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հավելել է, որ միջազգային կազմակերպությունների և քաղաքական գործիչների բոլոր կոչերն ու հայտարարությունները հասցեագրված են Բաքվին և յուրօրինակ «դեղին քարտ են» Ադրբեջանի համար:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---