Հայաստանի ԿԲ դրամավարկային քաղաքականությունը կարող է օրինակ դառնալ տարածաշրջանի Կենտրոնական բանկերի համար

Հայաստանի Կենտրոնական բանկը օգոստոսի 10-ին կայացած նիստում որոշել է վերաֆինանսավորման դրույքն անփոփոխ թողնել` 7.25%

Այս շաբաթ Հայաստանի տնտեսությունը, կարելի է ասել, «հանգստանում էր»: Շաբաթվա սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը կարճաժամկետ արձակուրդ մեկնեց, որի մի մասը նա կանցկացնի արտասահմանում` բժշկական հետազոտություն անցկացնելու նպատակով:

PanARMENIAN.Net -

Հինգշաբթի օրը կառավարության նիստում Տիգրան Սարգսյանին փոխարինեց փոխվարչապետ, Հայաստանի տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Այդ օրը կառավարությունը որոշել է Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքածածկույթի պաշտպանիչ շերտի նորոգման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 9,6 մլն դրամ։ Կառավարությունը հաստատել է նաև ՀԲ աջակցությամբ իրականացվող կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի և կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման աշխատանքների գնման մրցույթի արդյունքները։

Բացի դրանից, այս շաբաթ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ու փոխնախարար Վահե Դանիելյանն Արցախ այցելեցին, որտեղ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի, տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանի հետ քննարկեցին երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կադրերի պատրաստման և վերապատրաստման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և փորձի փոխանակման հարցերին:

Օգոստոսի 10-ի նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%: 2010թ. հուլիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ աճել է 2.0 տոկոսային կետով` կազմելով 7.8%:

Խորհուրդը փաստել է, որ արտաքին և ներքին մակրոտնտեսական միջավայրի զարգացումները համահունչ են երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով նախանշված ուղղություններին: Միջազգային ֆինանսական շուկաներում եվրոյի փոխարժեքի արժևորման և առանձին ապրանքային շուկաներին` մասնավորապես ցորենի, ներհատուկ խնդիրների սրման պայմաններում արտաքին գնաճային ճնշումները որոշակիորեն աճում են:

Միաժամանակ, ներքին պահանջարկով պայմանավորված գնաճային ճնշումների բացակայության և տարեսկզբին դրամավարկային պայմանների խստացման արդյունքում ներքին գնաճային միջավայրը շարունակում է մեղմվել: Այս պայմաններում սպասվում է, որ դրամավարկային ծրագրին համահունչ, երրորդ եռամսյակում գյուղատնտեսական ապրանքների գների վարքագծով պայմանավորված 12-ամսյա գնաճի արագացումից հետո, այն աստիճանաբար կնվազի` կանխատեսվող 1 տարվա հորիզոնի վերջում ձևավորվելով նպատակային միջակայքի վերին սահմանին մոտ` 4±1,5%:

Հաշվի առնելով վերը ասվածը` Խորհուրդըն առավել նպատակահարմար է գտել դեռևս ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների խստացումից: Միաժամանակ, նախանշված ռիսկերի դրսևորումից կախված, խորհուրդը չի բացառել հետագայում տոկոսադրույքների ճշգրտումը:

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը գնաճի նպատակադրման ռազմավարությունն ընդունել է 2006 թվականի հունվարին: Բանկն ունի դրամավարկային քաղաքականության ռազմավարության հստակ և համապարփակ շրջանակ, ինչը կարող է օրինակելի մոդել հանդիսանալ տարածաշրջանի այն կենտրոնական բանկերի համար, որոնք անցում են կատարում գնաճի նպատակադրման»,- գտնում է «Գնային նպատակադրման նորագույն մոտեցումները» հրատարակության հեղինակ Ջիլ Հեմոնդը (Անգլիայի բանկ):

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հայերեն թարգմանված հրատարակության հեղինակի խոսքով, Հայաստանի Կենտրոնական բանկն այն 27 կենտրոնական բանկերից է, որը գնաճի նպատակադրման ռազմավարություն է իրականացնում: Գնաճի նպատակադրման ներքո կենտրոնական բանկերն ունեն գնաճի թիրախ, որի մակարդակը հրապարակվում է: Այնուհետև, կիրառելով դրամավարկային քաղաքականության գործիքներ, ինչպիսիք են տոկոսադրույքները, կենտրոնական բանկերն ազդում են տնտեսության վրա այնպես, որպեսզի ապահովվի գնաճի նպատակային մակարդակը: Ցածր և կայուն գնաճի ապահովումը ժամանակակից կենտրոնական բանկերի հիմնական գործառույթներից է, քանի որ դրա միջոցով ձեռք են բերվում կայունության համար անհրաժեշտ պայմաններ, որոնք կնպաստեն տնտեսական աճի և զբաղվածության ապահովմանը:

Այդ ամենով հանդերձ, 2010 թվականի հուլիսին 2009թ. հուլիսի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում 7.8% գնաճ է գրանցվել: Դրա հետ մեկտեղ, սննդի ապրանքների (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) գների ինդեքսը կազմել է 108.9% , ոչ սննդային ապրանքներինը` 107.4%, իսկ սպասարկման ոլորտում սակագները կազմել են 106.3%:

Գնաճի նման բարձր ցուցանիշների դեպքում ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության օրինակելիությունը կասկածելի է թվում:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---