Էլեկտրոնային ռեսուրսների պաշտպանությունը Հայաստանի փորձագետների ուշադրության կենտրոնում է

Սեպտեմբերի 13-20-ը հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հիմնական իրադարձությունների ամփոփում

Էլեկտրոնային ռեսուրսների պաշտպանության հարցերը Երևանում կլոր սեղանի շուրջ քննարկեցին գրադարանների, թանգարանների, ազգային արխիվի, հրատարակչությունների ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Միջոցառումը կազմակերպվել է Նորարարության ու ձեռնարկատիրության ազգային կենտրոնի կողմից` Հայաստանի Հրատարակողների ազգային ընկերակցության հետ համատեղ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել այնպիսի թեմաների, ինչպիսին է էլեկտրոնային ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանությունը, էլեկտրոնային կրիչների վրա տեղեկատվության պահպանման պայմանները, գրադարանների ու թանգարանների տվյալների բազա կազմելու խնդիրները և այլն:

PanARMENIAN.Net - Ազգային գրադարանի էլեկտրոնային ֆոնդում շուրջ 4 հազար գիրք կա: Էլեկտրոնային գրքերի մի մասը մեզ են տրամադրել հրատարակչությունները: Շուտով գրադարանը ձեռք կբերի թվայնացման համար անհրաժեշտ սարքավորումներ:

ՀՀ ԳԱԱ ֆունդամենտալ գիտական գրադարանը թվայնացրել է ավելի քան 500 հնագույն գրքեր (թվագրվում են մինչև 1920 թվականը), որոնցից 200-ը տեղակայվել են Ինտերնետում: Գրքերի թվայնացումը սկսվել է 2006 թվականից, գրադարանի ֆոնդերում պահվում են 1512-1920 թվականների ավելի քան 4 հազար գրքեր: Ողջ ֆոնդը հաշվում է 3 մլն գիրք և պարբերական:

Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերը թվայնացվել են 0.5 տոկոսով, լրագրողներին հայտնել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նրա խոսքերով, փաստաթղթերի արխիվացման համար արխիվը համապատասխան տեխնիկայի կարիք ունի: «Մեզ խոստացել են, որ շուտով այդ սարքավորումները ձեռք կբերվեն»,- նշել է նա:

Միաժամանակ, ավարտին է մոտենում կինոֆիլմերի, տեսա- և ֆոտոժամանակագրության թվայնացումը: 2010-ի վերջին թվայնացվելու է փաստագրական ֆիլմերի 50 տոկոսը, այսօր թվայնացվել է 360 հազար լուսանկար: Ամատունու խոսքերով, Հայաստանի ազգային արխիվում պահվում է շուրջ 3.5 մլն գործ, ինչը կազմում է մոտ 350 մլն փաստաթուղթ:

«Հեղինակային և կից իրավունքների մասին օրենքի» փոփոխությունները, որոնք ուղղված են էլեկտրոնային միջավայրում հեղինակային իրավունքների պաշտպանությանը, նախատեսվում են 2011 թ.: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀ մտավոր սեփականության գործակալության հեղինակային և կից իրավունքների պաշտպանության բաժնի պետ Սոնյա Վարդանյանը: Նրա խոսքերի համաձայն, ճշտման կարիք ունեն օրենքի 22-26 հոդվածները, որոնք որոշում են այն դեպքերը, երբ կարելի է ազատորեն օգտագործել ստեղծագործությունն` առանց հեղինակի թույտվության:

Հայաստանը պայմանագրեր է ստորագրել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հետ, որոնք կարգավորում են էլեկտրոնային միջավայրում հեղինակային իրավունքները և ենթադրում են պաշտպանական միջոցների կիրառում` անլեգալ ձևով ստեղծագործությունն օգտագործելու հնարավորությունները կանխելու համար:

Փոստի հայկական օպերատոր Հայփոսթի բաժանմունքների վերակառուցումից և նոր սարքավորումներով վերազինելուց հետո հայ սպառողները կկարողանան արտերկրում ձեռք բերված ապրանքները ստանալ առանց մաքսային ձևակերպման: Այդ մասին լրագրողներին է ասել «Հայփոսթ» ՓԲԸ-ի կառավարիչ Խուան Պաբլո Գեչիչյանը: Ըստ նրա, Հայփոսթի միջոցով մինչև 50 հազար դրամ արժողությամբ ապրանքները սահմանը կհատեն «կանաչ միջանցքով», իսկ տարեկան երկու անգամ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ներմուծել մինչև 150 հազար դրամ արժողությամբ ապրանքները:

Ընթացիկ տարում վերանորոգվել է Հայփոսթի շուրջ 42 փոստային բաժանմունք, իսկ մինչ 2015թ. նախատեսվում է վերանորոգել 250 փոստային բաժանմունքներ, ինչի համար կծախսվի շուրջ 4 մլրդ դրամ:

Մինչ 2010թ. դեկտեմբերը պատրաստ կլինեն Symbian, Android и Windows mobile սմարթֆոնների հայկական տառատեսակները: Այդ մասին PanARMENIAN.Net –ին է հայտնել տառատեսակների ստեղծման նախագծի համակարգող, ծրագրավորող Ալեքսեյ Չալաբյանը: Խմբի կազմում են նաև տառատեսակների հայտնի դիզայներ Ռուբեն Թարումյանը, ծրագրավորող Նորայր Չիլինգարյանը:

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարեց http://speedtest.beeline.am կայքի գործարկման մասին: Այն հնարավորություն է տալիս թեսթավորել ինտերնետ կապի արագությունը Beeline ցանցում: Ծառայությունը գործարկվել է տվյալների փոխանցման արագությունը թեսթավորելու բնագավառում համաշխարհային առաջատար հանդիսացող Ookla (www.ookla.com) ռեսուրսի տեխնոլոգիաների հիման վրա, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Հայաստանում և Ադրբեջանում «Ինտերնյուսի» ներկայացուցչությունները սկսել են աշխատել ինտերնետում հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմի մասին ֆիլմի վրա: Ֆիլմը կազմված է քարոզչության մասին պատմությունների շարքից, որը տարվում է ինչպես երկու երկրների ավանդական ԶԼՄ-ներում, այնպես էլ ինտերնետում: Բացի ֆիլմից, նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի օնլայն հրատարակությունների խաչաձև դիտարկում: Ստեղծվելու է նաև հատուկ կլիշեների բառացանկ, որոնք կիրառում են երկու երկրների ԶԼՄ-ները:

2010 թվականին ադրբեջանցի հաքերները մոտ 50 հայկական կայք են կոտրել, սակայն կոտրված կայքերի մեծ մասը կարգի է բերվել մի քանի ժամվա ընթացքում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Նորավանք» հիմնադրամի տեղեկատվական անվտանգության կենտրոնի ավագ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով, հայ հաքերները նույնպես մի քանի տասնյակ ադրբեջանական կայքեր են կոտրել: «Մի քանի օրվա ընթացքում կողմերը մի քանի անգամ փոխադարձաբար վնասել են կայքերը, որոնց գաղափարական բաղկացուցիչը կապված էր ԼՂՀ սահմանին տեղի ունեցած վերջին բախումների հետ»,- ասել է Սամվել Մարտիրոսյանը: Նա նշել է նաև, որ տեսականորեն հաքերներին հնարավոր է պատժել, քանի որ կողմերը կիբերհանցագործությունների վերաբերյալ կոնվենցիաներ են ստորագրել: «Սակայն դա անհնար է գործնականում, որովհետև պետությունն անհարմար դրության մեջ կընկնի` պատժելով հայրենասերին»,- ասել է Սամվել Մարտիրոսյանը: AVG ընկերության հաշվետվության համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը մտել են այն երկրների հնգյակի մեջ, որոնք համացանցում առավել շատ են ենթարկվում հաքերային հարձակումներին ու վիրուսային վարակներին: Ինչպես ասում է փորձագետը, նման ցուցանիշները կապված են այն բանի հետ, որ Հայաստանում քիչ են օգտագործում հակավիրուսային ծրագրերն ու Firewall պաշտպանական համակարգը: Բացի դրանից, բնակչության մեծ մասը չլիցենզավորված MS Windows է տեղադրել, որը չի թարմացվում:

Այդ միջոցին Softline ընկերության տնօրեն Արմեն Կարապետյանը` հակավիրուսային ծրագրերի այնպիսի առաջատար արտադրողների ներկայացուցիչ, ինչպիսիք են Kaspersky-ն, AVG-ն, McAfee-ն, Avast-ը, Symatec-ը և այլն, ընդգծում է դրական միտումները:

«Անցյալ տարվա համեմատ Հայաստանում ընդհանուր առմամաբ մոտ 5%-ով նվազել է համակարգչահենությունը ծրագրային ապահովման ոլորտում, և 10%-ով` ոչ լիցենզիոն հակավիրուսային ծրագրերի օգտագործումը:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---