ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքները. նախագահի հրաժարականի կոչեր՝ չնայած փակ զուգարաններին

Կոնգրեսի կողմից չափազանց շատ ուշադրությունը Ազատության հրապարակին կից փակ զուգարանների խնդրին ինչ-որ երգիծական մթնոլորտ էր ստեղծում ընդդիմության հանրահավաքների շուրջ

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) Ազատության հրապարակում անցկացրեց շուրջօրյա հանրահավաքներ: Արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀԱԿ-ը դադարեցրել է հանրահավաքները, բայց մինչև հիմա պարզ չէ, թե իրականում ինչի էր ցանկանում հասնել այդ հանրահավաքներով ՀԱԿ-ը և ի վերջո ինչի հասավ: Հայտնի հեքիաթի հերոսի նման ՀԱԿ-ը հեռացավ հրապարակից, բայց խոստացավ վերադանալ: Բայց, ի տարբերություն Կառլսոնի, նա ցանկանում է վերադառնալ ոչ մենակ, այլ իր կողմնակիցների մեծ թվով, որպեսզի, վերջապես, հասնի իր գլխավոր պահանջին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին և արտահերթ նախագահական ընտրություններին:

PanARMENIAN.Net - ՀԱԿ նպատակների և շուրջօրյա հանրահավաքների ժամանակ ձեռք բերված հաջողությունների մասին խոսվում է 18 կետերից բաղկացած բանաձևում, որը ՀԱԿ-ը և ցուցարարներն ընդունեցին իրենց հանրահավաքն ավարտելուց առաջ: Այդ բանաձևի համաձայն, 8 օր շարունակ շուրջ 1000 հոգի գիշերն անցկացրեցին վրաններում, հանրահավաքներին ընդհանուր առմամբ մասնակցեց շուրջ 100 հազար մարդ: ՀԱԿ կարծիքով, ակցիայի գլխավոր ձեռքբերումը վախի մթնոլորտի հաղթահարումն էր, որն իշխում էր երկրում 2008-ի մարտի 1-ից ի վեր և այն, որ նստացույցերը ցույց տվեցին, որ ՀԱԿ-ը միասնական ուժ է, որը կարող է հասնել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների: Հանրահավաքներն իբր օգնեցին ցույց տալ «կեղծ ընդդիմությանը», որն անհետացավ, երբ սկսվեցին ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքները: Դրանց ավարտին նաև հայտարարվեց, որ հոկտեմբերի 8-ից կոնգրեսի գլխավոր կարգախոսը դարձել է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը:

Սակայն պետք է նշել, որ Կոնգրեսի կողմից չափազանց շատ ուշադրությունը Ազատության հրապարակին կից փակ զուգարանների խնդրին ինչ-որ երգիծական մթնոլորտ էր ստեղծում ընդդիմության հանրահավաքների շուրջ: Հասարակ քաղաքացու համար անհասկանալի էր և ծիծաղելի Սարգսյանի հրաժարականի պահանջի հետ մեկտեղ ՀԱԿ մեկ այլ կարևոր պահանջը՝ փակ զուգարանների աշխատանքի վերսկսումը:

Վերջին օրերին առկախված է մնում իշխանությունների և ՀԱԿ միջև քաղաքական երկխոսության գործընթացի վերսկսումը, որը կողմերը սկսել են գարնան վերջում: Մի կողմից իշխանությունները հայտարարում են, որ երկխոսությունն այլընտրանք չունի, մյուս կողմից, ՀԱԿ-ը չի բացառում դրա շարունակության հնարավորությունը: Ինչպես երևում է, նույնիսկ իշխանության շարքում միասնական կարծիք չկա այս հարցի շուրջ: Այսպես, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) պահանջը համարում է քաղաքական հնարք և պատրաստություն հերթական ընտրություններին: «Քանի որ ՀԱԿ-ը հասկանում է, որ մոտենում են ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրությունները, նա պարբերաբար նման քայլեր է ձեռնարկում, որոնք ես դիտարկում եմ որպես ընտրազանգվածը չկորցնելուն ուղղված քաղաքական հնարքներ»,- հայտնել է նա PanARMENIAN.Ne t գործակալությանը: «Այժմ նրանք դադարեցրել են (շուրջօրյա հանրահավաքները) և պետք է ասեն` պատրաստ են, թե ոչ: Իշխանությունները երբեք արհեստականորեն չեն ընդհատել երկխոսությունը կամ շիկացրել իրավիճակը»,- հայտնել է նա: Իր հերթին ՀԱԿ հետ քաղաքական երկխոսության գործընթացի շրջանակում բանակցություններում իշխող կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ Դավիթ Հարությունյանը մեկնաբանել է երկխոսության վերսկսման հեռանկարները: «Երկխոսությունը կարևոր է, սակայն այն պահանջը, որն առաջադրվում է (նախագահ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը), դարձյալ վերջնագրերի լեզվով է»,- նշել է նա: Հարությունյանն ընդգծել է, որ երկխոսությունն անիմաստ է, եթե դրա նպատակը միայն ՀԱԿ-ի վերջնագրի ներկայացումն է: «Մենք դեմ չենք երկխոսությանը, բայց միայն եթե երկու կողմերը գնահատում և կարևորում են դա»,- նշել է Հարությունյանը` հավելելով, որ ինքն այդպիսի տպավորություն հիմա չունի:

Միևնույն ժամանակ, չնայած ՀԱԿ բարձրագոչ հայտարարություններին, հակառակորդները կամ կողմնակի դիտողները նկատում են հանրահավաքների մասնակիցների թվի կտրուկ նվազում: Այսպես, ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար Արմեն Մելիքյանը հայտարարել է, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն արդեն անցել է իր քաղաքական ակտիվության գագաթնակետը և չի կարող հավաքել կողմնակիցների մեծ զանգված: Նա նշել է, որ նկատվում է ՀԱԿ կողմնակիցների քանակի նվազում, և կոնգրեսը լքում են մարդիկ, ովքեր մոտ էին Լևոն Տեր-Պետրոսյանին և նրան համարում էին երկրի միակ փրկիչը:

Նույնիսկ այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ հիմա հնարավորություններ չեն տեսնում երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Ըստ «Ժառանգություն» ընդդիամդիր կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի, նրա կուսակցությունը միայն կողջուներ երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը, սակայն, այժմ դրա համար անհրաժեշտ պայմաններ չի տեսնում: «Հայաստանում վաղուց արդեն արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն կա, սակայն, դրան հանգեցնող քաղաքական գործընթացները բացակայում են»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Մարտիրոսյանը նշել է նաև, որ արտահերթ ընտրությունների հնարավորություն կար գարնանը, սակայն, քանի որ ընդդիմությունը չկարողացավ միավորվել, դրանից օգտվել չհաջողվեց: ՀԱԿ հանրահավաքների վերաբերյալ առավել «կոշտ» է արտահայտվել կոնգրեսի նախկին կողմնակից Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով, Լևոն Տեր-Պետրոսյանին շրջապատող ՀԱԿ վերնախավը շատ խոցելի է, և Սերժ Սարգսյանը ցանկացած պահի կարող է խայտառակել կամ գնել նրանց: Նա նաև հավելել է, որ «ՀԱԿ հանրահավաքների ժամանակ հարթակում կանգնած մարդկանց մեծամասնությունն, հարգելով բացառությունները, օգտագործում է մեր ժողովրդի անկեղծ պոռթկումները սեփական նպատակների համար»: Ինչ վերաբերվում է գալիք խորհրդարանական ընտրություններին, ապա Սեֆիլյանը կարծում է, որ Տեր-Պետրոսյանը ցանկանում է ապագա խորհրդարան մտցնել իր շրջապատը, իսկ հետո հեռանալ մեծ քաղաքականությունից:

Անցած հանրահավաքները ցույց տվեցին, բացի հավանաբար ՀԱԿ ամենախանդավառ երկրպագուներից, որ ցուցարարների նման քանակով արտահերթ ընտրությունների հասնելն անհնար է: Ահա և իշխանություններն օգտվում են կոնգրեսի աննախանձելի դրությունից՝ խորհուրդ տալով պատրաստվել հերթական նախագահական ընտրություններին:

Հասարակ մարդուն մնում է միայն սպասել և գուշակել, թե ինչպես է ՀԱԿ-ը պատրաստվում վերադարձնել իր բազմահազարանոց հանրահավաքները և ինչպես է նա պատրաստվում հասնել իր պահանջի կատարմանը՝ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը: Իսկ վերջնաժամկետին, որը ՀԱԿ-ը դրել է իր առջև, տարեվերջին, շատ քիչ ժամանակ է մնացել, ընդամենը երկուսուկես ամիս:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
21  Հակահանրային սանիտարիա
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---