Պետրոս Դուրյանի մասունքների հետ միասին Կոմիտասի պանթեոնում զմռսել են նաև նրա մոր գանգի բեկորները

Պետրոս Դուրյանի մասունքների հետ միասին Կոմիտասի պանթեոնում զմռսել են նաև նրա մոր գանգի բեկորները

Եթե իր հերթական թաղման ծեսին կարողանար արձագանքել հանճարեղ քնարերգուի հայրենանվեր հոգին, տաղանդավոր գրչով մի նոր թատերախաղ կգրեր` «Թշվառների թատրոնը»

Այդ մասին «հավերժ անմահ հայրենակից-չարակամների» անհողդողդ միակամությամբ 3 անգամ ակադեմիկոսի տիտղոսին չարժանացված աշխարհահռչակ գիտնական Անդրանիկ Ճաղարյանը ոչ միայն ժամանակին բարձրաձայնել էր, այլև պարզ ու շիտակ արձանագրել նույն թանգարանի կողմից 1971-ին թողարկած «Պետրոս Դուրյան. դեմքի վերականգնումը» գիտական ուսումնասիրության մեջ:

PanARMENIAN.Net - «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանի 18-ամյա պայքարը, որ կամա-ակամա թեժանում էր արևմտահայ բանաստեղծի ծննդյան և մահվան տարեթվերին, վերջապես «քրիստոնեավայել հաղթանակով» պսակվեց»,- գուցե թեթևացած հոգով մտածեցին «Սկյուտարի սոխակ» Պետրոս Դուրյանի մասունքները «մեծ պատվով» Երևանի Կոմիտասի անվան պանթեոնի հուշապատում սափորով ամփոփելու սգո հանդիսավոր արարողակարգի մասնակիցները:

ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ գրողների միության, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համատեղ քննարկումների արդյունքում ՀՀ կառավարության ընդունած որոշումն ի կատար ածողներից որևէ մեկի մտքով անցա՞վ արդյոք, որ միևնույն քարի մեջ են զմռսվում մոր և որդու միախառնված գանգաբեկորները: Այդ մասին «հավերժ անմահ հայրենակից-չարակամների» անհողդողդ միակամությամբ 3 անգամ ակադեմիկոսի տիտղոսին չարժանացված աշխարհահռչակ գիտնական Անդրանիկ Ճաղարյանը ոչ միայն ժամանակին բարձրաձայնել էր, այլև պարզ ու շիտակ արձանագրել նույն թանգարանի կողմից 1971-ին թողարկած «Պետրոս Դուրյան. դեմքի վերականգնումը» գիտական ուսումնասիրության մեջ: Տարաբախտ որդուց հետո միևնույն գերեզմանում թաղված մոր գանգոսկրերի մի մասը 1957-ին միաձույլ շիրմի տեղափոխման պատճառով էին խառնվել վաղամեռիկ «Պետեկի» գանգաբեկորներին: Եվ, համատեղ գերեզմանից առնված մի բուռ հողով փակվելով միևնույն տուփի մեջ, մեկ տասնամյակ պահվել Պոլսո պատրիարքարանում: Ծածուկ հասցվելով Հայաստան` Վազգեն վեհափառի կողմից ի պահ էին տրվել Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին:

Մեծատաղանդ մարդաբան-կերպարվեստագետի մեկամյա մանրակրկիտ հետազոտությամբ վերականգնված Պետրոս Դուրյանի գիպսե դիմաքանդակի հարևանությամբ տեղադրված գանգաբեկորների տուփի շուրջ երբեմն-երբեմն բորբոքվող խոսակցությունների վերջին թեժացման շարժառիթն ըստ երևույթին թանգարանի հիմնանորոգումն է եղել: 43-ամյա անթաղ մասունքների հանդեպ մեղքի զգացողությունից ազատագրվելով` խղճի խայթ ունեցա՞ն արդյոք երդվյալ քրիստոնյա աշխատակիցները, երբ չիմացությամբ կամ մոռացությամբ լռեցին մոր և որդու գանգոսկրերի միաձույլ փոշիանալու վաղեմի փաստի մասին: Ինչու՞ նրանց մտքով երբևէ չանցավ նույն հետևողականությամբ կյանքի օրոք գեթ մի լուսանկար չունեցած Պետրոս Դուրյանի գիպսե բնօրինակ-քանդակից վերջապես բրոնզաձույլը պատվիրելու պահանջ ներկայացնել ՀՀ կառավարությանը: Չէ՞ որ գիպսե քանդակներն արվում են որպես մետաղից ձուլելու կաղապարներ և սովորաբար չեն էլ պահպանվում:

Եթե իր հերթական թաղման ծեսին կարողանար արձագանքել 140 տարի երկնքում թևածող հանճարեղ քնարերգուի հայրենանվեր հոգին, տաղանդավոր գրչով մի նոր թատերախաղ կգրեր` «Թշվառների թատրոնը»: Բայց գուցե սա էլ «Թատրոն և թշվառների» բախտին արժանանար` ոմանց «քիմքին հարմար չգալով», երբևէ բեմ չբարձրացվեր: Մայր և որդի, փաստորեն, միևնույն պատի մեջ զմռսվեցին. Տեր` ողորմյա~, Տեր` ողորմյա~, Տեր` ողորմյա~...

Նվարդ Ասատրյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Կազմակերպիչ․ Սնուպ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին

Կազմակերպիչ․ Սնուպ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---