Հայաստանը համաշխարհային տնտեսության ֆոնի վրա

Հայաստանի ՀՆԱ-ի ցուցանիշները և բյւոջեի կատարումը վկայում են, որ երկիրը դուրս է գալիս ճգնաժամից, սակայն մեծ ռիսկ է պարունակում մեծացող պետական պարտքը

Չնայած 2010թ. հունվար-ապրիլին Հայաստանի ՀՆԱ-ի 7,2 տոկոս աճի լավ ցուցանիշին, համաշխարհային կազմակերպություններն այնքան էլ լավատես չեն իրենց գնահատականներում: Երկրի հիմնական բացասական կողմերն են` հումքային ռեսուրսների բացակայությունը և կախվածությունը ֆինանսավորման արտաքին աղբյուրներից: Հայաստանի տնտեսության համակարգի խոցելիության կարևոր գործոն է նաև ՀՆԱ-ի դիվերսիֆիկացման ցածր մակարդակը, նման եզրակացության է հանգել երկրի կառավարությունը` վերլուծելով Հայաստանի 2009թ. բյուջեի կատարողականը:

PanARMENIAN.Net - Ջորջ Մասոնի համալսարանին կից Հասարակական քաղաքականության դպրոցի միջազգային զարգացման ու քաղէկոնոմիայի փորձագետ Հիլթոն Ռութն Երևանում, անդրադառնալով զարգացող երկրների ֆինանսական համակարգերին, նրանց զարգացման հիմնական խոչընդոտ համարեց էկոնոմիկայի սուբյեկտների ոչ թափանցիկ գործունեությունը և բարդ հարկային համակարգը: Ամերիկացի փորձագետը գտնում է, որ ֆինանսական համակարգի զարգացման համար անհրաժեշտ է ակտիվացնել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու երկարաժամկետ նախագծերի իրականացումը, ինչը կլուծի «երկար փողերի» պակասի խնդիրը: Զարգացող շուկաները նաև ֆինանսական միջնորդության կարիք ունեն, ինչը կնպաստի հեռանկարային բիզնեսի ստեղծմանը: Ընդ որում, միայն թափանցիկ ֆինանսական համակարգի առկայության դեպքում հնարավոր կլինի լավ ներդրողների գտնել: Հայաստանի համար հարկային համակարգը շարունակում է մեծ խնդիր մնալ, որը կառավարությունն ամեն տարի փորձում է լուծել, իսկ ֆինանսաբանկային համակարգը բավականին կայուն է աշխատում: Միակ խնդիրն այն է, որ 2009թ. մարտի 3-ին դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալուց հետո, բանկերը խստացրեցին վարկավորման պայմանները, ինչը մի փոքր արգելակում է երկրի տնտեսության զարգացումը:

Բացի այդ Ռութը դատապարտել է բարձր տոկոսադրույքներով պետական պարտատոմսերի թողարկումը որոշ եվրոպական երկրներում, մասնավորապես, Հունաստանում, Իսպանիայում և Պորտուգալիայում, ինչը ներկա անկայուն տնտեսական իրավիճակում այդ երկրների կառավարությունների համար պարտավորությունները չկատարելու ռիսկ է պարունակում: Սակայն տնտեսագետը չի էլ կասկածում, որ Հայաստանում պետական պարտատոմսերի տոկոսադրույքները երկու անգամ գերազանցում են վերոնշյալ երկրների ցուցանիշը:

Միևնույն ժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին «Տարածաշրջանային տնտեսությունների զարգացման հեռանկարները» հաշվետվությունում նշվում է, որ Կովկասի տարածաշրջանում և Կենտրոնական Ասիայում նշմարում են աշխուժացման նշաններ, սակայն սթրեսը ֆինանսական հատվածում ռիսկ է առաջացնում տնտեսության աճի համար: ԱՄՀ-ն նշում է, որ արտահանումը սկսել է ավելանալ, դրամական փոխանցումները, հավանաբար, ավելի դանդաղ են կրճատվում կամ սկսել են աճել, իսկ կապիտալի ներհոսքի մակարդակը դրական է, սակայն այդ միտումները միասեռ չեն և մի շարք երկրներում սթրեսը բանկային համակարգում զսպում է վարկի աճն ու խոչընդոտում է տնտեսական ակտիվության աշխուժացմանը: Հարկ է նշել, որ Հայաստանում դրամական փոխանցումների ծավալն ընթացիկ տարվա սկզբից զգալիորեն աճեց (18 տոկոսով առաջին եռամսյակում), իսկ արտահանման ծավալի աճը մեր երկրից էլ ավելի է հուսադրում` կազմելով 64,3 տոկոս 2010 թվականի հունվար-ապրիլին: Թեև երկրի կախվածությունը դրամական փոխանցումներից բավական խոցելի է դարձնում նրա տնտեսությունը:

Ընդ որում ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական իրավիճակն ու 2010թ. հեռանկարները» զեկույցում ասվում է, որ այն երկրները, որոնք աղքատ են ռեսուրսներով, օրինակ, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանն ու Ուկրաինան, կշարունակեն կախված լինել դրսի աջակցությունից` ԱՄՀ կայունացնող վարկերից ու ԵՄ ֆինանսավորումից: Եվս մեկ բացասական գործոն է գործազրկության աճը: Սակայն այս ցուցանիշը բացասական է ողջ աշխարհում: ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ առաջիկայում համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերը լինելու են անհամաչափ ու դանդաղ, ինչը չի նպաստի զբաղվածության շուկայի վերականգնմանը: Համաշխարհային տնտեսության զարգացման այս կանխատեսումները բարելավվել են նախորդ վեց ամիսների համեմատ, սակայն, ցավոք, գործազուրկների քանակն աշխարհում ավելանում է, քանի որ տնտեսության վերածնունդը հիմնականում կապված է բյուջետային խթանման միջոցառումների հետ: Համաշխարհային ֆինանսական շուկայում պահպանվում է անկայունությունը, իսկ պահանջարկը թույլ է մնում:

Միևնույն ժամանակ 2010 թվականի հունվար-ապրիլին Հայաստանի պետբյուջեն կատարվեց բավականին լավ ցուցանիշներով, ընդհանուր առմամբ այն կատարվեց 9,3 մլրդ պակասուրդով, սակայն 2009 թվականի հունվար-ապրիլին այն կազմեց 21,7 մլրդ դրամ: Բացի այդ, բյուջեի եկամուտներն աճել են 19,6 տոկոսով, իսկ հարկային մուտքերը, պետտուրքերն ու պարտադիր սոցվճարները` 20,8 տոկոսով, այլ ծախսերը աճել են 17,7 տոկոսով: Ծախսերն աճել են 11,9 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ծախսերի աճով ոչ ֆինանսական ակտիվների, դրամաշնորհների, պետպարտքի սպասարկման և նպաստների վճարման գծով:

Հայաստանի ՀՆԱ-ի ցուցանիշները և բյուջեի կատարումը վկայում են այն մասին, որ երկիրը դուրս է գալիս ճգնաժամից, սակայն մեծ ռիսկ է պարունակում մեծացող պետական պարտքը: Իսկ թե կկարողանա երկիրը հաղթահարել այդ ռիսկը, պարզ կդառնա միայն մի քանի տարի անց:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---