Ֆիքսված հեռախոսակապի նոր օպերատորների մուտքը չի ազդի սակագների նվազման վրա

Հեռահաղորդակցությունների ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մայիսի 3-10 իրադարձությունների ամփոփ տեսություն

Ֆիքսված հեռախոսակապի նոր օպերատորների մուտքը հայկական շուկա չի հանգեցնի «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված հեռախոսակապի սակագների նվազման: Այդ մասին մայիսի 5-ին կայացած մամլո ասուլիսում հայտնեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Ֆիքսված հեռախոսակապի սակագները որոշվում են Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից, և ես կապ չեմ տեսնում նոր օպերատորների հայտնվելու ու սակագների նվազման միջև»,- ասաց Կլիմկոն: Նա հաղորդեց նաև, որ «ԱրմենՏել» ընկերությունը պայմանագիր է կնքել ֆիքսված հեռախոսակապի երկու նոր օպերատորների հետ և ողջունել նրանց մուտքն այդ շուկա:

PanARMENIAN.Net - Մինչդեռ, U!Com-ը մտադիր է ֆիքսված հեռախոսակապ տրամադրել արդեն ամռան ավարտին` սեփկան մանրաթելային մալուխի հիման վրա: Ըստ ընկերության ներկայացուցիչների, այս պահի դրությամբ ընթանում են մալուխի անցկացման շինարարական աշխատանքները, բանակցություններ են ընթանում հեռախոսակապի միջազգային օպերատորների հետ: Ըստ նրա, ընկերությունը պատրաստվում է հարմար սակագներ առաջարկել իր հաճախորդներին: Ընկերության մրցունակությունը պետք է ապահովի սեփական օպտիկա-մանրաթելային մալուխային գիծը, ինչը թույլ կտա կրճատել ծառայությունների համար անհրաժեշտ ծախսերը: U!Com-ի ֆիքսված կապը կգործի Երևանի տարածքում, իսկ հետագայում, նաև այն տարածաշրջաններում, որտեղ կանցկացվի ընկերության մալուխը:

U!Com-ը ապրիլի սկզբին ստացել է 6045 կոդը և 10 հազար համար տրաամդրելու իրավունքը: Ընկերությունը նաև մտադիր է հայկական շուկա հանել նոր թվային հեռախոս, որը կունենա ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային կապի հնարավորություն, կունենա տեսազանգ և sms-հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: 2007թ. հիմնված U!Com ընկերությունը տրամադրում է Ինտերնետ-կապ, IP-հեռուստատեսություն և նոր սերնդի թվային կապ: Մինչդեռ, ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2009 թվականի հունվար-մարտ ամիսների ցուցանիշների համեմատ 2010 թվականի նույն ժամանակահատվածում 23.7%-ով կրճատվել է հեռախոսազրույցների քանակը ֆիքսված հեռախոսակապով:Հայաստանում կապի ոլորտում 2010թ. հունվար-մարտ ամիսներին մատուցված ծառայություններից ստացված շահույթը կազմել է ավելի քան 38.7 մլն դրամ: կապի ոլորտում շահույթն ավելացել է 5.3%-ով` համեմատած անցյալ տարվա նույն շրջանի հետ:

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեը պատրաստակամություն է հայտնել քննարկել ընկերության մասնակցությունը Ինտերնետ-տրաֆիկի փոխանակման «ԱՐՄԻԿՍ» հիմնադրամին մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը: Ինչպես նշեց Իգոր Կլիմկոն, ընկերությունը բաց է նման նախաձեռնությունների համար, սակայն կոռեկտ չի համարում այն, որ իրեն առաջարկում են անդամակցել ստեղծումից հետո: «Մասնակցությունը ենթադրում է որոշակի իրավունքներ և պարտականություններ, և մեղմ ասած թեթևամիտ կլինի անդամակցել կազմակերպությանը չիմանալով կազմակերպչական-իրավական ձևի մասին»,-ասել է Կլիմկոն:

«ԱՐՄԻԿՍ» հիմնադրամը ստեղծվել է ապրիլի սկզբին Հայաստանում: Ինտերնետի eXchange-կենտրոնի օգնությամբ նախատեսվում է Ինտերնետի տրաֆիկի 20-30 տոկոսը պահել Հայաստանում, ինչն, իր հերթին, թույլ կտա մոտավորապես նույն հարաբերակցությամբ նվազեցնել Ինտերնետի գները: Հիմնադրամի մասնակիցներ են հանդիսանում Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունը և «Ինտերնետ հանրություն» ոչ կառավարական կազմակերպությունը: Նախաձեռնող խմբի կազմում են Հայաստանի հեռահաղորդակցային ոլորտի առաջատարներ VivaCell-MTC, Orange Armenia, ADC, Ucom, iCon, Web, Apaga Technologies, GNC Alfa, Shirak Technologies ընկերությունները: «ԱրմենՏելը» դեռ չի միացել այդ նախաձեռնությանը:

Մինչդեռ, ըստ «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի, «ԱՐՄԻԿՍ» նախագիծը կնպաստի Ինտերնետ-կապի շուկայի ազատականացմանը:

Մինչև ամառվա վերջ «Օրանժ Արմենիա» ընկերությունը մտադիր է համացանցը հասանելի դարձնել Հայաստանի բնակչության 93 տոկոսի համար: Այս մասին մայիսի 5-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան` ամփոփելով ընկերության վեցամսյա գործունեությունը: Այսօր ընկերության բջջային կապը հասանելի է Հայաստանի բնակչության 83 տոկոսին: Տնօրենի խոսքերի համաձայն, ընկերության համար հաջորդ կարևոր ուղղությունը 3G+ թույլատրելի հնարավորության կրկնակի ավելացումն է մոտակա 2-3 շաբաթվա ընթացքում:

Orange Armenia-ն 2010 թվականի ընթացքում ծրագրում է $50 մլն ներդնել: Այդ մասին մայիսի 5-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդեց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Նրա խոսքով, ընկերությունը ծրագրում է սկսել մաքուր շահույթ ստանալ 2011 թվականի կեսերից: Orange Armenia-ն Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում և Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը 2009թ. Հայաստանում կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, և ապահովում է բջջային կապի և գերարագ ինտերնետի հասանելիությունը:

Orange-ի 12 խանութներում մեկնարկում է Android օպերացիոն համակարգով աշխատող HTC սմարթֆոնների վաճառքը: Այսպիսով Orange-ն առաջին բջջային օպերատորն է, որը հայկական շուկայում առաջարկում է նորարարական Android օպերացիոն համակարգով գործող հեռախոս:

Android օպերացիոն համակարգը, որը ստեղծել է Google-ը, ունի բազմաթիվ առավելություններ, ինչպիսիք են` ձայնային կառավարումը, Google Earth ծրագրի օպտիմալ օգտագործումը, Gmail և այլ էլեկտրոնային փոստերն ուղիղ հեռախոսից կառավարելու հնարավորությունը, ավտոմատ կերպով բազմաթիվ ինտերնետային աղբյուրներից, ներառյալ facebook-ից, կոնտակտների բեռնումը, սոցիալական ցանցերի հեշտացված կառավարումը և այլն: Մինչդեռ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը HTC-ի պաշտոնական ռազմավարական գործընկերն ու ապրանքի վաճառողն է Հայաստանի շուկայում` ներառյալ Android օպերացիոն համակարգի բազայի վրա գործող սարքերը: HTC-ի բջջային սարքերի վաճառքը կիրականացվի ՎիվաՍել-ՄՏՍ-ի խանութներում ընկերության անձնակազմի կողմից, որոնք հատուկ վերապատրաստում են անցել HTC ընկերության մասնագետների մոտ: HTC-ի բոլոր սմարթֆոնների վրա կտարածվի HTC-ի պաշտոնական երաշխիքը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու HTC-ը մի շարք մարքեթինգային ակցիաներ կանցկացնեն: Մինչդեռ, մայիսի 4-ին Orange Armenia-ն Երևանում վաճառքի հանեց HTC Tattoo™ սմարթֆոնները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Orange Armenia-ի մարքեթինգի բաժնի տնօրեն Արամ Մկրտչյանը, հետերաշխիքային սպասարկումը իրականացվում է Orange Armenia ընկերությունում:

Հայաստանի կառավարությունը հաստատել է «Քենդլ» միջազգային կենտրոնի իրականացման նախագիծը: «Սինքրոտրոնային ճառագայթման արագացուցչի հենքի վրա «Քենդլ» միջազգային կենտրոնի նախագծի իրականացման միջոցառումների եւ պատասխանատու նշանակելու մասին» որոշմամբ կառավարությունը, նկատի առնելով այդ նախագծի կարեւորությունը առաջատար կիրառական գիտական հետազոտությունների եւ տեխնոլոգիաների զարգացման գործում, հաստատել է «Քենդլ» նախագծի արժեքի 25 տոկոսի սահմանում ֆինանսական մասնակցություն ունենալու իր պատրաստակամությունը: Կառավարությույնը հրավիրել է օտարերկրյա պետություններին եւ միջազգային կառույցներին մասնակցելու այդ կենտրոնի կառուցմանը եւ օգտագործմանը։ Նախագծի իրականացման պատասխանատու է սահմանվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն։

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է նախագծի ղեկավար, ԵՊՀ-ին կից «Քենդլ» ԳՀԻ տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վասիլի Ցականովը, համալիրը թույլ կա ունենալ 40 գերժամանակակից փորձարարական լաբորատորիա: «Նախագիծը համակարգաստեղծ է և նրա իրականացումն առաջատար դիրքերի դուրս կբերի Հայաստանում կատարվող աշխատանքները ֆիզիկայում, քիմիայում, կենսաբանության, բժշկության, բնապահպանության, դեղագործության, միկրոէլեկտրոնիկայի հիմնարար և կիրառական հետազոտությունների ողջ սպեկտրով և շարժիչ ուժ կհանդիսանա երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացման համար»,-ասել է Վ.Ցականովը:

«Քենդլ» նախագիծը ստացել է միջազգային փորձագիտական հանձնաժողովի բարձր գնահատականը որպես համաշխարհային մակարդակի նախագիծ ու ՀՀ-ում գիտության ու տեխնոլոգիաների զարգացման փայլուն նախաձեռնություն: Իր մակարդակով, «Քենդլը» դասվում է 21-րդ դարի ճառագայթման աղբյուրների նոր ընտանիքին, ինչպիսիք են` SPEAR3 (ԱՄՆ), CLS (Կանադա), SOLEIL ( Ֆրանսիա), DIAMOND (Անգլիա): Նման աղբյուրների պահանջարկն աշխարհում 3-10 անգամ գերազանցում է եղած հնարավորությունները: Նախագիծը ստացել է միջազգային փորձագիտական հանձնաժողովի բարձր գնահատականը որպես համաշխարհային բարձր կարգի նախագիծ և փայլուն նախաձեռնություն է Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների զարգացման համար:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---