Հայաստանի կառավարությունն անցնում է Unicode տառատեսակի

Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հունիսի 7-14-ը տեղի ունեցած իրադարձությունների ամփոփ տեսություն

Անցյալ շաբաթ Հայաստանի կառավարությունը նիստի ժամանակ քննարկել է պետկառույցներում գրասենյակային աշխատանքի համար Unicode համակարգում որպես պարտադիր պայման հայկական տառատեսակների օգտագործումը, ինչպես նաև որոշ պետական կայքերի հայերեն տեքստերի կոդավորումների թարգմանությունը: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ պետկառույցների որոշ կայքեր անհասանելի են լինում ընթերցանության համար օգտագործվող կոդավորումների պատճառով:

PanARMENIAN.Net - Վարչապետը նաև բոլոր նախարարներին հանձնարարեց gov.am դոմենում էլեկտրոնային փոստեր բացել, քանի որ, ինչպես պարզ դարձավ, որոշ նախարարներ պաշտոնական նամակագրության համար ամերիկյան ընկերությունների դոմենում գրանցված էլեկտրոնային փոստեր են օգտագործում:

Հունիսի 6-ին ԲարՔեմփ խորհրդաժողովի մասնակիցները Հայաստանի վարչապետին դիմել են Հայաստանում հայոց լեզվով էլեկտրոնային բովանդակության զարգացման ազգային ռազմավարություն մշակելու խնդրանքով: Տիգրան Սարգսյանին ուղղված դիմումում, որի տակ ստորագրել են ԲարՔեմփ խորհրդաժողովի մոտ 190 մասնակիցներ, շոշափվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են պետական կառույցների ամբողջ գրագրությունը միայն յունիքոդ տառատեսակներով կատարելը, տեղեկատվական անվտանգության նպատակով պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեների օգտագործումը պետծառայողների պաշտոնական նամակագրության համար: Մասնակիցները կառավարության ղեկավարին կոչ արեցին նաև քայլեր ձեռնարկել հայկական տառերի նշագրում ունեցող համակարգչային ստեղնաշարի լայն տարածման համար: Պետական կայքերի թվում, որտեղ չի օգտագործվում յունիքոդ համակարգը, նշվում են Արտաքին գործերի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության, Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստանի, ՀՀ Ոստիկանության, ՀՀ Սահմանադրական դատարանի, Քաղաքացիական ավիացիայի, ՀՀ Կենտրոնական բանկի և այլ կայքեր:

Թողարկման է պատրաստվում Armenian PowerSpell 2010 ծրագրի նոր տարբերակը, որի օգնությամբ կարելի է աշխատել ոչ միայն Microsoft Word, այլև MS Excel ծրագրով: Armenian PowerSpell ծրագիրը թողարկվել է 2009 թվականին: Հայոց լեզվի քերականությունը ստուգող ծրագիրը (spellchecker) համատեղելի է Microsoft Word տեքստի խմբագրի հետ և ճանաչում է Armenian Standard և Unicode կոդավորումները: Ծրագիրը 600000 հայերեն բառ և բառաձև է պարունակում բառարանում: Ծրագիրն օգտագործում են նաև Հայաստանի Կենտրոնական բանկը, տարբեր նախարարություններ: Ծրագիրը Հայաստանում բեռնվել է 1200 համակարգիչների վրա: Ներկա պահին խումբն աշխատում է Armenian PowerDic զուգահեռ բառարանի վրա` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների համար, որն իր մեջ նաև քերականության ստուգման ու նույնանման բառերի հայտնաբերման ծրագիր է պարունակում:

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիքսված ցանցին միանալու նոր հնարավորությունների մասին: Մինչև 2010թ-ի դեկտեմբերի 31-ը Beeline ֆիքսված հեռախոսագիծ տեղադրել ցանկացող ֆիզիկական և իրավաբանական անձիք կարող են վճարել միանվագ միացման վարձը 12 ամսվա ընթացքում: Այս հնարավորությունից կարող են օգտվել թե Երևանի, թե մարզերի բնակիչները: Ներկայում Beeline ֆիքսված ցանցին միանալու միանվագ վարձը կազմում է 12 000 դրամ ֆիզիկական և 14 400 դրամ իրավաբանական անձանց համար: Իր հերթին, մոտակա ամիսների ընթացքում iCon Communication-ը ոչ աշխարհագրական համարներ կհատկացնի VoIP հեռախոսակապից օգտվողների համար: Ներկա պահին բաժանորդները կարող են օգտվել IP-հեռախոսակապից` հեռախոսը միացնելով մոդեմին: Սա առաջին փուլն է, դրանից հետո ընկերությունը ծրագրում է համարներ հատկացնել, որոնց օգնությամբ օգտվողները կկարողանան միմյանց զանգահարել iCon ցանցի ներսում:

Հունիսի 9-10-ը Երևանում կայացավ «DigiTec Business 2010» 3-րդ ամենամյա միջազգային ցուցահանդես-համաժողովը, որը նվիրված էր բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսությանը: Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 40 տեղական և օտարերկրյա ընկերություններ, որոնք կներկայացնեն իրենց լուծումները ֆինանսաբանկային, զբոսաշրջության, առևտրի, շինարարության, տրանսպորտի ու դեղագործության ոլորտներում: Համաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետը ՀՀ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկեց երկակի նշանակության արտադրանքի և տեխնոլոգիաների Հայաստանի տարածքով տեղափոխմանն ու արտահանմանը վերաբերող հարցեր: Այս պահի դրությամբ օրենքի ուսումնասիրությամբ հատուկ աշխատանքային խումբ է զբաղվում, որը ստեղծվել է վարչապետի հանձնարարությամբ: ՀՀ խորհրդարանը ապրիլի 8-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողության մասին» օրենքին: Մինչդեռ, Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը խնդրել է ՀՀ նախագահին լրամշակման ուղարկել օրենքը: Օրենքի գլխավոր թերությունն այն է, ըստ UITE ներկայացուցիչների, որ փաստաթղթում չկա հստակ սահմանում, թե որոնք են համարվում «երկակի նշանակության ապրանքներ» և «մտավոր գործունեության ապրանքներ», որի պատճառով նման ապրանքների թվին կարելի է դասել ապրանքների և ծառայությունների բավականին լայն շրջանակ:

«ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում նորարարական տեխնոլոգիաների հիման վրա ազատ տնտեսական գոտու ստեղծման, ինչպես նաև վենչուրային հիմնադրամի ձևավորման հնարավորությունները հունիսի 8-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ քննարկեց ռուսական «Սիտրոնիկս» ԲԲԸ-ի ղեկավար կազմը` ընկերության նախագահ Սերգեյ Ասլանյանի գլխավորությամբ։ «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ն հիմնվել է 1988 թվականին: Ձեռնարկության սարքավորումները ներմուծված են ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Իտալիայից, Շվեդիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից: Այդ սարքավորումները թույլ են տալիս բարդ էլեկտրոնային ու մեխնիկական արտադրանք մշակել և արտադրել:

2002 թվականին համաձայնագիր ստորագրվեց «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ձեռնարկությունը Ռուսաստանի տնօրինությանը հանձնելու վերաբերյալ` որպես Ռուսաստանին $93մլն-ի չափով Հայաստանի պարտքի մարում: Գործարանը ռուսական «Սիտրոնիկս» ընկերությանը հանձնվեց 2008 թվականին:

«Կոռնետ-AM» ՓԲԸ կազմակերպությունը հայտարարել է Հայաստանում WiMAX ծածկույթի գոտու ընդարձակման մասին: 2010 թ. հունիսից WiMAX «Կոռնետ-AM» -ը սկսել է աշխատել Քաջարանում: Այդ քաղաքում նոր բազային կայանի տեղադրումն ու ցանցի ընդարձակումը հնարավոր է դարձել «Ջի Էն Սի-Ալֆա» կապի մանրաթելային պաշարների բազայի և տեխնիկական աջակցության շնորհիվ: «Կոռնետ-AM» ընկերությունը Հայաստանում առաջին անգամ 2008 թ. իրականացրել է ազգային մասշտաբի կապի ցանցի` ոչ լարային լայնագիծ WiMAX. համացանցի հասանելիության հայեցակարգը: Այսօր այն կապի ծառայություն է տրամադրում Երևանին և Հայաստանի 19 խոշոր քաղաքներին: Մինչդեռ, «Քոմսթար-ՕTC» ընկերությունը, որը մտնում է ՄՏՍ ընկերությունների խմբի մեջ, հայտարարել է «Կոմսթար-ՕTC» պրոդուկտի և ծառայությունների գործընթացը ՄՏՍ ապրանքանիշով փոխարինելու գործընթացի մեկնարկը: Մինչև 2011թ. ավարտը Ռուսաստանի հեռահաղորդակցությունների շուկայում ՄՏՍ ընկերությունների խմբի շրջանակներում կմնա միայն երկու ապրանքանիշ` ՄՏՍ և ՄԳՏՍ:

Այդպիսով, «Քոմսթար» ապրանքանիշը Մոսկվայում և մարզերում աստիճանաբար կփոխարինվի ՄՏՍ ապրանքանիշով: 2006 թվականից ի վեր «Քոմսթար-ՕՏՍ» ընկերությունների շահերը Հայաստանի տարածքում ներկայացնում է «Կոռնետ-ԱՄ» ընկերությունը և լայնաշերտ հասանելիության, տվյալների փոխանցման, կորպորատիվ ցանցերի կազմակերպման ծառայություններ է տրամադրում` օգտագործելով ինչպես ֆիքսված, այնպես էլ անլար կապի տեխնոլոգիաները, տեղական և հեռավոր կապի թվային ծառայությունները: «Շարժական հեռահամակարգեր» (ՄՏՍ) ԲԲԸ-ն Հայաստանի ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժնետոմսերի 80 տոկոսի սեփականատերն է:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---