Facebook-ից օգտվողներին հաջողվեց պաշտպանել սոցիալական ցանցի հայալեզու ինտերֆեյսը

Հուլիսի 5-11-ի հեռահաղորդակցության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հիմնական իրադարձությունների ամփոփում

Այս շաբաթ տեղեկատվական անվտանգությունն ուշադրության կենտրոնում էր: Հայ բլոգերները խոշորագույն համացանցային հանրագիտարան Վիքիփեդիայի փոխարեն ստեղծել են այլընտրանքային համացանցային wiki.hayqpress.com-ը, որտեղ կարելի է գտնել ճշմարտացի և անկողմնակալ տեղեկատվություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին:

PanARMENIAN.Net - Hayqpress.com համացանցային հանրագիտարանի հիմնադիր Սեդրակ Մկրտչյանի խոսքով, այդպիսի աղբյուր ստեղծելու գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ բացահայտվել է, որ համացանցից օգտվող ադրբեջանցիների մի խումբ, որը հայտնի է որպես «Բաքվի 26 վիքիփեդիստներ» անունով, անցկացնում էր ակտիվ և համակարգված հակահայկական քարոզչություն Վիքիփեդիայում: Հուլիսի 2-ից սկսած օգտվողների խումբը «հարձակում է» սկսել Facebook-ի հայկական տարբերակի վրա: Օգտվելով Translation-ի տեղայնացման հավելվածից, խումբը փոփոխություններ է կատարել թարգմանությունների մեջ` զետեղելով ադրբեջանական քարզչություն ու վիրավորական արտահայտություններ: Դա հնարավոր է, քանի որ Facebook-ի հայերեն թեստավորումը գտնվում է բետա-թեստավորման փուլում (տեղայնացված է 73 տոկոսով): Բացի դրանից, օգտվողների մի խումբ Facebook սոցիալական ցանցում մի խումբ է հայտնաբերվել, որը փոփոխություններ էր կատարում կայքի հայերեն թարգմանության մեջ և հարձակուվում էր Facebook-ի հայ օգտվողների վրա: Խմբի անվանումը կարելի է թարգմանել որպես «Եկեք հարձակվենք հայկական Facebook-ի վրա»: Խմբին անդամակցում է 688 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունն Ադրբեջանից են: Խմբի անդամները համակարգում էին քվեարկությունը թարգմանության իրենց տարբերակների օգտին, արդյունքում հայերեն ինտերֆեյսի օգտվողներն էջի մենյուի փոխարեն ստանում էին վիրավորական արտահայտություններ: Հայ օգտվողները տեղեկացրել են Facebook-ի աջակցության ծառայությանը միջադեպի մասին, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել: Այս պահի դրությամբ Facebook-ի ինտերֆեյսի թարգմանությունը հայերեն գրեթե վերականգնված է` ճիշտ տարբերակների համար հայ ակտիվիստների զանգվածային քվեարկության արդյունքում:

Հուլիսի 2-ին համակարգված հակահայկական գործունեության համար պատժվեցին խոշորագույն բազմալեզու Վիքիփեդիա ինտերնետ-հանրագիտարանի ռուսալեզու բաժնի 26 խմբագրեր: Առավել չարամիտ կանոնախախտներին 3-6 ամիս ժամկետով արգելվեց հետագա մասնակցությունը Վիքիփեդիային: Արգելափակումը վերացնելուց հետո մասնակիցներին կարգելվի խմբագրել վիճահարույց հոդվածները` սահմանափակելով Վիքիփեդիայի տարածքում խմբագրելու նրանց իրավունքը:

Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը հակահայկական քարոզչություն չի վարում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է բլոգեր Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքերով, ցանցում հատկապես դժվար է դիմակայել թուրքական ինտերնետ օգտվողների հակահայկական քարոզչությանը, որոնք առավել փորձառու և պրոֆեսիոնալ են տեղեկատվական պայքարի ոլորտում:

«Տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակումը մի բան է, այդ ուղղությամբ ամենօրյա աշատանք տանելն` այլ բան: Երկամյա վաղեմության իրավիճակի համեմատ այսօր Հայաստանի պետական մարմինները առավել համակարգված են աշխատում տեղեկատվական դաշտում»,-ասել է Տիգրան Քոչարյանը: Ինչպես նշել է բլոգերը, տեղեկատվական պատերազմներում չկան վերջնականապես հաղթածներ և պարտվածներ, քանի որ վիճակն այդ ոլորտում անընդհատ փոխվում է:

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն աշխատանքներ է վարում ՀՀ ՏԿ նախարարության ու մարզկենտրոնների միջև տեսախորհրդաժողովների համակարգի ստեղծման շուրջ, ինչը թույլ կտա on-line ռեժիմով խորհրդակցություններ անցկացնել: ՏԿ նախարարությունը «Զարգացման, տեղեկատվական համակարգերի ու վերապատրաստման կենտրոնի» հետ համատեղ մտադիր է նաև հասարակայնությանը հասանելի դարձնել համայնքների կառավարման տեղեկատվական համակարգերը (ՀԿՏՀ), որոնք գործում են 225 համայնքներում: Քայլեր են ձեռնարկվում ծրագրային ապահովման մոդուլի մշակման ու ներդրման ուղղությամբ, որը կապահովի մարզկենտրոններում գործող Mulberry փաստաթղթերի շրջանառության համակարգի ու ՀՏԿՀ փաստաթղթերի էլեկտրոնային շրջանառության բաղադրիչի միջև փոխգործակցությունը:

ArmRobotics բաց առաջնության շրջանակներում ստեղծված ռոբոտները կներկայացվեն Երևանում և հանրապետության մարզերում: Ռոբոտների առաջին ցուցադրության վայրը Վանաձոր քաղաքն էր, որտեղ հուլիսի 4-ին Շառլ Ազնավուրի անվան Մշակույթի պալատում ներկայացվեցին ական փնտրող, գծին հետևող, իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտները, ցուցադրվեցին համաշխարհային ռոբոտատեխնիկային վերաբերող ֆիլմեր, տեղի ունեցավ ԱրմՌոբոտիքսի մասին և ռոբոտների կիրառությունը ռազմական ոլորտում թեմաներով գործարար հանդիպումը: ԱրմՌոբոտիքսի շրջանակներում անցկացվող ռոբոտների մրցույթների նպատակն է երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպը և աշխատանքը, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը և խթանել նոր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում: ArmRobotics առաջնությունը, որի կազմակերպիչն է Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունը (UITE), առաջին անգամ անց է կացվել Հայաստանում 2008 թվականին: Առաջնության նպատակն է երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպը և աշխատանքը, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը և խթանել նոր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է ֆիզիկական անձանց համար «Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Գեղարքունիք» և «Կոտայք» կանխավճարային մարզային սակագնային փաթեթների գործարկման մասին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ընկերության մամլո ծառայությունից, սակագնային փաթեթները թույլ են տալիս Beeline բջջային ցանցում կատարել ելքային զանգեր ընդամենը 9 դրամով, անկախ խոսակցության տևողությունից: Վճարը գանձվում է միայն հաջողված զանգի դիմաց: Եթե բաժանորդը գտնվում է իր տարածաշրջանից դուրս, ապա Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 19 դրամ է: Մարզային սակագնային փաթեթի բաժանորդների համար դեպի Հայաստանի և ԼՂՀ-ի ֆիքսված և այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը 39 դրամ է: Beeline ցանցի ներսում ելքային մեկ SMS հաղորդագրության արժեքը 9 դրամ է, իսկ դեպի այլ, այդ թվում միջազգային օպերատորների ցանցեր` 20 դրամ: Բջջային ինտերնետի (GPRS-Internet) սակագինը փոխանցված/ստացված տվյալների յուրաքանչյուր 1 ՄԲ դիմաց 29 դրամ է:

Մարզային սակագնային փաթեթի SIM-քարտ կարելի է ձեռք բերել տվյալ մարզի Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներից: Քարտի արժեքը 400 դրամ է, ընդ որում, այդ գումարն ամբողջությամբ մուտքագրվում է բաժանորդի հաշվին: Այլ սակագնային փաթեթներից դեպի մարզային սակագնային փաթեթ անցման արժեքը 300 դրամ է: Մարզային սակագնային փաթեթների միջև անցումները փակ են:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---