Հայաստանը բջջային տեղեկատվական բազայի մակարդակի ցուցանիշով աշխարհում 81-րդ տեղում է

Սեպտեմբերի 6-13-ն ընկած ժամանակահատվածում հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի հիմնական իրադարձությունների ամփոփում

2011թ. Հայաստանի կառավարությունը կավելացնի ՏՏ ոլորտի ֆինանսավորումը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը: Ըստ նրա, 2010թ. ՏՏ ոլորտի զարգացման համար 200 մլն դրամից մինչև 80 մլն դրամ միջոցների կրճատումը կապված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այս տարի խոշոր գումար է հատկացվել Գյումրիում տեխնոպարկի կառուցմանը:

PanARMENIAN.Net - «Հաշվի առնելով Գյումրիում տեխնոպարկի կառուցման համար հատկացված միջոցները, պետֆինանսավորման ընդհանուր գումարը 2010թ. կազմել է 280 մլն դրամ»,-ասել է Վաչե Կիրակոսյանը:

Հայաստանի կառավարությունը կրճատել է «DigiTec Expo 2010» ցուցահանդեսի ֆինանսավորումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը լրագրողներին հայտնել է, որ ցուցահանդեսի անցկացման համար կառավարությունը տրամադրել էր 10 մլն դրամ: Նրա խոսքերի համաձայն, հիմնականում կրճատվել է բարձր տեխնոլոգիաների զարգացման համար կառավարության տրամադրած միջոցները` նախկին 200 մլն դրամի փոխարեն հասցնելով 80 մլն-ի:

Կարեն Վարդանյանի խոսքերի համաձայն, ներկայում Հայաստանում գործում են տասն անգամ ավելի քիչ ՏՏ ընկերություններ, քան նախատեսված էր ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «2008-2018 թթ. ՏՏ զարգացման հայեցակարգում»: «Հայեցակարգում նշված է, որ 2018 թ. Հայաստանում պետք է լինի ՏՏ բնագավառի 1000 ձեռնարկություն: Ռիսկերը հաշվի առնելով, դա նշանակում է, որ մենք պետք է ստեղծենք առնվազն 3000 ընկերություն, այսինքն` տարեկան մոտ 300 ընկերություն: Սակայն, առանց կառավարության կամ այլ կառույցների միջամտության, ամեն տարի Հայաստանում բացվում է 30 ընկերություն: Այս հանգամանքն առիթ է տալիս լրջորեն մտածել ենթակառույցների ստեղծման մասին, որոնք կնպաստեն նոր ընկերությունների ի հայտ գալուն», - ասել է Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքերի համաձայն, USAID Caps ծրագիրն անցյալ տարի վճարել է «DigiTec Expo» ցուցահանդեսին նորաստեղծ 5 կազմակերպությունների մասնակցության համար, ևս 6 կազմակերպությունների օգնել է մասնակցելու ՏՏ ձեռնարկությունների միության աշխատանքներին:

«Կարծում եմ, այս տարի նոր կազմակերպություններից մասնակիցներ շատ կլինեն», - ասել է Կարեն Վարդանյանը: Հեռահաղորդակցության և ՏՏ ամենամյա վեցերորդ «DigiTec Expo 2010» ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 29-31-ը, Երևանում:

«DigiTec Expo 2010» ցուցահանդեսին կարող են ներկայացվել մոտ 60 ընկերություն, իսկ մասնակիցների թիվը կհասնի 15 հազարի:

Երևանի թիվ 56 Ստեփան Զորյանի անվան դպրոցում բացվել է 20 համակարգիչներով հագեցած համակարգչային դասարան: Ինֆորմատիկայի կաբինետը վերազինվել է Սիրիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցչության միջոցներով:

«Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր դարձել են հինգերորդ իշխանություն: Համակարգչից օգտվել չկարողանալը, այբուբեն չիմանալ է»,- ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ըստ նրա, Սիրիայի հայ համայնքի այդ նվերը վկայում է այն մասին, որ Հայաստանի և սփյուռքի անքակտելի կապը գնալով ամրապնդվում է: Ինչպես նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, 15 տարվա ընթացքում դպրոցի աշակերտներն իրենց ավանդն են ներդրել հիմնադրամին` ապրիլի 24-ի նախօրեին: «Ձեր օգնությամբ մենք ծրագրեր ենք իրականացրել Արցախում և Հայաստանի մարզերում, այսօր ձեզ որոշել է օգնել Սիրիայի հայ համայնքը»,-ասել է Արա Վարդանյանը:

Համակարգիչներից բացի, դպրոցը նվեր է ստացել նաև հեռուստատցույց, պրոեկտոր և DVD-նվագարկիչ: Նախկինում դպրոցն ընդամենը 5 համակարգիչ ուներ: Նոր դասարանը կօգտագործվի նաև այլ առարկաների ինտերակտիվ պարապմունքների համար: Երևանի դպրոցներում տեղադրվել են 80 էլեկտրոնային ինտերակտիվ գրատախտակներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Polycom ընկերության ներկայացուցիչն «Ֆիրմա Ալֆա» ընկերության տնօրեն Ռուբեն Եսայանը: Նրա խոսքերի համաձայն, ինտերակտիվ գրատախտակներով հագեցած են Հայաստանի գրեթե բոլոր բուհերը և դպրոցները: Միաժամանակ, նա նշել է, որ այդ ոլորտում կառավարությունն աջակցություն չի ցուցաբերում: SMART Technologies-ի արտադրության ինտերակտիվ գրատախտակի միջին արժեքը 1 800 դոլար է առանց ԱԱՀ-ի:

«Smart ընկերության հետ մենք ակցիաներ ենք ծրագրել` ձեռք բերել 2 գրատախտակ մեկի գնով, տարժամկետ վճարում և այլն: Անհրաժեշտ է տեղեկատվական տեխնոլոգիաներն առաջնային հռչակելու հայտարարություններից անցնել ՏՏ ոլորտի իրական զարգացմանը»,- կարծում է Ռուբեն Եսայանը:

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի ոստիկանության ակադեմիայում բացվել է Համակարգչային վերապատրաստման կենտրոն: Ծրագիրը ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի գրասենյակի, ՀՀ ոստիկանության ակադեմիայի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությունն է, որն իրականանում է Նորվեգիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Կենտրոնը հագեցած է DELL ընկերության 25 ժամանակակից համակարգիչներով:

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը բացման արարողության ժամանակ ասել է, որ համակարգչային կենտրոնը 2010-2011թթ. ոստիկանության բարեփոխումների ծրագրի մի մասն է:

Իր հերթին, ՄԱԶԾ երևանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգն ասել է, որ այդ կենտրոնը կօգնի ոստիկանության ղեկավարությանը բարելավել իր աշխատանքը տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ:

Տվյալների էլեկտրոնային բազան ամբողջապես կներդրվի ՀՀ ոստիկանության համակարգ 2011թ. առաջին եռամսյակի ընթացքում «2010-11թթ ոստիկանության բարեփոխման ծրագրի» շրջանակներում: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին, ասել է ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Ըստ նրա, այսօր մասնագետներն աշխատում են տվյալների բազայի նորացման և կատարելագործման վրա:

«Հայաստանի յուրաքանչյուր, նույնիսկ հեռավոր շրջանում, իրավապահ մարմինների աշխատակիցների համար հասանելի կլինի ՀՀ ոստիկանության կենտրոնական աշխատակազմում առկա տեղեկատվությունը: Ոստիկանության աշխատակիցը կկարողանա օնլայն տեղեկատվություն ստանալ յուրաքանչյուր վարորդի մասին` հաշված րոպեների ընթացքում, նույնիսկ դուրս չգալով մեքենայից»,-ասել է Ալիկ Սարգսյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը մտադիր է գործարկել LTE 4-րդ սերնդի անլար կապի ցանցը: Այդ մասին մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նրա խոսքերի համաձայն, այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապի ծածկույթը 3G տեխնոլոգիայով կազմում է 92 տոկոս: Ընկերությունը 3G կապով ապահովում է Հայաստանի 650 բնակավայրերը:

«Մենք պատրաստվում ենք գործարկել 4-րդ սերնդի կապ և իրականացնելու ենք դա տեխնիկապես պատրաստ լինելուց հետո: Տվյալ տեխնոլոգիան քիչ երկրներում կա, և Հայաստանը լինելու է դրանցից մեկը»,- ասել է Յիրիկյանը:

Հուլիսի վերջին ՄՏՍ բջջային կապի օպերատորը LTE 4-րդ սերնդի ցանցը ԱՊՀ երկրներից առաջին անգամ գործարկել է Տաշքենդում: Ինչպես ասել է RBK daily-ի հետ հարցազրույցում «ՄՏՍ արտասահմանյան ընկերություններ»-ի տնօրեն Օլեգ Ռասպոպովը, LTE ցանցի թեստային գործարկումներն Ուկրաինայում և Հայաստանում նախատեսվում է անցկացնել մինչև 2010-ի վերջը:

2010-ի ապրիլի վերջին Beeline ընկերությունը LTE ցանցը թեստային ռեժիմով թողարկել է Աստանայում: LTE-ն ապագա սերնդի անլար կապի տեխնոլոգիա է` նախատեսված լայնաշերտ հասանելիության բջջային կապի համար: Այսօր LTE-ն կոմերցիոն տարբերակով հասանելի է Նորվեգիայում, Շվեդիայում, Լեհաստանում և Ուզբեկստանում:

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) և «ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնի գործընկերության շրջանակում Հայաստանում գործարկվել է «Սփյուռ-ինֆո» առաջին ազգային կոմերցիոն տեղեկատու կենտրոնը: Կենտրոնը կտրամադրի բազմաբնույթ տեղեկատվություն Հայաստանում և ԼՂՀ-ում գործող ընկերությունների վերաբերյալ և տարաբնույթ այլ տեղեկատվություն: Կենտրոնի աշխատակիցները օպերատիվ կերպով կտրամադրեն կազմակերպությունների կոնտակտային տվյալներ` ըստ գործունեության տեսակի, հասցեի, և այլն: Կենտրոնն օգտագործում է Հայաստանում գործող ավելի քան 100 հազար իրավաբանական անձանց և նրանց մատուցած ծառայությունների մասին միավորված տվյալների բազան: «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնը համագործակցելով «ԱրմենՏել» ընկերության հետ գործարկեց ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած, միշտ հասանելի, ավելի ծավալուն տեղեկություններ ունեցող նոր հեռախոսային տեղեկատու, որը նոր էջ բացեց «Սփյուռի» գործունեության պատմության մեջ: Այս նախագծի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել մատուցվող տեղեկատվական ծառայությունների բազմազանությունը և զարգացումը ի շահ մեր հաճախորդների»,- նշել է «Սփյուռ» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանը:

Օգտվել կենտրոնի ծառայություններից, կարելի է զանգահարելով 0 9000 9999 հեռախոսահամարին: Կատարված զանգի մեկ վայրկյանի արժեքն է 1.5 դրամ: Քանի որ սպասարկման միջին տևողությունը կազմում է 20-30 վայրկյան, ապա զանգը միջինում կարժենա 30-45 դրամ:

Ինչպես նշել է Աշոտ Գրիգորյանը, ապագայում ընկերությունը մտադիր է կարգավորել համագործակցությունը նաև Հայաստանի մյուս օպերատորների հետ: Նրա խոսքով, նախագծի գործարկման համար մի քանի միլիոն դրամի չափով ներդրումներ են պահանջվել, ընդ որում` «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի աշխատանքն այժմ լրացուցիչ ծախսեր կպահանջի` ամսական մինչև 400 հազ. դրամ: Դրա հետ մեկտեղ գործընկերները ջանացել են նվազագույնի հասցնել սակագները:

«Մենք միայն մտադիր ենք հոգալ ծախսերը և կոմերցիոն շահ չենք հետապնդում»,- ասել է Աշոտ Գրիգորյանը: ԱրմենՏել ընկերության Հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանն, իր հերթին, նշել է, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի համագործակցությունը «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի հետ ուղղված է Հայաստանում call-կենտրոնների շուկայի զարգացմանը:

MARANI (Market of animation) տեղեկատվական տեխնոլոգիաների և անիմացիայի բնագավառին վերաբերող բիզնես ֆորումը բացվել է Երևանում, սեպտեմբերի 11-ին: Այն տևել է մինչև սեպտեմբերի 13-ը: Ֆորումը մեկտեղել էր անիմացիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերակտիվ խաղերի և համակարգչային բնագավառների ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան կազմակերպություններին:

Բիզնես ֆորումի տնօրեն Հայկ Ասրիյանցի խոսքերի համաձայն, ցուցահանդեսին ներկայացված էր 14 վահանակ, իսկ ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցում էին 23 ընկերություններ` Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Բրազիլիայից, Արգենտինայից և այլ երկրներից:

«Մենք գոհ ենք միջոցառման այս տարվա արդյունքներից և ձգտում ենք դառնալ խոշոր բիզնես հարթակ ամբողջ տարածաշրջանում», - ասել է Հայկ Ասրիյանցը:

Ֆորումին ներկայացված էին այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են` IT ձեռնարկությունների միությունը, «Ինկուբատոր ձեռնարկությունների» հմնադրամը, Smart Systems, Apaga Technologies, DEEM Communications, Triada Studio, Robert Sahakyants Production, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Ֆրանսիայի Visualdis, ԱՄՆ Green Valley, Technicolor, Գերմանիայի Novelmedia, Բրազիլիայի ANIMATV և այլն:

MARANI շրջանակներում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ANITA (Animation and IT) գագաթաժողովը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում և տարածաշրջանում անիմացիայի, համակարգչային ծրագրերի և 3D խաղերի բնագավառում զարգացման հեռանկարները:

Մուլտիմեդիա ուսումնական լաբորատորիա կբացվի Գյումրիում, 2011 թ., Գյումրիի տնտեսական զարգացման շրջանակներում: ИТ MARANI և անիմացիայի բնագավառի բիզնես ֆորումի բացման ժամանակ ելույթ ունենալով` ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը: Ըստ նրա, մշակվելու են որոշակի ուսումնական ծրագրեր դպրոցականների համար:

«Գյումրիում 3 D գրաֆիկի ստեղծման ռեսուրսներ կան: Այնտեղ հիմնականում աշխատում են ազատ գործող մարդիկ: Կարծում եմ, կարող ենք կապ ստեղծել Երևանում գործող ընկերությունների հետ և աշխատանքների մի մասը տեղափոխել Գյումրի», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է Գուրգեն Պարոնյանը:

Նա հայտնել է նաև, որ ծրագրվում է Գյումրիում դեռահասների համար բացել անիմացիոն ակումբ:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---