Վերաօծվել է Ախալքալաքի շրջանի Մերենիայի Սբ.Աստվածածին եկեղեցին

Վերաօծվել է Ախալքալաքի շրջանի Մերենիայի Սբ.Աստվածածին եկեղեցին

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ՝ Ջավախքի ընդհանուր փոխանորդ Բաբգէն աբեղա Սալբիյանի և տարածաշրջանում իրենց ծառայությունը մատուցող տեր Թադեոս, տեր Տաթև և տեր Տիգրան քահանաների վերաօծվեց Ջավախքի Մերենիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Մերենիան գտնվում է Ախալքալաքից 15 կմ հեռավորությամբ: Հայ բնակչությունն այստեղ տեղափոխվել և վերաբնակվել է 18-րդ դարից սկսած Կարինի Սալնաձոր, Օզնի, Մառզա, Բայբուրդ և այլ գյուղերից: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին: Փայտյա տանիքով քարե կառույցը 1899-ի երկրաշարժի ժամանակ փլվում է: Բայց մի քանի տարվա ընթացքում նորից վերակառուցվում է:

Հայ Եկեղեցու օծման կարգով ապրիլի 6-ի երեկոյան կատարվեց նավակատիկ` դռնբացեքի արարողություն: Վիրահայոց Թեմի առաջնորդի հանդիսապետությամբ սուրբ մյուռոնով օծվեցին եկեղեցու 16 սյուները, մկրտության ավազանը, պատկերները, որոնք վերածվում են սրբապատկերի: «Դռնբացեքի կարգը խորհուրդն է արքայության դռների բացման: Այսօր այս տաճարը, օծվելուց հետո դառնում է Աստծո տուն, դառնում է աղոթատուն: Դռնբացեքի արարողությամբ և վերաօծման կարգով Աստծո օրհնությունն է իջնելու այս տաճարին», - դիմեց եկեղեցու դիմաց հավաքված հավատացյալներին` Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ապրիլի 7-ին, կիրակի օրը բազմամարդ էր Մերենիա գյուղը: Սուրբ արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության Կովկասի բաժնի պետ Տարոն Շագոյանը, տեղական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի ու Վրաստանի տարբեր անկյուններից ժամանած հյուրեր և ուխտավորներ: Թեմի առաջնորդին մերենացիները դիմավորեցին գյուղասկզբին աղ ու հացով:

Սբ. Աստվածածին եկեղեցին վերանորոգվել և տարածքը բարեկարգվել է՝ Մասիս Ամիրխանյանի, Արարատ Ղուշչյանի, Արարատ Ավագյանի, Ահարոն Ավագյանի, Համլետ Հարությունյանի և Զավեն Պոչիկյանի բարերարությամբ, ովքեր դեռեւս պատանեկության տարիներին երազել են վերանորոգված և գործող տեսնել իրենց պապերի եկեղեցին, հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը: Սրբազան Հայրը բարձր գնահատեց բարերարների աստվածահաճո գործը, փոխանցելով օրհնության գրեր և Աստվածաշունչ մատյաններ:

Տոնի կապակցությամբ եկեղեցու դիմաց կայացավ համերգ, որին իրենց մասնակցությունն էին բերել Մավր Մկրտչյանն ու ընկերները:

Սբ.Աստվածածին եկեղեցու օծման ավարտին կատարվեց ավանդական մատաղի օրհնություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---