Եվրախորհրդարանը վրե՞ժ է լուծում Երևանից Ղարաբաղի վերաբերյալ հակահայկական բանաձևով

Եվրախորհրդարանը վրե՞ժ է լուծում Երևանից Ղարաբաղի վերաբերյալ հակահայկական բանաձևով

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման մասին, որտեղ տեղ է գտել նաև ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող դրույթ: Բանաձևի բնորոշումները կրում են միակողմանի, ադրբեջանամետ մոտեցում ղարաբաղյան խնդրի հարցում:

Այդպես, մասնավորապես, փաստաթղթում ասվում է, որ «Արևելյան գործընկերության մասնակից երկրի կողմից մեկ այլ մասնակից երկրի տարածքի օկուպացիան խախտում է Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքներն ու նպատակները»: Բանաձևում ասվում է, որ ԱԳ երկրների տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ ներգրավվի հակամարտությունների կարգավորման գործընթացում: Եվրախորհրդարանը հիշեցնում է «մի պետության կողմից մեկ այլ պետության տարածքը օկուպացիայի ենթարկելու մասին» հարցում իր դիրքորոշումը: Մասնավորապես, բանաձևում ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի ՄԱԿ ԱԽ 1993 թ. 4 բանաձևերին և այն սկզբունքներին, որոնք ամրագրված են ԵԱՀԿ ՄԽ 2009 թ. Աքվիլայի համատեղ հայտարարության մեջ:

ՄԱԿ 4 բանաձևերը կոչ են անում զորքերը դուրս բերել Քաշաթաղի, Աղդամի (Ակնա) և այլ «գրավյալ» տարածքներից: Աքվիլայի հայտարարությունը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա և հորդորում է «վերադարձնել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղին մերձակա տարածքները, ԼՂՀ-ին տրամադրել միջանկյալ կարգավիճակ անվտանգության երաշխիքներով ու ինքնավարությամբ, բացել Հայաստանն ու ԼՂՀ-ն կապող միջանցք, ապագայում որոշել ԼՂ կարգավիճակը կամարտահայտման միջոցով, հաշվի առնել տեղահանված անձանց ու փախստականների վերադարձն ու անվտանգության երաշխիքներ տրամադրել նրանց խաղաղապահ ուժերի միջոցով»:

Եվրախորհրդարանը կրկին անգամ կարևորում է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը որպես Արևելյան գործընկերության նպատակներ՝ կոչ անելով հնարավորինս հանգուցալուծել Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի ու Ադրբեջանի տարածաշրջանային հակամարտությունները:

Ինչ վերաբերում է անմիջապես Հայաստանին, ապա Եվրախորհրդարանն ընդունում է վերջինիս գրանցած առաջընթացն ու բարեփոխումները, հաշվի առնելով, սակայն, որոշակի թերությունները ժողովրդավարության ոլորտում՝ ներառյալ իրավական և դատական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը: Փաստաթղթում նաև ափսոսանք է հայտնվում, որ Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը և կրկին հիշեցվում է, որ դա անհամատեղելի է Ասոցացման մասին համաձայնագրի հետ: Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանը հույս է հայտնում, որ Հայաստանը կշարունակի բարեփոխումները սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրների լուծման ուղղությամբ:

Եվրախորհրդարանը կոչ է անում համագործակցել ԵՄ հետ, քանի որ Եվրամիությունը բաց է հետևողական համագործակցության համար:

Հարկ է նշել, որ բանաձևում չեն հիշատակվում Ադրբեջանի սադրանքներն ու դիվերսիաները, հրադադարի մշտական խանգարումները, որի հետևանքով զոհեր են լինում ինչպես հայ զինծառայողների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում, ոչ էլ Հայաստանի ու Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու Բաքվի պարբերական սպառնալիքները: Ոչինչ չի ասվում այն մասին, որ տարիներ շարունակ ադրբեջանական ղեկավարությունը խոչընդոտում է ցանկացած առաջընթաց ղարաբաղյան կարգավորման հարցում՝ անտեսելով միջնորդների ու համաշխարհային հանրության բոլոր կոչերն ու պահանջները:

Ինչպես հայտնում է Armenia Today, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Եվրախորհրդարանի բանաձևը, հայտարարել է, որ Եվրախորհրդարանի «Արևելյան գործընկերությանը» նվիրված բանաձևում ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող ձևակերպումները հակասում են Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգերի և Ֆրանսիայի մոտեցումներին։

«Չնայած նրան, որ վերոհիշյալ բանաձևը միայն խորհրդատվական կարծիքի բնույթ է կրում, այնուամենայնիվ, անկախ այս ձևակերպումների հեղինակների շարժառիթներից, նրանք պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության և եռանախագահների՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղված ջանքերին վնասելու համար»,-ասել է Շավարշ Քոչարյանը:

ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառեց, երբ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Ավելի ուշ Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Պատասխանելով նոր փաստաթղթի նախապատրաստման հնարավորության մասին հարցին՝ Ֆյուլեն ասաց, որ այդպիսի լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ նախապատրաստել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ԵՄ-ն չի հրաժարվում է Հայաստանի հետ հետագա համագործակցությունից:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, հոկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթաժողովին և պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը ԵՄ հետ: Իր հերթին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն հայտարարեց, որ ՀՀ և ԵՄ միջև ստորագրման համար ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվում: «Մենք փորձում ենք Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղիներ գտնել` հիմնվելով առկա նվաճումների վրա»,-ասել է Ստանոն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---