Լոնդոնը հորդորում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին շարունակել որոնել Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծումը

Լոնդոնը հորդորում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին շարունակել որոնել Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծումը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Եվրոպայի գծով նախարար Դևիդ Լիդինգթոնը ողջունել է Վիեննայում նոյեմբերի 19-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը:

Այդ մասին ասվում է Լիդինգթոնի հայտարարության մեջ, որը տարածել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամլո ծառայությունը:

«Մենք հորդորում ենք նախագահներին շարունակել Վիեննայում սկսած գործընթացը և ակտիվորեն աշխատել ղարաբաղյան խնդրի խաղաղ ու երկարաժամկետ հանգուցալուծման ուղղությամբ»,-հայտարարել է Լիդինգթոնը:

Ըստ նախարարի, այդ հանդիպումը, որը համակարգում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և որը առաջինն էր 2012 թվականի հունվարից, «դրական քայլ է երկու նախագահների միջև կանոնավոր ու բովանդակային քննարկումների համար», հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը, առանձնազրույցը: Ավելի ուշ նախագահներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշեցին, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահները պայմանավորվել են հանդիպել առաջիկա ամիսներին: Որպես հաջորդ քայլ համանախագահները կազմակերպում են նախարարների աշխատանքային հանդիպումներ ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը Կիևում: Համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել մինչև տարեվերջ:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մանրամասները չեն հրապարկվում:

Ինչպես հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը, Սերժ Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես անցավ հանդիպումը, հայտարարել է.«Նորմալ»: Հետագա մեկնաբանություններից Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ձեռնպահ են մնացել:

Մինչ այդ «Հրապարակ» թերթն իր աղբյուրների վրա հղումով գրել էր, որ հանդիպման ժամանակ հայկական կողմը պնդելու է, որ Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանի մոտ:

Հանդիպման նախօրեին, նոյեմբերի 18-ի երեկոյան տեղի ունեցավ ՀՀ նախագահի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Զրույցի ժամանակ Քերին հաստատել էր Վաշինգտոնի աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Զրուցակիցները նշել են, որ ղարաբաղյան խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և հարկավոր է մշակել կարգավորման փոխընդունելի մեխանիզմներ հիմնարար սկզբունքների հիման վրա:

Հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի սկզբին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---