ՌԴ երեք բարեկամներից մեկն ԱՊՀ-ում ռուսաստանցիները համարում են Հայաստանը

ՌԴ երեք բարեկամներից մեկն ԱՊՀ-ում ռուսաստանցիները համարում են Հայաստանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հանդեպ ամենաբարեկամ երկիրն ԱՊՀ-ումռուսաստանցիների 13 տոկոսը համարում է Հայաստանը: Այսպիսին են «Հասարակական կարծիք» ռուսաստանյան հիմնադրամի անցկացրած հարցման արդյունքները:

Ընդ որում, մասնակիցների 45 տոկոսը գտնում է, որ Ռուսաստանի համար ամենաբարեկամ երկիրը Բելառուսն է, իսկ 38 տոկոսը՝ Ղազախստանը: Հարցման մասնակիցները գտնում են, որ ԱՊՀ այլ երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունները նվազ բարեկամական են. հարցվածների ընդամենը 9 տոկոսն է բարեկամ երկիր համարում Ադրբեջանը, 12 տոկոսը՝ Ուկրաինան, 6 տոկոսը՝ Ուզբեկստանը, 11 տոկոսը՝ Ղրղզստանը, 5 տոկոսը՝ Մոլդովան ու Տաջիկստանը:

«Ռուսաստանցիների մեծ մասը վստահ է, որ Ռուսաստանը պետք է ձգտի ամրապնդել ԱՊՀ-ն, միայն 18 տոկոսն է համարում, որ ԱՊՀ երկրներն այսօր իրոք մերձենում են: 15 տոկոսը վստահ է, որ հակառակը, օտարանում են, իսկ 45 տոկոսը՝ որ ոչինչ չի փոխվում: Հարցվածների զգալի մասը կցանկանար, որ ԱՊՀ երկրների մեծ մասը ժամանակի հետ միավորվեր մեկ պետության մեջ, սակայն միայն մեկ երրորդն է հավատում, որ դա իրականում տեղի կունենա»,-ասվում է նյութում:

Այն հարցին, թե «նշված որ երկրների հետ Ռուսաստանն այսօր ունի ամենավատ հարաբերությունները», հարցվածների 37 տոկոսը նշել է Ուկրաինան, 12 տոկոսը՝ Մոլդովան, 6 տոկոսը՝ Ադրբեջանը, նույնքանը՝ Տաջիկստանը, 4 տոկոսը՝ Ուզբեկստանը: Թուրքմենստանը, Հայաստանը, Ղրղզստանն ու Ղազախստանը հիշատակվել են միայն 3 տոկոսի կողմից:

Ինչ վերաբերում է Վրաստանին, որը ԱՊՀ անդամ չէ, ապա ռուսաստանցիների միայն 2 տոկոսն է այն բարեկամ երկիր համարում, և մոտ կեսը՝ 47 տոկոսը, ոչ բարեկամ, հայտնում է Panorama.am-ը:

Ինչպես հայտնում է www.infoshos.ru-ն, ըստ վերլուծաբան Գրիգորի Կերտմանի, Ուկրաինային բարեկամ երկիր համարողների թիվը մնում է ցածր 2004 թ. նարնջագույն հեղափոխությունից ի վեր: Խնդիրն այն է, որ Ուկրաինան դուրս է մնում ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի ու Հայաստանի Մաքսային միություն կառուցելու ձգտումից:

Դեկտեմբերի 2-ին համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինն ամփոփեցին ՌԴ ղեկավարի Հայաստան պաշտոնական այցի արդյունքները։ Մամուլի ասուլիսից առաջ կողմերը 12 համաձայնագիր ստորագրեցին, այդ թվում՝ Հայաստանին ռուսական գազի մատակարարման, կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու, «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների, միջուկային անվտանգության մասին համաձայնագրեր, ինչպես նաև ստորագրվեց 2014-2018-ին Հայաստանի բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ»-ի ու «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի միջև գործարքը։ Ավելի ուշ ՌԴ ղեկավարը նկատեց, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը կկազմի 189 ԱՄՆ դոլար հազար կուբամետրի դիմաց, ինչպես նաև Ռուսաստանը մինչև Հայաստանի Մաքսային միություն մտնելը մի շարք արտոնություններ կտա երկրին։ Մասնավորապես, ռուսական կողմը կնվազեցնի Հայաստանի համար նավթի ու նավթամթերքի դիմաց արտահանման տուրքերն 30 տոկոսի չափով։

Ինչպես մամուլի ասուլիսին նշեց Սերժ Սարգսյանը, այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ամռանը ստորագրված Ռազմատեխնիկական գործակցության զարգացման մասին պայմանագիրը, որը Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններում սպառազինության և ռազմատեխնիկայի ներքին գներով ձեռքբերման հնարավորություններ կընձեռի: Դրանից հետո երկկողմ կամ ՀԱՊԿ ձևաչափով այլևս ոչ մի փաստաթուղթ չի մնա, որը վավերացված չլինի հայկական կողմից: Երկրի ղեկավարի խոսքով, նա ծանոթացրել է Վլադիմիր Պուտինին Հայաստանի՝ Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական գոտուն անդակամցելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Իր հերթին ՌԴ նախագահը նշեց, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ աջակցել Հայաստանին ՄՄ-ին անդամակցելու գործընթացների հարցում։ Նրա խոսքով, այժմ նախագծվում է «ճանապարհային քարտեզը», որը կհարմարեցնի ՀՀ Սահմանադրությունը ՄՄ ու Միասնական տնտեսական գոտին կանոնակարգող իրավական համակարգին։

Ինչպես նշեց Հայաստանի նախագահը, իր ռուս գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել համատեղ ջանքերով շարունակել առևտրի և Հայաստանում ռուսաստանյան ներդրումների կայուն ավելացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գիտատեխնիկական գործակցության խորացման ուղղությամբ աշխատանքները: Բացի այդ, առաջնահերթ ուշադրություն է դարձվելու ատոմային էներգետիկային, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման հարցերին: Իսկ ինչ վերաբերում է ատոմային էներգետիկայի ոլորտին, ապա ՌԴ նախագահի խոսքով՝ «պլաններում է երկարացնել ՀԱԷԿ-ի օգտագործման ժամկետները»։ Նա նաև հիշեցրեց, որ այսօր ՀՀ նախագահի հետ մասնակցել է «Հրազդանի ՋԷԿ»-ի հիգերորդ էներգաբլոկի գործարկմանը, որը «կնպաստի Հայաստանի էներգաանվտանգության ամրապնդմանը»։ Վլադիմիր Պուտինը նաև նշեց, որ Երևանում կողմերը պայմանավորվել են «համատեղ նախաձեռնություններով առջնահերթ աջակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտին»։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցին, նախագահ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը ողջունում է Ժնևում Իրանի միջուկայի զենքի շուրջ հասած համաձայնությունը։ Նրա խոսքով, դա կարևոր հարց է, որը կնպաստի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը։

Սերժ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվել են Հայաստանի ու Ռուսաստանի միջև միջպետական նախագահական խորհրդի ստեղծման մասին․ «Մեր աշխատակազմերին հանձնարարեցինք մշակել Խորհրդի աշխատանքները կարգավորող անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը և ներկայացնել դրանք ստորագրման մեր հաջորդ հանդիպման ընթացքում»,- նշեց նախագահը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---