Կոնգրեսական Ջոզեֆ Քենեդին սատարում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևին

Կոնգրեսական Ջոզեֆ Քենեդին սատարում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևին

PanARMENIAN.Net - Մասաչուսեթս նահանգից ընտրված կոնգրեսական Ջոզեֆ Քենեդին սատարում է Հայոց ցեղասպանության արդարացի ճանաչման մասին բանաձևին: Ինչպես հայտնում է Մասաչուսեթսի Հայ Дատի հանձնախումբը (ANC-MA), Քենեդին առաջին անգամն է ընտրվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ:

ANC-MA ակտիվիստներ Գրեգ Քանարյանն ու Ջոն Դաղլյանը ANCA –ER խորհրդի անդամ Սթիվ Մեսրոբյանի հետ հանդիպել են սենատոր Քենեդիին: Զրույցի ժամանակ քննարկվել են ակտուալ հարցեր, այդ թվում նաև «Որբերի գորգի» ցուցադրության հարցը, հայկական եկեղեցիների վիճակը Թուրքիայում, ղարաբաղյան խնդիրն ու հայ-ամերիկյան հարաբերությունները: Շեշտը դրվել է ներդրումների ներգրավման ու առևտրային հարաբերությունների ընդլայնման վրա:

«Մենք ուրախ են տեսնել կոնգրեսական Քենեդիին այն օրենսդիրների շարքում, որոնք սատարում են թիվ 227 բանաձևին, ինչը բխում է նրա ընտանիքի ոգուց և համահունչ է հայ ժողովրդի ազգային ու ժողովրդավարական ձգտումներին: Մենք անհամբեր սպասում ենք սերտ համագործակցության Քենեդիների տոհմի ներկայացուցչի հետ և սատարում ենք նրա աշխատանքին, որը բխում է ԱՄՆ հայ համայնքի շահերից»,-ասել է Սթիվ Մեսրոբյանը:

ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Մայքլ Գրիմը, Դևիդ Վալդաոն ու Ֆրենկ Փալոունը մայիսին ԱՄՆ Կոնգրես ներկայացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահին աշխատել կառուցողական և արդար հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ, որոնք հենված կլինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստերի ու հետևանքների ճանաչման, ինչպես նաև մարդկայնության դեմ այդ ոճրագործության միջազգային ճանաչման ու արդար հանգուցալուծման վրա:

Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը նաև ներկայացվել էր ԱՄՆ Սենատ 2013 թ. ապրիլին սենատոր Մարկ Քըրքի կողմից: Այն հիմնված էր ԱՄՆ կառավարության 1951 թվականի մայիսի 28-ի հայտարարության վրա, որով Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է որպես մարդկայնության դեմ հանցագործություն, նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981 թ. ապրիլի 22 -ի հայտարարության, ինչպես նաև 1975 և 1984 թթ. Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վրա:

Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան ընդունվել է 1948թ. Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից և ուժի մեջ է մտել 1951թ. հունվարին: Այն հանդիսանում է ցեղասպանության իրավական սահմանումը և հանդիսանում է իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից իրականացվող բազմամյա կամպանիայի հանգուցակետը, ով ստեղծեց “գենոցիդ” եզրը` հենվելով ասորիների կոտորածների, Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության վրա: Բոլոր մասնակից երկրներին խորհուրդ էր տրվում կանխել և պատժել ցեղասպանության գործողությունները պատերազմական և խաղաղ իրավիճակներում: Կոնվենցիան վավերացրած պետությունների թիվը ներկայումս 141 է:

32-ամյա Ջոզեֆ Քենեդի III-ը նախկին կոնգրեսական Ջոզեֆ Քենեդի II որդին է, սենատոր Ռոբերտ Ֆ. Քենեդիի թոռը: Մինչև 2012 թ. հունվարը նա եղել է Մասաչուսեթսի Միդլ սեկս շրջանի դաշնային դատախազի տեղակալը:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---