Ինչո՞ւ է ՀՀ-ն շտապում ՄՄ. Նախագահը բացատրում է

Ինչո՞ւ է ՀՀ-ն շտապում ՄՄ. Նախագահը բացատրում է

PanARMENIAN.Net - Հայաստանը պատճառ չի տեսնում Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը ձգձգելու համար: Այդ մասին նախագահ Սերժ Սարգսյանն ասել է Չեխիայում՝ նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլսին: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչն է Հայաստանին ստիպում այսքան արագ միանալ ՄՄ-ին այն դեպքում, երբ հենց այդ միության նախաձեռնող երկիրը՝ Ռուսաստանը, անտարբերությամբ հետևում է, թե ինչպես են ամեն օր գնդակոծվում իր դաշնակից Հայաստանի սահմանակից շրջանները, և եթե Ռուսաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ շրջանակում, ապա ինչպե՞ս կմեկնաբանի, որ այդ երկիրը հսկայական քանակությամբ արդիական զենք է վաճառում Ադրբեջանին, նախագահ Սարգսյանը նշել է․

«Ցանկացած գործ, որին ձեռնամուխ ես լինում, պետք է անել հնարավորինս արագ և որակով: Եթե Մաքսային միությանը միանալու որոշում ենք կայացրել, ապա պետք է անենք դա հնարավորինս արագ: Ինչո՞ւ դանդաղեցնենք: Եթե մեր որոշման հիմքում ընկած է մեր ազգային շահը, ապա այդ որոշումը պետք է օր առաջ իրականություն դարձնել: Երկրորդ. ուզում եմ հիշեցնել, որ Մաքսային միությունն առաջին հերթին տնտեսական կառույց է և ոչ ռազմական: Եվ բնավ պետք չէ կասկածի տակ դնել հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը: Այո, ռուսական կողմը գործակցում է նաև Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում, որ իրավունք և հնարավորություն ունենք ռուսական կողմին արգելելու այդ գործակցությունը»,- նշել է ՀՀ նախագահը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:

Վլադիմիր Պուտինի Հայաստան պետայցի շրջանակում հայկական և ռուսական կողմերը 12 համաձայնագիր էին ստորագրել: Այդ թվում ստորագրվել են Հայաստան ռուսական գազի առաքման գների ձևավորման մասին համաձայնագիրը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին, միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին, «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ և «ՀայՌուսգազարդի» միջև 2014-2018 թթ. 2,5 մլրդ խմ գազ Հայաստան առաքելու մասին: Ինչպես ավելի ուշ հայտարարել էր Վլադիմիր Պուտինը, ռուսական գազի համար Հայաստանում գինը կկազմի 189 դոլար հազար խմ դիմաց ներկայիս 270 դոլարի փոխարեն: Մի շարք արտոնություններ Հայաստանի համար Ռուսաստանը կներմուծի մինչ ՄՄ-ին անդամակցելը: Մասնավորապես, ռուսական կողմը Հայաստանի համար կվերացնի 30 տոկոս կաղմող մաքսատուրքը նավթի ու նավթամթերքի համար:

Դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվել էր Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումն ու միջոցառումների ծրագիրը՝ «ճանապարհային քարտեզը»: Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը:

Երևանում այսօր՝ հունվարի 30-ին, ճեպազրույցում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ևս անդրադարձել է նույն հարցին: Նա նշել է, որ շտապողականություն չկա, պարզապես կա հստակ մոտեցում՝ կարճ ժամկետում աշխատանքներ իրականացնել, որոնք նախատեսում է ճանապարհային քարտեզը, բայց ոչ որակի հաշվին:

«Ոչ ոք էլ զարմացած չէ շտապողականությամբ՝ հիացած են. տարբեր բաներ են: Ինչո՞վ է պայմանավորված հանգամանքը, որ փորձում ենք դաանել հնարավորինս արագ: Շատ պարզ պատճառով. նախատեսվում է Եվրասիական ձևավորման միության մասին մի նոր համաձայնագիր ստորագրել: Կան ծրագրեր, որ այն պիտի սկսի գործել 2015-ի հունվարի 1-ից: Ու երբ դա լինի, ՄՄ-ն արդեն որպես կազմակերպություն և ընդհանուր տնտեսական այդ տարածքը կտարալուծվեն դրա մեջ»,- նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ դանդաղելու դեպքում կարող ենք դառնալ մի կազմակերպության անդամ, «որը, ըստ էության, արդեն չկա»:

Չեխիայում այդ համատեքստում նախագահն անդրադարձել է նաև վերջերս սահմանում ու շփման գծում հրադադարի խախտմանը: Նրա խոսքով, հայկական կողմն ամբողջովին վերահսկում է իրավիճակը:

«Ոունենք բոլոր հնարավորությունները պաշտպանելու մեր տարածքների ամբողջականությունը, մեր սահմանների անառիկությունը: Եվ, իմիջիայլոց, մեր այդ կարողությունները ձևավորվել, հիմա էլ համալրվում են նաև Ռուսաստանի ջանքերով»,- նշել է հանրապետության ղեկավարը:

Շավարշ Քոչարյանն իր հերթին անդրադառնալով Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, որոնք ուղղված են ոչ թե հասցեատիրոջը, այլ երկու կողմերին, նշել է, թե իրականում միջնորդը, որպես կանոն, կողմին չի անվանում, բայց բոլորի համար ակնհայտ է, թե ում մասին է խոսքը:

Վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Արդեն հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

Վերջերս Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների մասին, որոնց մասնակցում էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Քոչարյանն ասել է, որ Ադրբեջանը մշտապես ձգտում է խախտել ստատուս քվոն Ղարաբաղում:

Հունվարի 24-ին Փարիզում հանդիպել էին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը, Ջեյմս Ուորլիքն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախ առանձնազրույց էին ունեցել ԵԱՀԿ ՄԽ համախագահների հետ, ապա բանակցությունները շարունակել ընդլայնված ձևաչափով` արտգործնախարարների, համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ։ Քննարկվել էին խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ ամսվա առաջին կեսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ:

Փոխնախարարի համոզմամբ, համանախագահների նպատակն է թույլ չտալ կողմերի միջև լարվածության աճը: «Մի կողմից ակնհայտ է, որ Ադրբեջանը բանակցային գործընթացն օգտագործում է իբրև քող` իր քարոզչությունն առաջ տանելու համար: Մյուս կողմից` կա նաև այն հանգամանքը, որ միջնորդ երկրները և, ընդհանուր առմամբ, տեղական ու միջազգային կառույցները չեն ցանկանում, որպեսզի վերսկսվեն ռազմական գործողությունները»,- ասել է Շավարշ Քոչարյանը, գրում է «Երկիր»-ը:

«Բավական է նայել, թե ինչ է գաղտնազերծվել Մադրիդյան սկզբունքների հետ կապված: Խոսքը հրապարակված բոլոր սկզբունքների համաձայնեցման մասին է: Կա ձգտում Ադրբեջանին կառուցողական դաշտ տեղափոխելու, բայց երբ մենք լսում ենք այդ երկրի մշտական պնդումները ստատուս քվոյի անթույլատրելի լինելու մասին, պարզ է դառնում, որ պաշտոնական Բաքվի բոլոր քայլերն ուղղված են դրա խախտմանը»,- ասել է Քոչարյանը:

Իսկ անդրադառնալով հարցին, թե չարժե արդյոք ինքնորոշման իրավունքը գերադասել մնացած սկզբունքներին, փոխարտգործնախարարը նշել է՝ խնդիրն այն է, որ համանախագահների առաջարկած սկզբունքները հավասարազոր են և պետք է միասնական կիրառվեն:

«Եթե կարճ ձևակերպենք` ո՞րն է Մադրիդյան սկզբունքների էությունը: Խոսքը վերաբերում է հրապարակված բոլոր սկզբունքների համաձայնեցմանը: Ադրբեջանին կառուցողական դաշտ տեղափոխելու ձգտում կա, բայց երբ լսում ենք այդ երկրի պնդումները ստատուս քվոյի անթույլատրելի լինելու մասին, հասկանում ենք, որ պաշտոնական Բաքվի բոլոր քայլերն ուղղված են դրա խախտմանը»,- նշել է Շավարշ Քոչարյանը:

Photo: President.am
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---