Քեսաբ. Կադիրովը մեղադրում է Արևմուտքին, «Հայաստան» հիմնադրամը հաշիվ է բացել քեսաբահայերին օգնելու համար (թարմացված)

Քեսաբ. Կադիրովը մեղադրում է Արևմուտքին, «Հայաստան» հիմնադրամը հաշիվ է բացել քեսաբահայերին օգնելու համար (թարմացված)

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը բանկային հաշիվ է բացել Քեսաբի հայերին օգնելու համար: Հիմնադրամի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Վերջին օրերին մենք վկա ենք Քեսաբի ողբերգական իրադարձությունների, դեպքերի, որոնք վերարթնացնում են մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենատխուր էջերը: Արդեն ակնհայտ է, որ գործ ունենք հումանիտար աղետի հետ: Այս փորձության պահին մենք կոչ ենք անում հայրենաբնակ և սփյուռքահայ բոլոր անհատներին և կազմակերպություններին բարոյական և մանավանդ նյութական աջակցությամբ սատարել ծանր օրեր ապրող քեսաբահայությանը: Բացվել է հատուկ հաշվեհամար այդ նպատակով: Մենք կոչ ենք անում ձեր նվիրատվություններն ուղղել այդ հաշվեհամարին: Մեր պարտքն է գոնե փոքր չափով մեղմել մեր հայրենակիցների ցավն ու կորուստները:

Ողբերգությունը, որը դեռ շարունակվում է, միայն Քեսաբի հայերինը չէ: Հարվածն ուղղված է ողջ հայությանը: Սա բոլորիս հարցն է և բոլորիս մարտահրավերը», հայտնում է Armenia Today-ը:

Սիրիական խաղաղ Քեսաբի վրա հարձակված ահաբեկիչները ոչ մի ընդհանուր բան չունեն իսլամի հետ, գրել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը սոցցանցերում իր պաշտոնական էջերից մեկում: Նա ցավակցություն է հայտնել Քեսաբում և Սիրիայի այլ քաղաքներում զոհվածների ընտանիքներին:

Մարտի 21-ին «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցող ծայրահեղական «Ջաբհաթ ան Նուսրա» և «Ահրար աշ Շամ» մի քանի հազար հոգանոց խմբավորումները հարձակում են ձեռնարկել Քեսաբի շրջանի վրա՝ Թուրքիայի սահմանի մոտ, որտեղ բնակչության մեծ մասը հայեր են: Անօրինական զինված խմբավորումների հարձակումը, որն ըստ Դամասկողի հավաստման, կատարվել է հրետանային աջակցությամբ, այդ թվում՝ Թուրքիայի տարածքից տանկային համազարկերով, հանգեցրել է մի շարք բնակավայրերի, այդ թվում Քեսաբի ժամանակավոր կորստին: Ահաբեկիչների բարբարոսություններից խուսափելու համար Քեսաբի, Սամրայի, Նաբու ալ Մուրի հայ բնակչությունը լքել է տները և սիրիացի զինվորականների պաշտպանությամբ տեղափոխվել Լաթակիա: Այժմ այնտեղ ապաստան է գտել մոտ 1800 հայ: Հայկական եկեղեցու խաչի փոխարեն կանգնեցվել է իսլամիստների սև դրոշը:

«Գրոհայինների հարձակման հետևանքով, որոնք, ինչպես շեշտում է Սիրիայի կառավարությունը, ներխուժել են Թուրքիայի կողմից, մոտ 100 մարդ է զոհվել Քեսաբում: Նրանք հայեր են, Սիրիայի բնիկները: Ըստ պաշտոնական տվյալների հարձակմանը մասնակցել են «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցող ծայրահեղական «Ջաբհաթ ան Նուսրա» և «Իսլամական ճակատ» խմբավորումները: Ես ամենայն պատասխանատվությամբ, ծանոթ լինելով իրավիճակին, հայտարարում եմ, որ այդ ահաբեկիչները ոչ մի ընդհանուր բան չունեն իսլամի հետ: Նրանք մահմեդականներ չեն», -հայտարարել է Ռամզան Կադիրովը:

Կադիրովը հանդիմանել է եվրոպական երկրների ու ԱՄՆ պաշտոնական իշխանություններին լռության համար: «Այդ ահաբեկիչներին սնել, դաստիարակել ու զինել է Արևմուտքը, վարժեցրել են ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայությունները: Նրանք կատարում են Սիրիան փլուզելու, իսլամական երկրները թուլացնելու առաջադրանքը: Որտե՞ղ են Եվրոպայի ու ԱՄՆ ժողովրդավարները: Ինչո՞ւ են նրանք լռում: Ինչո՞ւ են միլիոնավոր դոլարներ ծախսում, զենք ու հատուկ միջոցներ հատկացնում ավազակներին, որոնք դեմ են Սիրիայի օրինական իշխանություններին և սպանում են կանանց, ծերունիներին ու երեխաներին: Քա՞նի հազար սիրիացի ևս պետք է զոհվի որպեսզի ՆԱՏՕ-ի երկրները դադարեցնեն աջակցությունն ահաբեկիչներին: Այդ ֆոնի վրա ուղղակի պիղծ են հնչում ամենօրյա հայտարարություններն ու սպառնալիքները Ռուսաստանի հասցեին, որը սատարեց հանրաքվեի արդյունքներին Ղրիմում և կարողացավ կանխել արյունահեղությունը թերակղզում», -հավելել է Կադիրովը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Իր հերթին ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը հայտարարեց, որ Սիրիայում հայկական բնակավայրերի գնդակոծությունները պետք է անհապաղ քննվեն: «Սիրիայում հայաբնակ գյուղի բնակիչների գնդակոծման փաստը պետք է անհապաղ քննվի: Անհրաժեշտ է, որ ՄԱԿ ԱԽ-ն անհապաղ քննարկի իրավիճակը», -գրել է դիվանագետը Twitter-ի իր էջում, հայտնում է Գազետա.ռու-ն:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության, հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են կազմակերպել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջև քեսաբահայերի հանդեպ բռնության դեմ:

Հայ համայնքի առաջնորդներից մեկը՝ Էդգար Գրիգն ասել է, որ հայերի դեմ հաշվեհարդարին մասնակցել են Թուրքիայից ներխուժած գրոհայինները:

«Մենք ցանկանում ենք հանրության ուշադրությունը դարձնել այս հանցագործությանը: Դրա համար մենք իրազեկեցինք Մոսկվայի քաղաքապետարանը հանրահավաք անցկացնելու մասին, որը կկայանա վաղը չէ մյուս օրը», -ասել է նա:

Ըստ նրա, քանի որ այս ցույցն արտոնված չէր իշխանությունների կողմից, մասնակիցները վանկարկումներ չեն արել: Ակցիայի մեկնարկից հետո մասնակիցներին են մոտեցել ոստիկանները, պահանջելով հեռացնել պաստառները, քանի որ միջոցառումն արտոնված չէ: Հավաքվածները կատարել են պահանջը և հետո ցրվել:

Նմանատիպ ակցիա է անցել նաև Փարիզում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Ավելի վաղ քեսաբահայերն օգնության կոչով դիմել էին համայն հայությանն ու միջազգային հանրությանը: «Այս կոչն ուղղում ենք բոլոր հայերին: Այս կոչն ուղղում ենք համայն մարդկությանը: Էրդողանն ու իր կառավարությունը ռազմական հանցագործներ են:

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք: Կարիք ունենք, որպեսզի Դուք համապատասխան միջոցներ ձեռնարկեք: Մեր կյանքը կախված էձեզանից, ձեր որոշումներից: Մենք այլեւս ոչինչ չունենք, բացի հագուստը, որն այժմ կրում ենք: Եթե մենք հավաքեինք առաջին անհրաժեշտության իրերը, ապա հավանական է այլեւս ողջ չլինեինք: Շատերը չեն հասցրել անձնագիրն ու այլ փաստաթղթեր վերցնել: Խնդրում ենք Ձեզ դիմել ձեր երկների կառավարություններին, ՄԱԿ-ին կամ այլ կառույցներին տվյալ գործին միջամտելու համար: Միայն ապրել ենք ցանկանում: Եթե դուք անտեսեք այս խնդրանքը, մենք ծայրահեղականների կողմից կոչնչացվենք, նույն այն կերպ, ինչպես որ եղել է Հալեպում, Յակուբիայում, Ղենեմիում և Սիրիայի ողջ տարածքում: Նրանք, որոնց դուք անվանում եք ապստամբներ, իրկանում արմատականներ են: Այդպիսի խմբավրումների կազմում կան տարբեր ազգության ներկայացուցիչներ՝ աֆղաններ, չեչեններ, Սաուդյան Արաբիայից եկածներ եւ այլն: Քեսաբի բնակիչները եւ ողջ Սիրիան ականատես է եղել, թե ինչպես են նրանք հարձակվել խաղաղ բնակիչների վրա ու սպանել նրանց: Լրատվամիջոցները չեն կարող մշտապես թաքցնել ճշմարտությունը», ասվում է քեսաբահայերի ուղերձում:

Մինչդեռ, ինչպես հայտնում է KM.ru-ն, թուրք զինվորականները հրետակոծել են սիրիական տարածքն ի պատասխան Յայլադաղի քաղաքի դեմ ականանետային գրոհի, մարտի 31-ի երեկոյան հայտարարել է թուրքական Հաթայ գավառի վարչակազմի մամուլի ծառայությունը:

«Ըստ նոր ռազմական դոկտրինի, մեր հրետանին սահմանին պատասխան կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ»,-հայտարարել են պաշտոնյաները՝ հիշեցնելով, որ մեկ շաբաթ առաջ Սիրիայի տարածքից ականանետներից կրակ է բացվել գավառի ուղղությամբ: Ականների մեծ մասը դաշտում է ընկել, սակայն մեկը վնասել է մզկիթը, որը գտնվում է սիրիացի փախստականների ճամբարի մոտ, տարեց մի կին է տուժել:

Գործակալությունը նշում է, որ Հաթայ գավառը գնդակոծվել է սիրիական Լաթակիայից, որտեղ կառավարական ուժերի ու ապստամբների միջև մարտեր են ընթանում Քեսաբի համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---