Բաքվում ՌԴ դեսպան. Զուգահեռները Ղրիմի ու Ղարաբաղի միջև տեղին չեն

Բաքվում ՌԴ դեսպան. Զուգահեռները Ղրիմի ու Ղարաբաղի միջև տեղին չեն

PanARMENIAN.Net - Զուգահեռները Ղրիմի ու Ղարաբաղի միջև անտեղի են: Այն ամենն, ինչ ասվել է այդ առիթով, արհեստական զուգահեռներ են: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը: «Այն, ինչ կատարվեց Ղրիմում, եզակի դեպք է, կապված Ուկրաինայի ներքին վիճակի հետ: Ղրիմը կատարվածը Կիևում համարեց պետական հեղաշրջում և չճանաչեց նոր իշխանությունների օրինականությունը: Ղրիմի խորհրդարանն որոշում կայացրեց անկախության մասին: Անցկացված հանրաքվեի արդյունքում բնակչության մեծ մասը քվեարկեց ՌԴ-ին միանալու օգտին: Հետևեց արձագանքը, և այդպիսով շտկվեց այն մեծ սխալը, որ կատարվել էր 1954 թվականին, երբ Ռուսաստանի պետական հողերը հանձնվել էին մեկ այլ պետության:

Ըստ նրա, Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգային փաստաթղթերի շրջանակում: «Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դա այնքան պարզ է, որ կրկնելու հարկ չկա: Լեռնային Ղարաբաղն առանձին խնդիր է, որը լուծում է պահանջում և մենք մասնակցում ենք այդ գործընթացին», -ասել է Դորոխինը:

Անդրադառնալով Մինսկի խմբի գործունեությանը՝ դեսպանն ասել է, որ բոլոր ենթադրություններն այդ կազմակերպությունում լարվածության վերաբերյալ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև դիմակայության համատեքստում, արդարացված չեն: «Հնարավոր է, դիվանագետներին ավելի հեշտ կլիներ աշխատել ավելի կայուն իրավիճակում, սակայն խումբն աշխատում է նախկին ռեժիմով և կատարում է իր առաքելությունը: Այդ կազմակերպության փլուզման վտանգ դեռ չկա: Կան նրա գործունեության տարբեր գնահատականներ, ոմանք այդ աշխատանքն արդյունավետ են համարում, մյուսները՝ ոչ, բայց այսօրվա դրությամբ դա խնդրի կարգավորման միակ ձևաչափն է: Մենք բազմիցս ենք հայտարարել, որ հավատարիմ ենք ԵԱՀԿ ՄԽ հետ աշխատանքին և ամեն ինչ անում ենք, որպեսզի խմբի աշխատանքն արդյունավետ լինի ու օգնի կողմերին լուծում գտնել», -հայտարարել է դիվանագետը, հայտնում է «Նովոստի Ազերբայջան»-ը:

Մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե կայացավ տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ: Բնակիչների ճնշող մեծամասնությունը, որը մասնակցել է հանրաքվեին, քվեարկեց Ռուսաստանին թերակղզու միանալու օգտին: Ավելի ուշ Գերագույն խորհուրդն անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի ղեկավարներն ու Սևաստոպոլի քաղաքապետը պայմանագիր կնքեցին, որով Ղրիմն ու Սևաստոպոլը մտան ՌԴ կազմի մեջ: Ուկրաինայի ու մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն համարում են ապօրինի:

Ղրիմի իրադարձությունների ու Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի իրավիճակների միջև անմիջական զուգահեռներ չկան: Այդ մասին ապրիլի 14-ին հայտարարեց ՌԴ փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզին: Նա հիշեցրեց, որ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնտեղ կան համանախագահներ ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի, որոնք ձգտում են աջակցել ադրբեջանցիների ու հայերի անմիջական երկխոսությանը: «Վերջերս տեղի ունեցավ ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստը, որի շրջանակում հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները, իսկ վերջերս տեղի ունեցավ նաև նախագահների հանդիպումը: Կա նաև մերձդնեստրյան կարգավորման ձևաչափ՝ 5+2: Աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է», -ասաց ռուս դիվանագետը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---