Թումանյանի թբիլիսյան տունը նորից «Վերնատուն» է դարձել և կգործի որպես մշակութային կենտրոն

Թումանյանի թբիլիսյան տունը նորից «Վերնատուն» է դարձել և կգործի որպես մշակութային կենտրոն

PanARMENIAN.Net - Ամենահայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը, որը հունիսի 8-ին հանդիսավոր արարողությամբ ամբողջությամբ փոխանցվել է Վիրահայոց թեմին, կոչվելու է «Մշակույթի և արվեստի թումանյանական Վերնատուն» և գործելու է որպես հայ-վրացական մշակութային և ստեղծագործական կապերի զարգացման ու խորացման մշակութային օջախ, հայտարարել է ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, հայտնում է Tert.am-ը:

Նա մասնավորապես ասել է. «Վերնատուն» սրահն է վերականգնվել, և փաստորեն, ողջ բնակարանը դառնալու է մշակույթի կենտրոն: Արդեն էն գլխից նախատեսված էր, որ դա լինելու է Թումանյանի մշակույթի տուն»:

Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տունը գտնվում է Դավիթաշվիլու 18 հասցեում, որտեղ Թումանյանն ապրել է 1909-1923 թթ-ը, իսկ 1952 թ-ին տան իրերը տեղափոխվել են Երևան: 6 սենյակներից 4-ը վերածվել էին գրադարանի, իսկ մյուս 2-ը` մնացել գրողի ժառանգներին:

Արարողությանը ներկա են եղել Հայաստանի ու Վրաստանի գրողների միության նախագահները, Վրաստանի գրողների միության քարտուղար Մաղվալա Գոնաշվիլին, Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» կենտրոնի և Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներ:

Անկախացումից հետո Վրաստանը Թումանյանի տունը «պահպանելու համար» պարտք է վերցրել Լեժավա ազգանունով մեծահարուստից, և այն չի մարել, այդ պատճառով պարտքերի դիմաց տունն անցել է նրան: Դեռ 2004 թ-ին Լեժավան առաջարկել է վաճառել այն ընդամենը 25 հազար դոլարով:

Լուրեր էին պտտվում, որ բնակարանը ցանկանում է գնել Turan Georgia դիզայներական ընկերությունն իր բանվորների համար: Մամուլում և սոցիալական ցանցերում հարցը լայն արձագանք ստացավ, որից հետո բնակարանը գնեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով այն տվեց Գրողների միությանը: ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանն էլ տան բանալիները հանձնեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---