Դավիթ Բաբայան. Եվրոպայում արժեքների ճգնաժամ կա

Դավիթ Բաբայան. Եվրոպայում արժեքների ճգնաժամ կա

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում խայտառակ փաստաթուղթ է ընդունվել, որը քվեարկության կդրվի մի քանի օրից և հնարավոր է, որ դառնա նաև բանաձև: Այդ փաստաթղթում բառացիորեն գրված է. «Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»:

Զեկույցը, որը վերնագրված է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը», հեղինակել են Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունդն ու Թադեուշ Իվինսկին:

Պաշտոնական Ստեփանակերտը մտահոգիչ է որակում այս փաստաթուղթը և առհասարակ եվրոպական կառույցների գործունեությունը և արձանագրում, որ Եվրոպայում եվրոպական արժեքների ճգնաժամ կա:

«Դեռևս բանաձևը չի ընդունվել, բայց կան մտահոգիչ երևույթներ, խնդիրն այն չէ, թե այդ բանաձևը կընդունվի կամ չի ընդունվի, կամ ինչ բարդություններ կբերի»,- ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, հայտնում է ԳԱԼԱ-ն:

Ըստ Բաբայանի՝ մտահոգիչը եվրոպական կառույցներում տիրող կաշառակերության մթնոլորտն է, և եթե նույնիսկ բանաձևն ընդունվի, այն ոչ մի ազդեցություն չի ունենա հակամարտության կարգավորման հարցում:

«Մտահոգիչն այն է, որ ժողովրդավարության արժեքների ճգնաժամ ունենք: Տեսնում ենք, որ Ադրբեջանի կոռուպցիան, կաշառակերությունը քաղցկեղի մետաստազների պես մտել է տարբեր կառույցներ, այդ թվում նաև ԵԽԽՎ: Եվ սա արդեն շատ ավելի լուրջ հարց է, սա արդեն Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի կամ տարածաշրջանի խնդիր չէ միայն: Սա արդեն գլոբալ հարց է, քաղաքական-իրավական, բարոյական հարթության մեջ դիտարկվող խնդիր է:

Նման պահվածքը ոչ միայն ներսից ոչնչացնում է այդ կառույցների անկողմնակալությունը կամ հավատարմությունը ժողովրդավարության արժեքներին, այլ նաև մեծ հարված է ժողովրդավարությանը և եվրոպական կոչված արժեքներին: Վերջապես պետք է կողմնորոշվել և ոչ թե մեկ բան ասել, մյուսն անել: Այդ կառույցները կամ երկրներն իրենց համարում են ժողովրդավարական և ամեն պատեհ և ոչ պատեհ առիթներով խոսում են մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից, պետք է այդպես շարժվել, ոչ թե հակառակը»:

Անդրադառնալով այն հարցին, թե չի՞ տեսնում Հայաստանի պատվիրակության մեղքի բաժինն այս հարցում` Բաբայանն ասել է. «Ես կրկնում եմ՝ խնդիրը Հայաստանի պատվիրակությունում մի փնտրեք, առհասարակ պետք չէ փնտրել Արցախի, Հայաստանի կամ Ադրբեջանի մեջ: Հայաստանի պատվիրակությունն անում է այն, ինչ կարողանում է, իսկ հակառակ կողմը փողով վարձում, առնում, կաշառում է մարդկանց, եվրոպական կառույցների որոշ պատգամավորների: Եվ սա մի քանի կառույցներում, սա է լուրջ խնդիրը: Սա Եվրոպայի խնդիրն է, և տեսնում ենք, որ շատ լուրջ արժեքների ճգնաժամ կա այնտեղ: Կարծում եմ, որ առաջին հերթին լուրջ արձագանքներ պետք է լինեն նախ Եվրոպայից», -ասել է Բաբայանը, հայտնում է ԳԱԼԱ-ն:

2012-ի մայիսին ոչ առևտրային «Եվրոպական կայունության նախաձեռնություն» (European Stability Initiative) կազմակերպությունը հրապարակեց սկանդալային «Խավիարային դիվանագիտություն» զեկույցը: Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանին բարեկամաբար տրամադրված ԵԽ անդամները աչք են փակում մարդու իրավունքների խախտման վրա՝ փոխարենը Բաքվից ստանալով ձկնկիթ, մետաքսե գորգեր, ոսկյա և արծաթե զարդեր և այլ շռայլ նվերներ:

Աշխատության մեջ մանրամասն շարադրված է ԵԽԽՎ պատգամավորների կաշառման մեխանիզմն ու ժամանակացույցը: Մասնավորապես, ասվում է, որ շռայլ նվերների մատուցումն ադրբեջանական ավանդույթի մաս է կազմում, ինչպես նաև այն ակնկալիքը, որ դրա դիմաց մի օր կհատուցվի:

Այս տրամաբանությամբ էլ, որն ադրբեջանցի պաշտոնյաները մասնավոր զրույցներում կոչում են «խավիարային քաղաքականություն», նրանք գործում են: Ամեն ինչ սկսվեց, երբ Ադրբեջանը 2001-ին դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, իսկ 2005-ին, երբ ավարտվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումն ու գանձարանը նավթադոլարներ սկսեց ստանալ, «խավիարային քաղաքականությունը» գործարկվեց արդեն ամբողջ թափով:

Սովորական տարիներին հրավիրվում է առնվազն 30-40 մարդ, ոմանք՝ բազում անգամներ: Խորհրդարանականներին հրավիրում են խորհրդաժողովների, միջոցառումների, ամառային արձակուրդն Ադրբեջանում անցկացնելու: Արձակուրդը ենթադրում է նաև բազում թանկարժեք նվերներ, հիմնականում մետաքսե գորգեր, ոսկյա ու արծաթյա իրեր, խմիչք, խավիար ու փող: Բաքվում սովորական նվեր է համարվում 2 կգ խավիարը»,-հայտարարեց այն ժամանակ աղբյուրը վերլուծական կենտրոնում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---