Ադրբեջանի հերթական հիստերիան. Ռուսները Բաքվում ֆիլմ են նկարահանում հայ հետախույզի մասին

Ադրբեջանի հերթական հիստերիան. Ռուսները Բաքվում ֆիլմ են նկարահանում հայ հետախույզի մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն օպերատիվ է արձագանքել ադրբեջանական haqqin.az-ի «Բաքվում ֆիլմ են նկարահանում հայ հետախույզի մասին» հոդվածին: Բաքվում «Ռոսիա-1» հեռուստաալիքի պատվերով նկարահանվում է «Լենդ-լիզ» ֆիլմը` նվիրված 1943 թ. Թեհրանում խորհրդային հետախույզի սխրանքին գերմանացի լրտեսների հետ դիմակայության ժամանակ: 80-ականների երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ ԽՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ղեկավարների դեմ մահափորձը կանխելու գործում գլխավոր դերակատարությունը 1943թ. Թեհրանում ունեցել է խորհրդային շրջանի հայազգի հետախույզ Գևորգ Վարդանյանը, որն Իրանում գործում էր «Ամիր» ծածկանունով:

«Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն երկրի տարածքում նկարահանումների համար թույլտվություն չի տվել»,-ասել են նախարարության մամուլի ծառայությունում, հայտնում է haqqin.az-ը: Ըստ գործող կանոնների, Ադրբեջանի տարածքում նկարահանումների համար օտարերկրյա նկարահանող խումբը պարտավոր է դիմել նախարարությանը պաշտոնապես թույլտվություն ստանալու համար: Նախարարությունում ծանոթանում են սցենարին, և եթե այն չի հակասում ազգային օրենսդրությանն ու ավանդույթներին, թույլտվություն է տրվում: «Այս դեպքում նախարարությանը ոչ ոք չի դիմել»,-ասել են Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունում, գրում է պարբերականը:

Haqqin.az-ի թղթակիցը կապ է հաստատել է ռուսական հեռուստաալիքի գործադիր պրոդյուսեր Միխայիլ Շեստակովի հետ, որն ասել է, թե «հայկական թեման ֆիլմում հաջողվել է շրջանցել»: «Սկզբում ըստ սցենալի նախատեսվում էր, որ ֆիլմում ներկայացված կլինեն Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչները, կցուցադրվի հայկական գերեզմանոցը, բայց հետո մենք հրաժարվեցինք դրանից: Ինչ վերաբերում է ֆիլմի գլխավոր հերոսին, դա կլինի խորհրդային հետախույզ Իվանը, որը ռուս է ազգությամբ»,-ասել է Շեստակովը:

Պատասխանելով հարցին, թե ինչ տարբերություն թե ազգությամբ ով կլինի «Լենդ-լիզի» հերոսը, եթե «Թեհրան-43» ֆիլմից հետո հայտնի դարձավ, որ նրա նախատիպը եղել է Գևորգ Վարդանյանը, Շեստակովն ասել է, թե չի տեսել «Թեհրան-43¬»-ը:

Մինչդեռ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ռուսական նկարահանող խմբի ուղևորության կազմակերպիչ, հեռուստալրագրող Շաքիր Էմինբեյլիին հարցաքննության են կանչել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն, որը «նույնպես օպերատիվ է արձագանքել Բաքվում հայ հետախույզի հիշատակը հավերժացնելու փաստին»:

Գևորգ Վարդանյանը ծնվել է Դոնի Ռոստովում։ 1930-ին Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան։ Գևորգ Վարդանյանի հայրը կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ և նրա ցանկությամբ տղան հետախույզ դարձավ՝ 16 տարեկանում: 1940-ից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ։ Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ որ կերպ կապ ունեն գերմանական հետախուզության հետ։

Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943-ը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերության ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել էր կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ անց Գևորգ Վարդանյանին է հանդիպում Ուինսթոն Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար։

1951-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում, շատ բարդ իրավիճակներում, բազմաթիվ հետախուզական օպերացիաներ է իրականացրել։ Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը՝ Գոհար Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյան ամուսինները վերադարձել են 1986-ին։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանը անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել մինչև 1992-ը։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանն ակտիվորեն գործակցում էր արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպում երիտասարդ գործընկերներին և նրանց փոխանցում իր հարուստ կենսափորձը։

Գևորգ Վարդանյանը վախճանվել է 2012-ի հունվարի 10-ին Մոսկվայում:

Հայ հետախույզն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---