Մովսես Աբելյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարցերով ԳՔ օգնական

Մովսես Աբելյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարցերով ԳՔ օգնական

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հունվարի 27-ին հայտարարել է Մովսես Աբելյանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման վարչության հարցերով Գլխավոր քարտուղարի օգնական նշանակելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Մովսես Աբելյանն ունի խաղաղության, անվտանգության, հակամարտությունների կարգավորման բնագավառներում գործունեության 25-ամյա փորձ, ղեկավարել է Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի և ծրագրերի ու հիմնադրամների Գործադիր խորհուրդների շրջանակներում մի շարք գործընթացներ:

2011-ի ապրիլից հանդիսանալով ՄԱԿ-ի ԱԽ հարցերով բաժանմունքի տնօրեն՝ խորհրդատվություն է տրամադրել ԱԽ նախագահին, անդամներին, ինչպես նաև ԱԽ օժանդակ մարմիններին՝ ԱԽ աշխատանքներին, պրակտիկային ու ընթացակարգերին առնչվող հարցերի վերաբերյալ: Ավելի վաղ զբաղեցրել է ԳԱ Վարչական ու բյուջետային հարցերով կոմիտեի (5-րդ կոմիտե) և Ծրագրերի ու համակարգման հարցերով կոմիտեի քարտուղարի պաշտոնները։

1998-2003թթ. եղել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, իսկ մինչ այդ` մշտական ներկայացուցչի տեղակալը։ Դիվանագիտական ծառայության ընթացքում նախագահել է ՄԱԿ-ի ԳԱ 5-րդ կոմիտեն և Մանկական հիմնադրամը, ինչպես նաև հանդիսացել է Զինաթափման հանձնաժողովի փոխնախագահ, խաղաղապահ գործողությունների ֆինանսավորման բարեփոխումների հատուկ բանակցող և ԳԱ 57-րդ նստաշրջանի կազմակերպության բարեփոխումների հարցերով համակարգող։

Դիվանագիտական ծառայությանն անցնելուց առաջ դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ Մ.Աբելյանը կրթություն է ստացել Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---