Եվրախորհրդարանի պատգամավոր. Առանց ԼՂ մասնակցության բանակցություններն անիմաստ են

Եվրախորհրդարանի պատգամավոր. Առանց ԼՂ մասնակցության բանակցություններն անիմաստ են

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պետք է հարգի հրադադարի ռեժիմը, հակառակ պարագայում ԼՂ հարցով յուրաքանչյուր բանակցություն վերածվում է զուտ բեմադրված արարողության: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ խոսելով Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին, հայտնում է Aysor.am-ը:

«Ես անկեղծորեն չգիտեմ՝ ինչ սպասեմ այդ հանդիպումից: Մինչև Ադրբեջանը պատրաստակամություն չհայտնի առերեսվելու եղած փաստերի հետ, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի գրանցվի: Այդ փաստերի ցանկում կարևոր կետերից մեկն այն է, որ Ադրբեջանը պետք ընդունի ԼՂՀ-ի գոյությունը, որի սահմանները մշտապես պատերազմական իրավիճակում է պահում»,-ասել է եվրապատգամավորը:

Էնգելի խոսքերով՝ Ադրբեջանը կա՛մ պետք է հարգի հրադադարի ռեժիմը, կա՛մ յուրաքանչյուր բանակցություն կվերածվի զուտ բեմադրված արարողության:

«Ի դեպ, ոչ մի բանակցություն իմաստ չի ունենա, եթե բանակցությունների սեղանին չլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայությունը»,-ընդգծել է Ֆրանկ Էնգելը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եվ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ նախագահի առանձնազրույց և եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:

Մայիսի 16-ին Վիեննայի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ընթերցեք նաև. «Կոմերսանտ». ՌԴ-ն չի կարող թույլ տալ, որ նախագահների պետերբուրգյան հանդիպումը ձախողվի

 Ուշագրավ
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
---