ՌԴ նախագահին կխնդրեն պարգևատրել Շավարշ Կարապետյանին

ՌԴ նախագահին կխնդրեն պարգևատրել Շավարշ Կարապետյանին

PanARMENIAN.Net - Սոցիալական ցանցերում տարածված «Հերոսների գործակալություն» նախագիծը հանդես է եկել ավելի քան 20 մարդու կյանք փրկած Շավարշ Կարապետյանին պարգևատրելու առաջարկով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախագծի պրոդյուսեր և հիմնադիր Դմիտրի Կիմը, հայտնում է «Sputnik Արմենիան»:

«Ես համոզված եմ, որ պատահականությունները պատահական չեն: Երբ դու գլխավոր նպատակ ունես և գնում ես դեպի այդ նպատակ, քո ճանապարհին ճիշտ մարդիկ են հայտնվում: Դա տիեզերքի օրենքն է», - ասել է Կիմը: Շավարշ Կարապետյանը ելույթ է ունեցել Synergy Global Forum-ում «Սխրանքներ կատարած 7 անձինք» նախագծի շնորհանդեսի շրջանակում: Կարապետյանի մասին տեսահոլովակը շատ է հուզել բոլոր ներկաներին. պատմության հենց սկզբում նրանք ոտքի են կանգնել, իսկ վերջում հոտնկայս ծափահարել են:

Նախագծի մասնակիցները պատրաստվում են նամակ գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Շավարշ Կարապետյանին հերոսի կոչում շնորհել: «Հերոսների գործակալությունը» հույս ունի, որ նախագահը չի անտեսի խնդրանքը և արդարացի պարգևը վերջապես կգտնի իր հերոսին:

1976 թ. սեպտեմբերի 16-ին 23-ամյա Շավարշ Կարապետյանը փրկել է Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Տեսնելով վթարի հետևանքով լճում հայտնված տրոլեյբուսը, նա անմիջապես նետվել է ջուր, ոտքերով կոտրել տրոլեյբուսի հետին ապակին և դուրս բերել 20 ուղևորի։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ, ու հիվանդությունը հանգեցրեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---