ԱՄՆ-ում մեկնարկել է Ցեղասպանության մասին իրազեկման քարոզարշավը

ԱՄՆ-ում մեկնարկել է Ցեղասպանության մասին իրազեկման քարոզարշավը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում մեկնարկել է Peace of Art’s ընկերության Հայոց ցեղասպանության մասին իրազեկման ամենամյա քարոզարշավը:

Քարոզարշավի շրջանակում, 2017-ի մարտի 10-ից մինչև ապրիլի 30-ը Մասաչուսեթսի մի շարք քաղաքներում ի հիշատակ 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի, տեղեկատվական պաստառներ են տեղադրվել: Այդպիսով Peace of Art’s ընկերությունը դիմում է համաշխարհային հանրությանը՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«2017-ի ապրիլը Հոլոքոսթի և բոլոր ցեղասպանությունների հիշատակի ամիսն է աշխարհում: Այդ կապակցությամբ մենք կոչ ենք անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հարգելով բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակը», -ասել է կազմակերպության նախագահ Դանիել Վարուժան Հեջինյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան» asbarez.com-ի վրա հղումով:

Նա նշել է, որ գովազդային վահանակներն արտացոլում են այն պատմական պահը, երբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայ և կաթոլիկ համայնքների անունից աղավնիներ են ազատ արձակել Արարատի ուղղությամբ՝ դրանով իսկ խաղաղության ուղերձ հղելով Թուրքիային:

Peace of Art’s ընկերությունը Հայոց ցեղասպանության մասին վահանակների տեղադրման հովանավորն է 2003-ից ի վեր, իսկ 2015-ին կազմակերպությունն անցկացրեց իր արշավը՝ «100 գովազդային վահանակ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին» ԱՄՆ-ում և Կանադայում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---