2018-ի աշնանն Արցախում բիզնես համաժողով կանցկացվի

2018-ի աշնանն Արցախում բիզնես համաժողով կանցկացվի

PanARMENIAN.Net - Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության և Բիզնես Արմենիայի (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամի) միջև համագործակցության համաձայնագիր է կնքվել: 2018-ի աշնանաը նախատեսվում է Արցախում բիզնես համաժողով անցկացնել:

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը հուլիսի 16-ին ընդունել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և համագործակցության պատրաստակամության համար. «Մենք ուշադրությամբ հետևում ենք Բիզնես Արմենիայի աշխատանքներին թե ′ Հայաստանում և թե′ արտերկրում: Պիտի փաստենք, որ ոգևորված ենք ձեր կողմից կատարվող աշխատանքներով: Գիտեմ, որ անտարբեր չեք նաև Արցախի խնդիրներին, և ուրախ եմ, որ պատրաստակամություն եք հայտնել Արցախին օգնելու և մեր համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար»,-հայտնել է Լևոն Գրիգորյանը:

Արմեն Ավակ Ավակյանն էլ իր հերթին նշել է, որ Արցախի հետ համագործակցությունն արդեն ամուր հիմքեր ունի և արցախյան որոշ ընկերություններ ընդգրկվել են հայաստանյան և միջազգային ցուցահանդեսներում.«Մենք աջակցում ենք արցախյան ընկերություններին մասնակցել արտերկրում կազմակերպվող ցուցահանդեսներին: Այս առումով արդեն հաջողություններ ունենք: Սակայն, ցավոք, Արցախում ներդրումային դաշտով դեռ չենք զբաղվել, բայց պատրաստակամ ենք մեր բոլոր գործիքակազմը ներդնել, աջակցել և ամբողջությամբ մտնել այդ գործընթացի մեջ»,-հայտնել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրենը:

Օրվա երկրորդ կեսին Բիզնես Արմենիայի պատվիրակությունը նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորությամբ բերդաքաղաք Շուշիում էր: Այնտեղ կլոր սեղանի շուրջ քննարկվել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության նոր ծրագրերը, գործարար շրջանակների համագործակցության խնդիրները, ինչպես նաև աշնանը Արցախում նախատեսվող բիզնես համաժողովի կազմակերպման և ծրագրերի մշակման հարցերը, հայտնում է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամլո ծառայությունը:

Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն ավելի վաղ հայտարարել էր, որ 2018-ին հիմնադրամի աջակցությամբ $16,3 մլն-ի արտահանում և $46,8 մլն-ի ներդրումներ պետք է ապահովվեն: Նա ասել էր նաև, որ 2018-ին Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կստեղծվի նաեւ Select Armenia համապարփակ էլ. հարթակը, որը Invest Armenia եւ Made in Armenia բաժիններով կներկայացնի Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու արտահանման ամբողջ ներուժը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---