Նախագահը՝ Մյունխենի համալսարանում. ՀՀ լոկոմոտիվը լինելու են ՏՏ-ն ու նորարարությունները

Նախագահը՝ Մյունխենի համալսարանում. ՀՀ լոկոմոտիվը լինելու են ՏՏ-ն ու նորարարությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի հիմնական լոկոմոտիվը լինելու են նոր տեխնոլոգիաները, նորարարությունները, ստարտափները: Այդ մասին աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է Մյունխենի տեխնիկական համալսարանում՝ հավելելով, որ Հայաստանը հիմնվում է ոչ թե բնական պաշարների, այլ մարդկային ռեսուրսների վրա։

«Ես այստեղ եմ նոր գործընկերություն սկսելու համար և աջակցելու եմ բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են զարգացնելու Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ներուժը»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը` հրավիրելով ներկաներին այցելել Հայաստան:

Նշելով, որ գիտության ոլորտում ունեցած ավանդույթները ոչ միայն պետք է պահպանել, այլև զարգացնել և հասցնել նոր մակարդակի, նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Ես ցանկանում եմ զարգացնել համագործակցությունը հայկական և գերմանական համալսարանների, երկու երկրների գիտնականների միջև»:

Համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման սկզբում համալսարանի նախագահ Վոլֆգանգ Հերմանը նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի նախագահին, ով նաև գիտնական է: Նա ներկայացրել է համալսարանի գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես` բնական գիտությունների ու բժշկության ոլորտներում:

Վոլֆգանգ Հերմանը, բարձր գնահատելով Հայաստանում գիտության զարգացմանն ուղղված նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերը, նշել է, որ պատրաստ են համագործակցության` հատկապես ընդգծելով, որ Մյունխենի տեխնիկական համալսարանն իրականացնում է միջազգային փոխանակման բարձրակարգ ծրագրեր, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Նախագահ Սարգսյանը կարևորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը համաժողովի՝ որպես միջազգային ազդեցիկ հարթակներից մեկի կայացման գործում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---