Արցախում զոհվել է 19 քաղաքացի, վիրավորվել՝ 80

Արցախում զոհվել է 19 քաղաքացի, վիրավորվել՝ 80

PanARMENIAN.Net - Ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետևանքով Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ, որից 1-ը՝ մանկահասակ աղջիկ, 7-ը կին, և 11-ը տղամարդ: Վնասվել է մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։ Տվյալները ներկայացված են սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 4-ն Արցախի ՄԻՊ աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարված աշխատանքի արդյունքում։

Մանկահասակ երեխան, հինգ կինն ու չորս տղամարդը սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր բնակավայրերի հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (1 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ):

Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ մոտ 80 մարդ, որից 60 անձ՝ լուրջ: Նրանցից 48-ը՝ արական, իսկ 12-ը` իգական սեռի քաղաքացի է։ Ստացած մարմնական վնասվածքները հիմնականում տեղակայված են տուժողների ստորին և վերին վերջույթներին ու դեմքին` բեկորային հարվածների արտահայտված տեսքով:

Ստեփանակերտում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել 22 անձ, Հադրութ քաղաքում` 6 անձ, Թաղասեռ համայնքում` 3 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 12 անձ, Սպիտակաշեն համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 2 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 5 անձ, Ն.Հոռաթաղ համայնքում` 2 անձ, Ալաշան բնակավայրում՝ 3 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում` 2 անձ:

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ԶՈւ-ն թիրախավորել է Արցախի ավելի քան 60 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 2100 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 240 մեքենա, մոտ 350 ենթակառուցվածքային ու արտադրական նշանակության օբյեկտ:

Հոկտեմբերի 4-ին և 5-ին ևս Ադրբեջանը ծանր հրթիռներով հարվածել է Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակելի շենքերը: Հոկտեմբերի 4-ին արձանագրվել է նախնականորեն 4 զոհ և 10 վիրավոր, իսկ հոկտեմբերի 5-ի հարվածների հետևանքների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:

Տվյալները վերջնական չեն, փաստահավաք առաքելությունը շարունակվում է։

Պաշտպանը շեշտադրում է նաև, որ նշված զոհերն ու վիրավորումներն արձանագրվել են արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով, իսկ վերջին օրերին Ադրբեջանը սկսել է քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառել նաև ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը կասետային բնույթի է: Ստեփանակերտում ու մի շարք այլ բնակավայրերում ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ու կետային կերպով սկսել են թիրախավորել կենսական նշանակության ենթակառուցվածքները, ինչը լրջագույն պատերազմական հանցագործություն է՝ խորացնելով Արցախում առկա մարդասիրական ճգնաժամը:

Մինչև հոկտեմբերի 4-ը Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի զոհ դարձած քաղաքացիական անձանց տվյալներն են՝

1. Լեսմոնյա Ստեփանյան, 1941թ., քաղաք Հադրութ,

2. Վիկտորիա Գևորգյան, 2011թ., քաղաք Մարտունի,

3. Էլլադա Բալայան, 1961թ., քաղաք Մարտունի,

4. Էրիկ Գրիգորյան, 1996թ., քաղաք Ստեփանակերտ,

5. Լյուբա Մամունց, 1957թ., քաղաք Մարտակերտ,

6. Լարիսա Մամունց, 1959թ., քաղաք Մարտակերտ,

7. Հրանտ Խաչատրյան, 1955թ., քաղաք Մարտակերտ,

8. Գրիշա Նարինյան, 1992թ., քաղաք Մարտունի,

9. Արմեն Հովսեփյան, 1985թ., քաղաք Մարտունի,

10. Վալերիկ Դադայան, 1956թ., քաղաք Մարտունի,

11. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Մարտունի,

12. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, Ալաշան բնակավայր,

13. Ռուզաննա Հովհաննիսյան, ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,

14. Հովիկ Աղաջանյան, ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,

15. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---