ԱԳ նախարար․ Մերձավոր Արևելքը կարևոր տեղ ունի ՀՀ համապարփակ անվտանգային միջավայրում

ԱԳ նախարար․ Մերձավոր Արևելքը կարևոր տեղ ունի ՀՀ համապարփակ անվտանգային միջավայրում

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արա Այվազյանն ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի համապարփակ անվտանգային միջավայրում։

ՀՀ ԱԳ նախարարն ԱՄԷ-ում է աշխատանքային այցով։

Նա հավելել է, որ վերջին իրադարձություններն ի ցույց դրեցին, թե որքանով փոխկապակցված է Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի անվտանգությունը: Նախարարները համակարծիք էին, որ հակամարտությունները չունեն ռազմական լուծում, և ծայրահեղականության ցանկացած դրսևորում սպառնալիք է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը:

Այվազյանը վերահաստատել է Հայաստանի մտադրությունը՝ առավել խորացնելու հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ որպես կապող օղակ ՀՀ և Ծոցի արաբական երկրների միջև բազմաբնույթ գործակցության համար:

Նախարարներ Այվազյանը և Ալ Նահյանը հանգամանալից անդրադարձել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Կարևորվել է քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանումը, այդ թվում՝ խորհրդակցությունների անցկացման միջոցով:

Որպես առևտրատնտեսական գործակցության հեռանկարային ուղղություններ՝ առանձնացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, պարենային անվտանգության, վերականգնվող էներգիայի, զբոսաշրջության ոլորտները: Այս առնչությամբ ընդգծվել է Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը:

Հանդիպման օրակարգում առանցքային տեղ էին զբաղեցնում տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը:

ԱԳ նախարարները կարևորել են ԱՄԷ հայ համայնքի կամրջող դերակատարությունը փոխվստահության վրա խարսխված հայ-էմիրաթական հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում: Այդ համատեքստում նախարար Այվազյանը բարձր է գնահատել Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ, որը ԱՄԷ-ի՝ հանդուրժողականության և մշակութային բազմազանության հանձնառության վկայությունն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---