ԱՄՆ կոնգրեսական․ Խնդիր չէ, եթե ՀՀ-ն ցանկանում է բարեկամ լինել ՌԴ հետ, մենք պարզապես ցանկանում ենք ևս օգնել ՀՀ-ին պաշտպանվել

ԱՄՆ կոնգրեսական․ Խնդիր չէ, եթե ՀՀ-ն ցանկանում է բարեկամ լինել ՌԴ հետ, մենք պարզապես ցանկանում ենք ևս օգնել ՀՀ-ին պաշտպանվել

PanARMENIAN.Net - Վերջերս Հայաստան այցելած կոնգրեսական պատվիրակության անդամ Էնդրյու Լևինն ասել է, որ մտահոգում է Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը։

«Մենք շատ մտահոգված ենք Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցով: Մեզ համար անընդունելի են Հայաստանի տարածքի վրա հարձակումները, ներխուժումը կամ այլ խնդիրներ, որոնք ստեղծում է այստեղ Ադրբեջանը»,- ասել է Լևինը, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Կոնգրեսական Լևինը կարծում է, որ Հայաստանում առկա է մտահոգություն, որ Ռուսասատանը չի պաշտպանել Հայաստանին ադրբեջանական հարձակումից գոյություն ունեցող պայմանագրերի հիման վրա:

«Խնդիր չէ, եթե Հայաստանը ցանկանում է բարեկամ լինել ու հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Մենք պարզապես ասում ենք, որ ցանկանում ենք ևս օգնել Հայաստանին պաշտպանվել»,- ասում է Լևինը:

Խոսելով հայ-ամերիկյան ռազմական հարաբերությունների հնարավոր խորացման մասին՝ կոնգրեսական Լևինը շեշտել է՝ Հայաստանն ինքնիշխան երկիր է և ինքը պետք է որոշի, թե որն է իր առաջընթացի լավագույն ուղին:

«Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունը և հասկանում, թե ինչպիսին է նրա աշխարհագրական դիրքը: Մենք այստեղ ենք և մեկնում ենք մեր բարեկամության ձեռքը՝ պատրաստակամություն հայտնելով օգնելու Հայաստանին»,- նշում է Լևինը:

Նրա պնդմամբ` ինչպես ԱՄՆ Կոնգրեսում, այնպես էլ վարչակազմում առկա է ցանկություն՝ քննարկելու Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացման հարցը:

Կոնգրեսականը կարևորել է ամերիկացի օրենսդիրների, հատկապես խոսնակ Նենսի Փելոսիի այցերը Հայաստան:

«Կարծում եմ՝ դա ի ցույց է դնում, որ ԱՄՆ Կոնգրեսը շատ հետաքրքրված է Հայաստանով, աջակցում է Հայաստանին, ողջունում և խրախուսում է Հայաստանի ժողովրդավարության զարգացումը և սկզբունքները»,- շեշտել է կոնգրեսական Լևինը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը Հայաստան էր այցելել հոկտեմբերի կեսին, հանդիպումներ ունեցել ՀՀ ԱԺ-ում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---