Հռոմի պապ․ Անհանգստացած եմ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով

Հռոմի պապ․ Անհանգստացած եմ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սբ Պետրոսի տաճարի հրապարակում հազարավոր հավաքվածների ներկայությամբ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակով, հայտնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը։

Պապը մասնավորապես նշել է. «Սիրելի քույրեր և եղբայրներ, ես անհանգստացած եմ Հարավային Կովկասում գտնվող Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով:

Մասնավորապես, մտահոգ եմ բնակչության մարդասիրական ծանր պայմանների առնչությամբ, որոնք սպառնում են էլ ավելի վատթարանալ ձմեռային եղանակի պայմաններում: Իմ խնդրանքն է բոլոր ներգրավվածներին պարտավորվել խաղաղ լուծումներ գտնել՝ հանուն ժողովրդի բարօրության»։

Հռոմի Քահանայապետի հնչեցրած այս մտահոգությանն է անդրադարձել Սուրբ Աթոռի պաշտոնաթերթ «Վատիկան Նյուզը» ՝ տպագրելով հոդվածներ Ադրբեջանի կողմից թշնամական գործողությունների արդյունքում հումանիտար ճգնաժամի եզրին գտնվող Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավիճակի մասին, այդ թվում՝ 30 հազար երեխայի, որոնք ներկայումս մեկուսացած են և զրկված սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության պարագաներից։ Անդրադարձ կա նաև միջազգային հանրության արձագանքներին:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---