Ալանդյան կղզիները չափազանց հեռու են Ղարաբաղից

Տարածքային վեճերի կարգավորման «ալանդական մոդելը» Մինսկի խմբի քննարկման առարկա դարձնելու փորձերը ոչ մի իմաստ չունեն:

Վերջին ժամանակներս Ադրբեջանում աճել է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բոլոր տեսակի մասնավոր եւ հասարակական նախաձեռնությունների հանդեպ հետաքրքրությունը: Ինչպես երեւում է, Ադրբեջանի ոչպետական կազմակերպությունների ղեկավարները բառացիորեն են ընդունել միջազգային հաշտարարների հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հակամարտող երկրների մայրաքաղաքներում պետք է գտնվի: Բաքվի հասարակական գործիչները գործի են անցել մշակելու եւ իրենց հանրության քննարկմանը ներկայացնելու ոչ մեկի հետ չհամաձայնեցված կարգավորման մեխանիզմներ: Պետական այրերը, որոնք ի պաշտոնե պետք է զբաղվեն ղարաբաղյան հիմնահարցով, տարակուսանքով են հետեւում նման տարօրինակ գործընթացին, սակայն նախընտրում են չմիջամտել: Մինչդեռ տեղերում նախաձեռնությունն առավել ակտիվանում է:
PanARMENIAN.Net - «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտ» հասարակական կազմակերպության ղեկավար Լեյլա Յունիսովան Հեյդար Ալիեւին Ղարաբաղի հարցով բանակցություններ վարելու մենաշնորհից զրկելու իր ձգտումներում խիստ հաստատակամ է: Նա մշակել է իր «հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման պլանը», որը, նրա խոսքերով, «հաշվի է առնելու նաեւ Հայաստանի շահը» (սրա երաշխիքը երեւի թե այն պետք է լինի, որ «պլանը» ներկայացվել է հայկական ինչ-որ ոչպետական կազմակերպության քննարկմանը): Ղարաբաղյան հիմնահարցի լուծման այլընտրանքային նախագիծ են մշակել նաեւ նախագահի նախկին խորհրդական Էլդար Նամազովը եւ արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլգարովը: Այս երկու գործիչներն էլ այսօր չեն ներկայացնում ո'չ պետական որեւէ մարմին, ո'չ էլ քաղաքական կուսակցություններ: Ի տարբերություն Յունիսովայի նախապատրաստած տարբերակի, «Նամազով-Զուլֆիգարովի խարտիան» հակամարտության ռազմական ճանապարհով լուծման շեշտադրումներ է առաջադրում: Իսկ ահա հայտնի իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ադրբեջանական ազգային խորհրդի նախագահ Արզու Աբդուլաեւան ռազմական ճանապարհը չի որդեգրել: Նա շարունակում է փնտրել այնպիսի տարբերակ, որն ամբողջությամբ կբավարարի ադրբեջանցիներին, միեւնույն ժամանակ այրունահեղության հեռանկար չի ունենա: Նման տարբերակ գտնելու փորձերը նրան հանգեցնում են այսպես կոչված «ալանդական մոդելին»: Վերջերս իր ելույթում Աբդուլովան կոչ է արել վերսկսել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միջեւ տարածքային վեճի լուծման փորձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում օգտագործելու հնարավորության քննարկումը: Խոսքն այն սխեմայի մասին է, որը հնարավորություն տվեց լուծել 8000 մանր կղզիներից բաղկացած արշիպելագի տիրապետման իրավունքի շուրջ ծագած հակամարտությունը:

Հիշեցնենք, որ «ալանդական» տիպի ինքնավարության մոդելը մեկ անգամ չէ, որ մերժվել է ինչպես Ստեփանակերտի, այպես էլ Երեւանի կողմից: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում այս սխեմայի կիրառման փորձի անհեռանկարային լինելու մասին օրերս հայտարարել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Նիկոլայ Գրիբկովը: Նա նշել է, որ չնայած 90-ականների կեսերին շվեդ-ֆիննական հակամարտության լուծման փորձի կիրառման գաղափարը քննարկվել է, սակայն այն հետագա զարգացում չի ստացել: Ներկայումս միջնորդներն առավել լուրջ խնդիրներ ունեն, որպեսզի շեղվեն` քննարկելու ղարաբաղյան հակամարտության երեք կողմերից արդեն իսկ երկուսի կողմից սկզբնապես մերժված տարբերակները: Բայց սա Արզու Աբդուլաեւին չի հուզում: Իր գաղափարի նկատմամբ Հայասատանի եւ ԼՂՀ-ի վերաբերմունքը նրան այնքան էլ չի հետաքրքրում: Ավելի շատ նա ձգտում է համոզել իր հայրենակիցներին «ալանդական մոդելի» օգտակարությունը: Իրավապաշտպանը խիստ զարմացած է, որ Բաքվում հաճախ բացասական են արտահայտվում «ալանդական մոդելի» վերաբերյալ: Նրա կարծիքով այս մոդելը չափազանց ընդունելի է Ադրբեջանի համար, քանի որ առաջարկված սխեմայի հիման վրա կնքված խաղաղության համաձայնագիրը թույլ կտա Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասը դարձնել եւ դրանով իսկ զինաթափել այն:

Հիշեցնենք, որ իրենց ազգային առանձնահատկությունների պահպանմամբ շահագրգիռ Ալանդյան արշիպելագի շվեդախոս բնակիչները լրիվ բավարարվում են ինքնակառավարմամբ, որը նրանց հնարավորություն է տալիս ինքնուրույն վարել գործերը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, մշակույթը, առողջապահությունը, տրանսպորտը, կոմունալ տնտեսությունը: Միեւնույն ժամանակ, նրանք ընդունում են պաշտոնական Հելսինկիի ֆիննական միասնական պետության ներքին քաղաքականություն վարելու, երկրի պաշտպանության հարցերով զբաղվելու, դատական համակարգը վերահսկելու, քրեական գործերի հետաքննություններ վարելու առանձնաշնորհը: Ալանդացիները չեն խորշոմ ֆիննական միասնական տարադրամից եւ դեմ չեն ընդհանուր մաքսային եւ հարկային համակարգին:

Աբդուլաեւի կարծիքով «Ադրբեջանը, հիմք ընդունելով ալանդական մոդելը, Ղարաբաղում կիրառելու համար նրանում որոշ փոփոխություններ մտցնելով, կարող է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան փաստաթուղթ եւ դրանով խթանել խաղաղ կարգավորման գործընթացը: ՀՔԱ ադրբեջանական խորհրդի ղեկավարը հայրենակիցների ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ Ալանդյան կղզիների այսօրվա կարգավիճակը ոչնչով բարձր չէ մինչեւ 1988 թ.-ը Ղարաբաղյան ինքնակառավարվող շրջանի ունեցած կարգավիճակից: Տարբերությունը միայն այն է, որ «այն մոդելը խորհրդային ինքնակառավարում էր, մինչդեռ ալանդականը եվրոպական է»: Աբդուլաեւան հավաստիացնում է, որ եթե Ադրբեջանը համաձայնի հիմնախնդիրը լուծել ալանդական մոդելի հիման վրա, Ղարաբաղի չի ունենա ավելի շատ իրավունքներ, որքան այսօր ունի Նախիջեւանը` Ադրբեջանի սահմանադրության համաձայն: Այս դեպքում, անհասկանալի է, թե ինչի՞ց ելնելով Հայսատանը կքննարկի նման սխեման: Ու՞ր մնաց ապա փոխզիջումը, եթե արդյունքում Ղարաբաղը կստանա այն, ինչ ուներ մինչեւ 88 թ.-ը:
Պատմության տեսանկյունից ալանդացիների եւ ղարաբաղցիների միջեւ որոշ ընդանրություններ իրոք կան: Արշիպելագի կղզիները ֆիննական անկախ պետության կազմում երբեք չեն եղել, ինչպես եւ Ղարաբաղը անկախ Ադրբեջանի մասը երբեք էլ չի կազմել: Սակայն շվեդախոս ալանդացիները չունեին Ֆինլանդիայի կազմից դուրս գալու որոշման խնդրի լուծման սահմանադրական մեխանիզմներ: Իսկ Ղարաբաղը լքեց Ադրբեջանի սահմանը դեռեւս այն ժամանակվա միասնական Խորհրդային Միության բոլոր օրենքների համաձայն եւ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ունի բոլոր իրավական հիմքերն իրեն համարելու միջազգային իրավունքի այնպիսի սուբյեկտ, ինչպիսին Ադրբեջանն է: Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ Ֆիննական միասնական պետության մեջ Ալանյան կղզիների շվեդախոս բնակչությանը ֆիզիկական բնաջնջում չէր սպառնում, որին սակայն ենթարկվեցին հայերը, ինչպես օրինակ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում: Շվեդախոս բնակչությանը պատերազմի մեջ չներքաշեցին: Իսկ ղարաբաղցիները, ենթարկվելով ագրեսիայի, ստիպված եղան միջոցներ ձեռնարկել իրենց անվտանգության պահպանման համար: Ազգային-ազատագրական պատերազմում նրանց փաստացի հաղթանակը չի կարող հաշվի չառնվել բանակցությունների ընթացքում: Ինչպե՞ս կարելի է համեմատել քաղաքակիրթ Ֆինլանդիան տոտալիտար Ադրբեջանի հետ, որտեղ, դատելով քաղբանտարկյալների հսկայական քանակից, պաշտպանված չեն նույնիսկ սեփական ազգի ներկայացուցիչների քաղաքացիական իրավունքները: Ֆինլանդիայում այսօր խաղաղ ապրում են միլիոնավոր շվեդախոս քաղաքացիներ, որոնք ունեն անհրաժեշտ բոլոր պայմանները իրենց անկախ երկրի բնակիչներ զգալու համար: Այ եթե Ադրբեջանում էլ հայերենը երկրորդ պետական լեզու լիներ, ինչպես Ֆինլանդիայում երկրորդ պետական լեզուն շվեդերենն է, եթե Բաքվում էլ հայերը բարգավաճեին, ինչպես շվեդացիները` Հելսինկիում կամ Տամպերայում, ապա այդ դեպքում գուցե արժեր լրջորեն քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ալանդական մոդելի կիրառման հնարավուրությունը: Առայժմ մենք գործ ունենք ակնհայտ այն փաստի հետ, որ կռվի դաշտում անկախ ապրելու իր իրավունքը պաշտպանած Ղարաբաղի բնակչոթյունը ինքնուրույն կորոշի հարեւան Ադրբեջանի եւ Հայաստանի հետ հարաբերության ձեւերը: Եթե պաշտոնական Ստեփանակերտը համաձայն է քննարկել միջազգային միջնորդների առաջարկած այսպես կոչված «ընդհանուր պետության» սկզբունքները, սա դեռեւս չի նշանակում, որ նա պատրաստ է լսելու Ադրբեջանին ենթարվելու մասին առաջարկները:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---