ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍԵԼ ՆՈՐՈՎԻ

Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի պաշտոնանկությունը կարող է ազդել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վրա:

Նախագահ Իլհամ Ալիեւն ուրբաթ օրը ստորագրեց Վիլայաթ Գուլիեւին արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի պաշտոնից ազատելու մասին հրամանը: Նոր նախարար է նշանակվել Իտալիայում Ադրբեջանի դեսպան Էլմար Մեղերրամ օղլի Մամեդյարովը: Ադրբեջանական մամուլը կարծիք է հայտնում, որ այդ անսպասելի նշանակումը կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացի վրա:
PanARMENIAN.Net - Էլմար Մամեդյարովը 42 տարեկան է: Նրան հովանավորում է նախիջեւյան կլանը: Ծննդով Նախիջեւանի Օրդուբադի շրջանի Յաջի գյուղից է: Նախարարի հայրը ակադեմիկոս է, կենսաբանական ինստիտուտի տնօրենը: Մամաեդյարովն ավարտել է Կիեւի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, որտեղ, ի դեպ, սովորել է նաեւ Միխայիլ Սաակաշվիլին: Արտաքին գործերի նախարարությունում աշխատում է 1992թ.-ից: Բավականին մտերիմ է Իլհամ Ալիեւի հետ դեռեւս 90-ականների սկբներից: Նշենք, որ Իտալիայում դեսպան է նշանակվել դեռեւս այն ժամանակ, երբ երկիրը փաստացիորեն ղեկավարում էր Իլհամ Ալիեւը: Այդ պաշտոնում նա աշխատեց կես տարուց մի փոքր ավել: Իսկ նախկինում նրան որեւէ այլ պատասխանատու պաշտոններ վստահված չէր: Արտաքին գործերի նախարարությունում եւ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատանն աշխատելու տարիներին նա ոչնչով աչքի չի ընկել: Այս պատճառով էլ նրա նշանակումը խիստ անսպասելի էր:

Նշանակումն անսպասելի էր նաեւ այն պատճառով, որ Մամեդյարովը տեղեկացված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Ի դեպ, Բաքվում շատերին է անհանգստացնում այս փաստը: Բաքվի իշխանամետ մամուլը պնդում է, որ նա մի քանի վերլուծական հոդվածներ է գրել ղարաբաղյան կարգավորման մասին եւ այդ թեմայով դասախոսություններ է կարդացել: Սակայն, հազիվ թե դա կարելի է բավարար համարել նրա նախորդի վերսկսած բանակցային գործընթացի շարունակման համար: Մամեդյարովը երբեք չի աշխատել ոչ միայն Մինսկի խմբի համանախագահների, այլեւ` ադրբեջանական դիվանագետների հետ: Այսպիսով, Մամեդյարովի նշանակումը կարող է ապացույցը լինել այն բանի, որ Ալիեւն իսկապես ուզում է բանակցությունները սկսել մաքուր էջից: Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին օրերս հայտարարել է, որ Մամեդյարովը կդառնա քաղաքական կշիռ չունեցող հնազանդ չինովնիկ, իսկ իրականում արտաքին քաղաքակնությունը կվարի անձամբ Իլհամ Ալիեւը: Կարծես, թե Քերամլին արդարացի է:

Նշենք նաեւ այն փաստը, որ նախարարի փոփոխումը տեղի ունեցավ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթաջի` տարածաշրջան այցից անմիջապես հետո: Բաքվի մեկնաբանները ենթադրում են, որ ԱՄՆ-ում դեսպանատան խորհրդականի պաշտոնավարման ժամանակ Մամեդյարովը կապեր է ունեցել Արմիթաջի հետ եւ նրա վրա ամերկամետի տպավորություն է թողել: Այս փաստը ադրբեջանական մի քանի զլմ-ների առիթ է տալիս ենթադրելու, որ նոր նախարարը Արմիթաջի հովանավորյալն է:

Ինչո՞ւ, այնուահանդերձ, Իլհամ Ալիեւը հեռացրեց Վիլայաթ Գուլիեւին: Պետք է նկատի ունենալ, որ Գուլիեւը նշանակվել էր 2000թ.-ին, երբ նկատվում էր Ղարաբաղի հարցով համաձայնությունը: Այդ ժամանակ Ալիեւ-ավագին անհրաժեշտ էր արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի պաշտոնին ունենալ փորձառու մի քաղաքական գործչի, որն իվիճակի կլիներ հասարակությանը պատրաստել Փարիզյան սկզբունքների վրա հիմնված համաձայնագրի ստորագրմանը: Այդ դերի համար համալսարանի պրոֆեսոր Գուլիեւը լիովին համապատասխան անձ էր: Չնայած նա բավականաչափ եփված չէր դիվանագիտության մեջ, այնուհանդերձ, նրա քաղաքական հարուստ փորձը կարող էր չափազանց օգտակար լինել: Այժմ Բաքուն առավել կոշտ քաղաքականություն է վարում, եւ Իլհամի կարծիքով Գուլիեւը համապատասխան անձը չէ: Ինչպես նաեւ ծանր քաշային քաղաքական գործիչը սկսնակ նախագահի թիմում կարող է վտանգավոր լինել:

Գուլիեւի ազատումը եւ նրա պաշտոնին Մամեդյարովի նշանակումը որոշ իմաստով պայմանավորված է նաեւ իշխանային երկու կլանների պայքարով: Արդեն ավելի քան քսան տարի Բաքվում շարունակվում է հակամարտությունը նախիջեւյան խմբավորման չինովնիկների եւ Հայաստանից, Ղարաբաղից եկած չինովնիկների կլանի միջեւ: Մամեդյարովը ներկայացնում է նախիջեւանցիների ճամբարը, այն դեպքում, երբ Գուլիեւի արմատները Շուշիից են: «Արազների» կլանը (Բաքվում այսպես են անվանում հայկական ադրբեջանցիներին) վերջին շրջանում մեկը մյուսի ետեւից պարտություններ է կում:
Մեկնաբանների կարծիքով, Գուլիեւի պաշտոնազրկումից հետո վտանգի տակ է դրվել նաեւ Հայաստանից սերված այլ պաշտոնյաների կարիերան` նախագահի պետխորհրդական Իդայաթ Օրուդջեւը, առողջապահության նախարար Ալի Ինսանովը եւ լուսավորության նախարար Միսիր Մարդանովը: Միեւնույն ժամանակ վերջին շրջանում նկատելիորեն ամրապնդվել են նախիջեւանյան կլանի առաջնորդ, նախագահական ադմինիստրացիայի ղեկավար Ռամիզ Մեխտիեւի դիրքերը, որն Իլհամ Ալիեւի թիմում դարձել է «գորշ կարդինալ»:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---