ՎՐԱՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Պաշտոնական Թբիլիսին փորձում է իրեն ազատել բոլշեւիկների եւ քեմալիստների պարտադրած պարտականություններից:

Աջարիայում հաստատվեց խաղաղություն: Հակամարտությունը կարգավորվեց առանց արյունահեղության: Ճգնաժամը հնարավոր եղավ հաղթահարել առաջին հերթին Մոսկվայի ջանքերով, որը չիրականացրեց այնպիսի գործողություններ, որոնք կարող էին Ասլան Աբաշիձեի կողմնակիցներին մղել հակամարտության: Այսպիսով, ակնհայտ է, որ կենտրոնի եւ ինքնավարության միջեւ առկա հակամարտությանը վերջ դրվեց ոչ թե Վրաստանի եւ Աջարիայի ղեկավարների, այլ` արտաքին ուժերի օգնությամբ: Վրաստանի կախվածությունը հարեւան պետություններից` Ռուսաստանից եւ Թուրքիայից բավականաչափ մեծ է, որպեսզի պաշտոնական Թբիլիսին կարողանա անտեսել նրանց կարծիքը: Պատճառը, որը Վրաստանի ղեկավարությանը մշտապես ստիպում է նայել հյուսիս եւ հարավ, թաքնված է Մոսկովյան եւ Կարսի պայմանագրերում: Բոլշեւիկների եւ քեմալիստների հանցագործ համաձայնությամբ կնքված այդ փաստաթղթերը սահմանափակեցին Թբիլիսիի իրավունքները Աջարիայի տարածքի հանդեպ եւ Մոսկվային ու Անկարային մեխանիզմներ տվեցին ազատորեն միջամտելու Վրաստանի ներքին գործերին:
PanARMENIAN.Net - Հայերի եւ վրացիների մեջքի ետեւում Լենինի ու Աթաթուրքի միջեւ կնքված տխրահռչակ Մոսկովյան պայմանագրի դրույթները 1921թ.-ի մարտին կրկնօրինակվցեին Կարսի հայտնի պայմանագրում, որը ստորագրվեց Թուրքիայի եւ Անդրկովկասի խորհրդային երեք հանրապետությունների կողմից: Պայմանագրերը ոչ միան ամրապնդեցին Արեւմտյան Հայաստանի զգալի տարածքների անօրինական բռնի միացումը Թուրքիային եւ կանխորոշեցին հայկական Նախիջեւանի անցումը Ադրբեջանի կազմ, այլեւ վրացական պետականության տակ դանդաղագործ ական դրեցին, քանի որ հանգեցրին Վրացական ԽՍՀ-ի կազմում արհեստական պետական միավորման` Աջարական ինքնավարության ստեղծմանը: Այսօր Մոսկվայի եւ Անկարայի որոշակի ուժեր փորձում են այս պայմանագրերն օգտագործել Վրաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով: Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը վերջերս ուղղակիորեն հայտարարեց, որ Կարսի պայմանագրի վրա հիմնվելով` Աջարիայում իրադրության լարվածության դեպքում Անկարան իր զորքերը կարող է մտցնել Բաթումի: Իսկ Մոսկվայում որոշ քաղաքական գործիչներ, նույնպես հղում կատարելով Կարսի պայամանագրին, Ասլան Աբաշիձեին կոչ էին անում օգտագործել Թբիլիսիի կողմից իրականացրած սահմանափակման փորձերը որպես Աջարիայի անկախության հայտարարման առիթ:

Նման սպեկուլյացիայի հիմք է ստեղծել Վրաստանի խորհրդարանը` 1993 թ.-ին ընդունելով Կարսի պայմանագրի երկարաձգման եւ ռատիֆիկացման մասին որոշումը: Այժմ Թբիլիսիում գիտակցում են, որ եթե հնարավոր եղավ պաշտոնանկ անել Աբաշիձեին եւ երկիրն ազատել արտաքին ազդեցության վտանգից, ապա սա դեռեւս չի նշանակում, թե 10 կամ 20 տարի հետո չի հայտնվի մի նոր Աբաշիձե նոր հավակնություններով: Ամեն դեպքում, ելք կա: Երկրի ղեկավարությունը լրջորեն մտածում է չեղյալ համարել Վրաստանի խորհրդային հանրապետության զինվորական եւ արտաքին գործերի հարցերով ժողկոմիսարներ Շալվա Էլիեւի եւ Ալեքսանդր Սվանիձեի ստորագրած պայմանագրերը: Այս հարցը դարձել է Վրաստանի խորհրդարանի արտաքին գործերի հարցերով հանձնախմբի քննարկման առարկան: Լսումներին հրավիրվել էին պատմաբաններ եւ ԱԳՆ-ի ներկայացուցիչներ: Հանձնախմբի նախագահ Կոտէ Գաբաշվիլին հավաստում է, որ եթե չհաջողվի պայամանգիրը լիովին չեղյալ համարել, ապա օրենսդիրները գոնե կհասնեն պայմանագրերի իրավական կողմերի վերանայմանը: Խոսքն առաջին հերթին փաստաթղթի այն դրույթի մասին է, որը Մոսկվային եւ Անկարային Աջարիայի ինքնավարության երաշխավորն է դարձնում:

Նշենք, որ թուրքերը եւ ռուսները նման կարգավիճակ ունեն նաեւ Նախիջեւանի դեպքում, որն Ադրբեջանն իրավունք չունի զիջել երրորդ կողմին` համաձայն Մոսկովյան եւ Կարսի պայմանգրերի: Եթե վրացիները կարող են իրենց թույլ տալ պայմանագրերի չեղյալ համարման քննարկումը, ապա, ենթադրվում է, որ այդ իրավունքն ունի նաեւ Հայաստանը, որը Լենինի եւ Աթաթուրքի գաղտնի համաձայնությունից ավելի շատ է տուժել, քան հարեւան երկիրը: Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի Գրողների միությունը առաջարկել էր ԱԺ-ում քննարկել Կարսի պայմանագիրն անօրինական ճանաչելու հարցը: Միության ղեկավարությունը կարծում է, որ ժամանակն է, որ հայ խորհրդարանականները բոլշեւիկների հանցագործ սխալն ուղղելու կոչով դիմեն Ռուսաստանի Պետդումային: Առայժմ հայ օրենսդիրներն ուշադրությամբ հետեւում են իրենց վրացի գործընկերներին: Նախադեպը կարող է բավականաչափ հետաքրքիր հեռանկարներ ընձեռել:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---